Սրբուհի Գալյան․«Տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը։ Հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին»
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, պատասխանում է՝ բոլոր քրեական գործերը հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն
Սրբուհի Գալյանի համար սպասելի չէր, որ իրեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառաջադրի արադարադատության նախարարի պաշտոնին։ Այս մասին ինքը՝ Սրբուհի Գալյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշեց, որ այդ ժամանակ ինքը զբաղեցնում էր այլ պաշտոն․«Բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը»։
Լրագրողի դիտարկմանը՝ ՔՊ-ի մեղքերն ու պատասխանատվությունը հիմա նաև ձեր վրա է լինելու, քանի որ դա քաղաքական պաշտոն է, նախարարն այսպես պատասխանեց․«Ես նախկինում այդ բեռն արդեն ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը և այդ պատասխանատվության գիտակցումը պայմանավորել է իմ համաձայնությունը»։
Նա հայտարարեց, որ ամբողջովին կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության առումով․«Հանձն եմ առել պատասխանատվություն՝ իրականացնել իրավական ապահովումն ողջ գործընթացում»։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ ստորագրահավաք կսկսեն և կստիպեն հրաժարական տալ, Գալյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ գործադիրում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալը, կարծում եմ՝ տեղին չէ»:
Ինչպես է կարողանալու ՀՀ-ում արդարությունը վերականգնել, քանի որ շատ քաղաքացիների կարծիքով՝ մեր երկրում ընտրովի արդարադատություն է, այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց․«Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է։ Երկրորդը՝ նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Այս երկու կոմպոնենտի պահպանմամբ՝ կփորձենք վեր հանել խնդիրները՝ հասկանալու, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց սահուն քայելով լուծել այդ բոլոր խնդիրները»:
Հարցին՝ մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, նախարարը բացասական պատասխան տվեց։
Հստակեցնող հարցին՝ չկան, որովհետև նրանք արդեն ազատ են արձակվել, օրինակ՝ Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, նախարարը պատասխանեց․«Ես կարծում եմ՝ հարուցված բոլոր քրեական գործերը հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»։
Հարցին՝ կիսո՞ւմ եք Փաշինյանի քաղաքականությունը, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում և ՀՀ-ն պետք է ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Գալյանը պատասխանեց․«Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին։ Դրա մասին վարչապետը պարզ մեկաբանություններ է տվել։ Այդ գաղափարներն ամբողջությամբ կիսում եմ։ Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել։ Մեզանից որևէ մեկը 5, 6, 7 տարի առաջ գուցե չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու էինք այսօր։ Այսօրվա պայմաններում այսօր ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ ապահովելու մեր երկրում խաղաղ միջավայր»։