«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի արտահերթ ընտրություններին
Կուսակցության ղեկավարը հայտարարում է, որ մյուս ընդդիմադիր ուժերին առաջարկելու են ընտրական գործընթացն իրականացնել միմյանց չթիրախավորելու, չհարվածելու սկզբունքով
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին։ Այս մասին Ֆեյսբուքում հայտարարել է կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Սոցիալական ցանցերում հարաբերական լռությունս պայմանավորված էր այն հանգամանքով, որ, որպես քաղաքական թիմի ղեկավար, քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն ունեի:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրի ավագանիի արտահերթ ընտրություններին:
Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը՝ կհայտարարենք ընտրություններին մասնակցության ձևաչափի և մեր թեկնածուի մասին:
Մեծ հարգանք ենք տածում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ընդդիմադիր ուժերի հանդեպ և նրանց առաջարկելու ենք ընտրական գործընթացն իրականացնել՝ միմյանց չթիրախավորելու, չհարվածելու սկզբունքով»,-գրել է Սուրենյանցը:
Մոտ մեկ ամիս է՝ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամներն, այդ թվում քաղաքապետն ու փոխքաղաքպետը մանդատները վայր են դրել՝ առանց որևէ պարզաբանման։
Մինչ դաշինքի՝ մանդատներից հրաժարվելու այս որոշումը ձերբակալվել ապա գրավով ազատվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։ Սամվել Բալասանյանի (ԱՄՆ-ում է գտնվում)եւ նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առթիվ։
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նաև՝ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարել են, որ նպատակ ունեն Գյումրիում անցակացնելարտահերթ ընտրությունները։
ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է, որի անվան շուրջ աղմկահարույց հայտարարություններ ու լուրեր են շրջանառվում։