Ինչպե՞ս հրաժարվել իշխանություններին սիրելու սովորույթից. ցուցումների թերթիկ | Region

Ինչպե՞ս հրաժարվել իշխանություններին սիրելու սովորույթից. ցուցումների թերթիկ

Նոյեմբեր 11,2018 14:04

Ի՞նչ գիտենք ժողովրդավար հանրապետության իշխանության էության մասին: Նման տիպի երկրում իշխանությունն իրականացնում են ներկայացուցչական մարմինները, որոնք ձևավորվում են որոշակի ժամկետով՝ ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների միջոցով: Ընդ որում, ժամանակակից պետությունում իշխանությունները, ի տարբերություն, օրինակ, Սողոնի դարաշրջանի հունական Աթենքի, իրենց գործունեության համար վճարվում են: Աշխատավարձն էլ ձևավորվում է այն նույն հարկերից, որոնք տվյալ պետության քաղաքացիներն ամեն ամիս կտրում են իրենց՝ քրտինքով ու արյունով վաստակած գումարից: Այսպիսով, իշխանությունները, փաստացի, կատարում են հանրային շահի ծառայելու գործառույթը: Իսկ ինքնիշխանության կրողը մնում է ժողովուրդը, որն ընտրությունների ժամանակ կարող է գնահատական տալ գործող իշխանություններին և կա՛մ երկարաձգել նրանց լիազորությունները, կա՛մ համարելով, որ վերջինները չեն կարողացել իրականացնել ստանձնած պարտականությունները, ստիպել իրենց տեղը զիջել հաջորդներին: Այսպիսին են գործերը վերացական պետությունում:

Հայաստանում էլ, ելնելով շարքային քաղաքացիների բավականին ծանրակշիռ խմբի դատողություններից, իրավիճակը մի փոքր այլ է: Ըստ տարբեր տեսակետների (կախված է նրանից, թե քաղաքական որ շրջանն ենք դիտարկում)՝ իշխանությունը Հայաստանում իրականացվում է կամ արյունռուշտ «նվաճողների» (ինչպես նրանց անվանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «թաթար-մոնղոլների») կողմից, կամ հանդիսանում Աստծո կամքի դրսևորում, երբ իշխանության ղեկին կանգնածները դիտարկվում են որպես մեսիա և հանդիսանում երկրում Աստծո դրածոներ:

Արդյունքում, առաջին դեպքում քաղաքացիները, նրանք են ընտրողները, առանց որևէ ծպտուն հանելու գնում են ընտրությունների և քվեարկում հօգուտ ճնշողների՝ հոգու խորքում հուսալով, որ գուցե այս անգամ «մոնղոլ-թաթարների» ագահության ծարավը մի փոքր կհանդարտվի, և կյանքն ավելի թեթև, «ուրախ ու զվարթ» կդառնա: Եվ որ մի օր Աստծո օրհնանքը կիջնի այս երկրի վրա, և կհայտնվի մեսիա, որը կազատի ճնշումներին հազիվ դիմացող ազգին:

Մտածելակերպի երկրորդ տարբերակի պարագայում իշխանությունը ոմանց կողմից ընկալվում է որպես Աստծո նախախնամություն, ինչն ինքնին իշխանության բոլոր քայլերը դարձնում է լեգիտիմ, իսկ այդ քայլերի անգամ չնչին քննադատությունը (այս պարագայում խոսքը կառուցողական քննադատության մասին է) դիտարկվում է որպես Աստծո դեմ քայլ և գրեթե հանդիսանում է քաղաքացիությունից զրկելու և օստրակիզմի (Հին Աթենքում՝ ժողովրդավարությանը սպառնացող անձանց վտարումը քաղաք—պետությունից) ենթարկելու հիմք:

Գրոտեսկային ձևով վերոնկարագրած վիճակը, անշուշտ, երկրում կայունության և պետության ու պետական ժողովրդավարական ու տնտեսական ինստիտուտների զարգացման հիմք հանդիսացող (և այսեղ մենք անիվ չենք ստեղծի ու կասենք, որ այդ աքսիոմայի հեղինակը դեռ Արիստոտելն է) քաղաքացիական հասարակության բացակայության արդյունք է:

Նման իրավիճակում քաղաքացիների մոտ, մանավանդ քաղաքական կամքի բացակայության պարագայում (երբ իշխանության ղեկին գտնվող անձանց, ելնելով իրենց սեփական տնտեսական և քաղաքական շահերից, ձեռնտու չէ հասարակության մեջ զարգացնել քաղաքացիական պարտքի, պատասխանատվության, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման, սեփական շահերը, իրավունքները և ազատությունները պաշտպանելու զգացումը), թերզարգացած է պատկերացումն այն մասին, որ ընտրական իրավունքն ու ընտրական գործընթացը հանդիսանում է ոչ կոմպետենտ, սեփական երկրի հասարակությունը նվաստացնող իշխանությունների փոփոխման գործիք:

Արդյունքում, հասարակության մեջ ծնվում ու սկսում է գերակշռել այն կարծրատիպը, որ ընտրություններն ի վիճակի չեն հանդիսանալ իշխանությունների փոփոխման գործիք: Հետևաբար, անհրաժեշտ է կա՛մ զբաղեցնել աբսենտեիստական դիրքորոշում և որևէ կերպ չմասնակցել քաղաքական գործընթացների, կա՛մ, եթե մեկ է՝ ոչինչ հնարավոր չէ փոխել, օգտվել իրավիճակից և ֆինանսական օգուտ քաղել սեփական ընտրական ձայնը վաճառելուց՝ պասիվորեն ակնկալելով, որ մի հիանալի օր ինչ-որ մի բան կփոխվի, և կհայտնվի մեկը, ով իր վրա պատասխանատվություն կվերցնի ու կտապալի բռնապետին՝ մարդկանց կյանքը դեպի լավը փոխելով: Եվ այս համատեքստում Հայաստանում իշխող հետընտրական էյֆորիան բավականին բացատրելի է: Ինչպես և բացատրելի է վերոնկարագրած քաղաքական աշխարհայացքը, որը հանդիսանում է երկար ժամանակ պետականության, ինքնիշխանության, իսկ հետագայում՝ արդեն նորանկախ Հայաստանի պարագայում, քաղաքական կամքի բացակայության արդյունք:

Մինչդեռ միջին դասի վրա հենված և իր ու պետության շահերը հստակ պատկերացնող քաղաքացիական հասարակության պարագայում նման տրագիկոմիկ, պետությունն ապակայունացնող և դրանից բխող բոլոր բացասական քաղաքական ցնցումներով լի իրավիճակը դժվար թե ստեղծվեր, քանի որ հենց միջին դասն է հանդիսանում այն կապող օղակը, որը հավասարակշռում է աղքատների ու հարուստների միջև կոնֆլիկտը՝ թույլ չտալով իշխանությանը չարաշահել իր դիրքն ու զսպելով իշխանությունների գործողություններից առաջացած դժգոհությունը:

Սակայն ինչպե՞ս եղավ, որ դեպի ժողովրդավարացում ճանապարհ բռնած Հայաստանում համարյա 30 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակությունն այդպես էլ չի ձևավորվել (և այստեղ խոսքը գնում է ոչ թե իրավիճակային կերպով որոշ սոցիալ-քաղաքական և տնտեսական խնդիրների արձագանքող առանձին հասարակական խմբերի մաին, որոնք հաճախ հիշում են միայն սեփական իրավունքների մասին՝ մոռացության մատնելով պարտականությունները, այլ ինստիտուցիոնալապես զարգացած համակարգի մասին): Պատասխանը, մեր կարծիքով, ընկած է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հարթության մեջ, քանի որ քաղաքացիական հասարակության ստեղծման և զարգացման հիմքն է (և դա նույնպես աքսիոմա է) միջին խավը, որը, ընդհանուր առմամբ, գտնվում է տնտեսական հարմարավետության գոտում և, հետևաբար, բոլորից շատ է հետաքրքրված կայուն իրավիճակի պահպանման մեջ:

Խնդիրը նրանում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում եկած իշխանություններին այդպես էլ չհաջողվեց մշակել արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտային հիմքեր դնել միջին դասի ձևավորման համար, ինչը, մասնավորապես, պայմանավորված է անգրագետ կերպով իրականացված սեփականաշնորհման գործընթացով, որի հիմքում ընկած էր վաուչերների կիրառման մեխանիզմը: Արդյունքում, սեփականաշնորհման ծրագրի մշակման ընթացքում թույլ տված բազմաթիվ բացթողումների պատճառով վաուչերը շատերի համար դարձավ ընդամենն անպետք թուղթ, որից մարդիկ փորձեցին շտապ կերպով ազատվել՝ վաճառելով դրանք չնչին գումարի դիմաց: Եվ, ինչպես և շատ նմանատիպ դեպքերում, գտնվեցին նախաձեռնող մարդիկ, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, սկսեցին մասսայաբար գնել այդ վաուչերները՝ իրենց ձեռքերում կենտրոնացնելով երկրի ՀՆԱ-ի հիմնական մասը: Այս կերպ հիմք է դրվել հասարակության սոցիալ-տնտեսական բևեռացմանը, որը հետագայում խորացել է ՀՀ իշխանությունների անհեռատես հարկային քաղաքականության պատճառով:

Այսպես, եթե 2000-2007թթ. կտրվածքով հարկային դրույքաչափը մանր բիզնեսի համար (տարեկան մինչև 50 մլն դրամ շրջանառությամբ) կազմում էր 3-5%, ապա միջին և խոշոր բիզնեսը գտնվում էր նույն հարկային դաշտում, ինչը, բնականաբար, միջին բիզնեսին հնարավորություն չէր տալիս զարգանալ: Իրավիճակը սրվեց 2008թ.-ից հետո, երբ հայտարարվել էր պարզեցված հարկային համակարգի վերացման (ինչը «ծնկի է բերել» մանր բիզնեսը) և անընդհատ աճող ծախսային հատվածով «մեծ բյուջեի» քաղաքականությանն անցման մասին: Արդյունքում՝ անդադար ավելացվող հարկային բեռի պատճառով (ինչը պայմանավորված էր բյուջեի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ և, բնականաբար, հիմնականում հարվածեց իշխանական հովանավորչությունը չունեցող մանր և միջին բիզնեսին) մանր և միջին բիզնեսը սկսեց աստիճանաբար «վախճանվել»:

Իրավիճակը բարդացրեց նաև 2009թ.-ի մարտին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամը, երբ դրամի ֆիքսված փոխարժեքից անցում կատարվեց դեպի լողացողը, ինչի արդյունքում դրամը կտրուկ արժեզրկվեց:

Վերոնշյալ գործընթացները և երևույթները հանգեցրին հասարակության սոցիալ-տնտեսական ծայրահեղ բևեռացմանը, երբ երկրում պայմանականորեն կարելի է առանձնացնել հարուստների և աղքատների խավը՝ փաստելով պետության և հասարակության կայունության երաշխավոր, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ծագման և զարգացման հիմք հանդիսացող միջին դասի բացակայությունը կամ սաղմնային վիճակը: Նման պատկերը, ցավոք, պահպանվում է մինչ այսօր:

«Քաղաքացիական հասարակության» առաքելության մասին

Վերոնկարագրած իրավիճակի խնդիրը նրանում է, որ այսքան մեծ սոցիալ-տնտեսական բևեռացում ունեցող հասարակության մեջ, որում բացակայում է նաև կայունության երաշխիք հանդիսացող միջին դասը, քաղաքական գործընթացները զարգանում են ոչ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ ուղիով: Եվ իշխանափոխությունը վերոնշյալ գործընթացների և երևույթների տրամաբանական արդյունքն է: Նախկին իշխանությունների սխալը նրանում է, որ նրանք առաջնորդվում էին «մտրակի և բլիթի» սկզբունքով՝ ճնշելով ժողովրդին և երբեմն ընտրական կաշառքների տեսքով մարդկանց փշուրներ գցելով, և այդպես էլ չեն հասկացել մի կարևոր ճշմարտություն. եթե քաղաքական կայունություն ես ցանկանում, ապա թույլ տուր, որ հասարակությունը լինի կուշտ ու զարգացող, քանի որ սոված մասսան (որն առաջին հայացքից հեշտ կառավարվող է, և անհրաժեշտ է ընդամենը որոշակի աննշան զիջման գնալ, վերահսկվող լրատվամիջոցների և քարոզչական տեխնոլոգիաների միջոցով արհեստականորեն մեծացնելով և հսկայական չափերի դարձնելով այդ քայլը) վաղ թե ուշ կհոգնի:

Կհոգնի այն բանից, որ ընտանիքը չի կարող միասին լինել, քանի որ հայրը ստիպված է մեկնել արտասահման՝ օրվա հացի գումարը վաստակելու նպատակով: Կհոգնի այն բանից, որ բիզնեսի մեջ, որի վրա ծախսվել են վերջին ուժերն ու գումարները, փայ է ցանկանում մտնել մատը մատին այդ բիզնեսի զարգացման համար չկպցրած անձը, որը հանդիսանում է իշխանության այս կամ այն ներկայացուցչի հարազատը: Կհոգնի այն բանից, որ անգամ խաղաղ ցույցերն ավարտվում են բռնի ուժի կիրառմամբ, մասսայական ձերբակալություններով, իսկ ոստիկանությունը հասարակական կարգը պահպանող միջոցից վերածվել է իշխանավորների անձնական «մարդ ծեծողների»: Կհոգնի վախենալ ջրցան մեքենայի, հակառակ օգտագործման կանոնների՝ ժողովրդի մեջ նետվող լուսաձայնային նռնակների տեսքով պետության մտրակից և անգամ դեմքին ուղղված հրազենից: Կհոգնի վախենալ և կխժռի իրեն նվաստացնողին:

Եվ նորընտիր իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է հստակորեն գիտակցեն դա: Քանի որ հետհեղափոխական էյֆորիան, իրական սոցիալ-տնտեսական բարեփոխումների բացակայության պայմաններում, վաղ թե ուշ իր տեղը կզիջի ավելի մեծ հիասթափության, քան երբևէ ապրել է Հայաստանի ժողովուրդը մինչև 2018թ. ապրիլ ամիսը: Եվ հիասթափության զգացումով առաջնորդվող և կարիքից դրդված ժողովուրդը նորից դուրս կգա փողոց:

Սակայն եթե նախկինում հասարակությունը զինված էր միայն որևէ բան փոխելու ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ, ապա այսօր, շնորհիվ նույն Նիկոլ Փաշինյանի, նա գիտի ԻՆՉՊԵՍ և ինչ մեխանիզմների շնորհիվ կարելի է հասնել փոփոխությունների (և Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ ցուցարարներն ակտիվորեն օգտագործում են ճանապարհներ փակելու մեխանիզմը, ևս մեկ անգամ ապացուցում են այդ հաստատումը):

Կիսաքայլերի ժամանակն անցել է: Այժմ իրական բարեփոխումների (այդ թվում հարկային օրենսգրքի բարեփոխումների, սոցիալական քաղաքականության ոլորտում բարեփոխումների և այլն) ժամանակն է:

Հակառակ դեպքում, «ֆեյքերի» բանակը, որն ակտիվորեն գործում է վիրտուալ տիրույթում, չի կարողանալու պաշտպանել իր կուռքին իշխանական գահից վայր գցելուց իրական կյանքում:

Այնուամենայնիվ…

Հաշվի առնելով նախորդների սխալները՝ գործող իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է սկսեն հասարակության մեջ ակտիվորեն ձևավորել այն հմտությունը, որը հնարավորություն կտա մարդկանց ազատվել իշխանությունը «սիրում եմ-չեմ սիրում» կատեգորիաների տեսանկյունից ընկալելուց, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է, և անցում կատարել դեպի ռացիոնալ ընտրության մոդելը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պատշաճ կերպով հաշվի առնել հասարակության պահանջները, այլ նաև կանխատեսել քաղաքական իրադարձությունների հնարավոր անցանկալի տարբերակները:

Այդ իսկ պատճառով գործող իշխանություններին մոտակա ժամանակներում անհրաժեշտ է սկսել ուժեղ միջին խավով ռեալ քաղաքացիական հասարակության ձևավորումը, որը ոչ միայն կգիտակցի իր իրավունքները, այլ նաև երկրի հանդեպ պարտավորությունները:

Նինա Մարգարյան

Նորություններ