Փաշինյանի ОБХСС-ն․«Եթե նա նորից ընտրվի, ոչ թե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման ավտորիտար իշխանություն է լինելու, այլ՝ բացարձակ դիկտատուրա» | Region

Փաշինյանի ОБХСС-ն․«Եթե նա նորից ընտրվի, ոչ թե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման ավտորիտար իշխանություն է լինելու, այլ՝ բացարձակ դիկտատուրա»

Նոյեմբեր 18,2024 20:14

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունը պետք է հաշվետու լինի, թե ինչու է հեռացնում այս կամ յան պաշտոնյային, ընդ որում, նա չի բացառում, որ առաջիկայում էլի պաշտոնանկություններ լինեն մի մասին վերանշանակելու է

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ նա ուզում է բացարձակ իշխանություն ստեղծել։  Այս կարծիքին է իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով մեկ օրում կամ մեկ գիշերում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատելը։

Հրաժարական են  ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ   Կարեն Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքի իր էջում հրաժարականների մասին գրել է․«․․․մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»։

Ընդ որում, մամուլը գրել է, որ Փաշինյանը նրանց sms է ուղարկել WhatsApp-ի միջոցով, և ասել, որ պաշտոնից ազատվելու դիմում գրեն։

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ավանդույթ  է դարձել, երբ նա առանցքային, կարևոր ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից ազատում է, որևէ բացատրություն, պարզաբանում չի տրվում, թե ինչու տվյալ պաշտոնյային ազատեց աշխատանքից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գտնում է, որ բոլոր իրավիճակներում, եթե որևէ պաշտոնյայի հեռացնելու են կամ արդեն հեռացրել են աշխատանքից, հասարակությունը  պարտադիր պետք է իմանա դրա պատճառը, իշխանությունը պետք է հաշվետու լինի․«Այլապես դա մի տեսակ ծածկադմփոցի տպավորություն է թողնում ու տպավորություն է ստեղծվում, որ ավելի վատ կարող էր լինել այդ պաշտոնյայի համար, ասենք մինչև անգամ քրեական գործ հարուցելը, բայց դրա  փոխարեն խնդրել են դիմում գրել՝ հին ավանդական ձևերով»։

Փաշինյանի այս գործելաոճն,  ըստ իրավապաշտպանի, ժողովրդավարության հետ աղերս չունի։ Կարապետյանցը RegionsTV-ի հետ զրույցում ասում է՝ այսպես վարվում էին խորհրդային տարիներին, երբ ОБХСС-ը գալիս ստուգում էր, հետո ասում էին՝ կամ դիմում գրի կամ դատալու ենք։

«Սա խիստ անհանգստացնող է և մեկ անձից կախվածության իրավիճակ է, թեպետ, մեծ մասը քաղաքական, նշանակովի պաշտոններ են, բայց բոլոր դեպքերում հասարակությունը մանդատ չի տվել միանձնյա թագավորելու, միանձնյա  որոշումներ կայացնելու»,-ասում է իրավապաշտպանը։

Կարապետյանցի կարծիքով՝ այս պաշտոնանկությունները նախընտրական շոու են, քարոզչություն։ Ու չնայած Փաշինյանն ասել է՝ պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային, իրավապաշտպանը չի հավատում վարչապետի խոսքին։ Հարցնում է՝  եթե համակարգային է, ապա այս վեց տարիներին քաղհասարակությունը համակարգային խնդիրներ էր ներկայացնում, նո՞ր է Փաշինյանը նկատում դրանք։

«Փաշինյան ընդամենը 15 օր առաջ էր տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային,  հայտարարում, թե դատաիրավական ոլորտների բարեփոխումներն ու աշխատանքներն արդյունավետ են։ Ուրեմն՝ կամ դու նախկինում ես ստել կամ հիմա։ Եվ երբ ասում էին առաջնթաց ունենք արդարադատության ոլորտներում, և այն մարդիկ, ովքեր ոլորտում տարբեր պաշտոննեեր են զբաղեցրել, ուրեմն իրենց հետ միասին է ստել։ 2018-ին հասարակությունը տվել էր  հնավարություն, պահանջ ներկայացրել՝ ապահովելու բոլոր միջոցները փոփոխությունների գնալու։ Վեց տարի հետո հայտարարում ես, քեզ  արդյունք չեն ներկայացրել  կամ քեզ տեղեկատվություն չեն տվել, դա խոսում է քո պրոֆեսիոնալիզմի մասին։ Ճիշտ տեղում չես»,-ասում է իրավապաշտպանը։

Իսկ ահա Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին Կարապետյանցն ասում է՝  նա հերթական զոհաբերությունը պիտի լիներ։

Իրավապաշտպանը մեծ ցավ է ապրել, երբ, իր խոսքով՝ Անդրեասյանի նման մասնագետը նախարար է նշանակվել․«Եթե իշխանությունը ցանկություն չունի գնալու փոփոխությունների, իսկ դրանում ես համոզված էի, իր  նպատակներին հասնելու համար  Անդրեասյանի նման երիտասարդ  կադրերին օգտագործեց՝ շղարշ ստեղծելու համար»։

Մեր հարցին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին աղմկահարուց հետաքննական նյութ հրապարակվեց, ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանի պաշտոնավարման ժամանակ բանակում  մի քանի զինվորների ինքնասպանութուններ, սպանություններ եղան, եթե Փաշինյանը համակարգային փոփոխության ու արդարադատության հաստատման է ձգտում, ինչո՞ւ այս պաշտոնյաներին պաշտոնանկ չի անում, իրավապաշտպանը պատասխանում է․« Կարծում եմ՝ ընթացքում բոլորին փոփոխության կենթարկի, կամ տեղերով կփոխի։ Փաշինյանին ընդամենը հրավառություն էր պետք, շոու, աղմկահարույց պրոցես, որպեսզի քաղաքացիների մի մասի մոտ ուժեղ ձեռքի տպավորություն թողնի։ Կան մարդիկ, որ ասում են՝ մեզ Ստալինի նման  ուժեղ մարդ է պետք» ։

Սակայն, ըստ Կարապետյանցի, եթե մարդը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ուրեմն նա հետագայում էլ չպիտի որևէ այլ պաշտոն զբաղեցնի։

Նրա խոսքով՝ եթե որոշել ես , որ չի կատարել հրամանները, տապալել է ծրագիրը, պարզ է որ ուղղակի պիտի հեռացնես․«Բայց ինքը կարճ ժամանակով հանելու է, որոշների նկատմամբ կարող է քրեական հետապնդում լինի, բայց մի մասին վերանշանակելու է»։

Հիշեցնելով Փաշինյանի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա հայտարարությունը, իրավապաշտպանը հակառակն է պնդում, ասում է՝ կա համակարգային կոռուպցիա ու դրա գլխին Նիկոլ Փաշինյանն է նստած։ Ըստ Կարապետյանցի,  դրա ապացույցը խաղաղ պայմաններում սպանված զինվորների հատորներով գործերն են, որտեղ հանցագործությունների մասին տեղեկատվություն է, որը ներկայացվել է Փաշինյանին՝ քննիչների, դատախազների,  դատավորների, փորձագետների, դատաբժիշկների անուն-ազգանունները, որոնց մի մասին ՔՊ խմբակցությունը նշանակել է արդարադության ոլորտում տարբեր պաշտոների։

Այս աշխատաոճի, նման ձևով պաշտոնանկությունների դեպքում է՛լ ո՞ր պրոֆեսիոնալը կուզի աշխատել Փաշինյանի հետ, ի վերջո պետական համակարգն է վտանգվում, Կարապետյանցն ի պատասխան ասում է՝ Փաշինյանի բոլոր գործողությունները տանում են դեպի դիկտատուրա․«Հաջորդ ընտրվելու դեպքում Փաշինյանը  հաստատելու է ոչ թե ավտոտիտար իշխանություն՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պես, այլ՝ բացարձակ դիկտատուրա։ Ինքն ուզում է ստեղծել համակարգ, որտեղ ինքը կլինի միանձնյա որոշում կայացնողը, իսկ մնացածը, անկախ նրանից, թե ինչ պաշոտն են զբաղեցնելու, ամբողջությամբ կախված լինեն իրենից։ Իր կործանարար ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտություն ունի դիկտատորական ռեժիմի»։

 

Նորություններ