ՔՊ-ի հրավիրած Գյումրիի ավագանու նիստը չկայացավ, քվորում չկար | Region

ՔՊ-ի հրավիրած Գյումրիի ավագանու նիստը չկայացավ, քվորում չկար

Նոյեմբեր 08,2024 11:43

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ժամը 11:00-ին արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն ներկա էին միայն ՔՊ-ի անդամները, ընդ որում, ՔՊ-ն հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու այսօր չեն առաջադրելու

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն (11 մանդատով) այսօր ժամը 11:00-ին արտահերթ նիստ էր հրավիրել։ Նիստին սակայն ներկա էին ավագանու 9 անդամներ, քվորում չկար։ Հայտարարվեց, որ 30 րոպե պետք է սպասել։ 30 րոպե հետո ՔՊ-ի մյուս անդամները ներկայացան նիստին, ներկա էին ավագանու 11 անդամներ, ինչը բավարար չէ քվորում ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու մյուս՝ «Զարթոնք», ՀՀԿ, «Ապրելու երկիր» խմբակցությունները հայտարարել էին, որ այս նիստին չեն մասնակցելու,  նշելով՝ ՔՊ-ի այս նախաձեռնությունը ոչ իրավաչափ է։

Հիշեցնենք նաև, որ Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքի բոլոր անդամները հոկտեմբերի 28-ին վայր դրեցին մանդատները։

Գյումրին այս պահին, ըստ էության, «կառավարիչ» չունի։

Ենթադրվում էր, որ այս նիստում ՔՊ-ն առաջադրելու է Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Կարնե Սարուխանյանին, սակայն Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր առավոտյան հայտարարել է․«․․․ այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ»։

 

 

Նորություններ