Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի դեմ են, ապա ում դեմ է ՌԴ-ից Ադրբեջանին զենքի վաճառքը | Region

Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի դեմ են, ապա ում դեմ է ՌԴ-ից Ադրբեջանին զենքի վաճառքը

Սեպտեմբեր 05,2017 14:02

Երեկ երեկոյան պաշտոնապես հիմնավորվեց այն տեսակետը, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հայկական կողմի որոշումը փոխվել է ռուսական կողմի ազդեցությամբ: Այդ մասին նախ հրապարակային հայտարարեց ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին:

Ավելի ուշ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը հաստատեց այս վարկածը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ, թե ՀԱՊԿ բևեռներից հայկական կողմն ընտրել է ՀԱՊԿ-ը: Ավելին, ըստ Շարմազանովի, եթե տեղի են ունենում զորավարժություններ, որոնք ընդդեմ մեր դաշնակից երկրի են, ուրեմն հայկական կողմը չի կարող մասնակցել:

Մնում է հստակեցնել երկու կարևոր թեմա.

1.Ինչպե՞ս պատահեց, որ դարձյալ մեկ գիշերվա մեջ հասկացան, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրի են:

2.Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն ու դաշնակցային հարաբերությունների շահը երբևէ գործելու է ի շահ մեր երկրի:

Եվ այսպես, երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի կողմից մասնակցությունը ժխտող հայտարարության վերաբերյալ՝ փորձելով վերջ դնել բոլոր քննարկումներին: Չնայած որ ՀՀ ՊՆ հայտարարությանը սպասում էինք դեռ 24 ժամ առաջ, այնուամենայնիվ, երեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պաշտպանական գերատեսչությունը լուռ էր՝ չհաշված ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Զաքարյանի հայտարարությունը, որն, ըստ էության, դարձյալ չհիմնավորեց, թե ինչու է հայկական կողմը որոշել չեղարկել մասնակցությունը Վրաստանում կայանալիք զորավարժություններին:

Արտակ Զաքարյանն ընդհանուր հայտարարություններ արեց՝ ասելով, որ արտառոց ոչինչ չկա: Ապա հավելեց, որ Հայաստանը ոչ մի անգամ պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին:

Ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանում անցկացվող զորավարժություններն առաջնային նշանակություն չունեն Հայաստանի համար.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար, ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- ասված էր հայտարարության տեքստում, որը տարածեց Պաշտպանության նախարարությունը:

Հայտարարությունում ակնառու մեկ սուտ կա. թեև ասվում է, որ առաջնային նշանակություն չունեն այդ զորավարժությունները, սակայն հասկանալի է, որ եթե այդպես լիներ, ապա ՊՆ-ն պաշտոնապես չէր անդրադառնա այդ խնդրին:

Եվ վերջապես խնդիրը ոչ միայն վերաբերում է զորավարժություններին մասնակցել-չմասնակցելուն, այլ երկրի սուվերենության աստիճանին և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարևոր խնդրին:

Այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը շատ պարզ ակնարկում է՝ դաշնակից երկիրն է արգելել մասնակցել զորավարժությունների:

«Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրի, բնականաբար, մենք չենք կարող մասնակցել»,- հայտարարել է Է. Շարմազանովը:

Այս հայտարարությունն ինչ-որ տեղ մանկական մի միջոցառում է հիշեցնում՝ այս կարգի. «Եթե ձեր ընկերը տրորել է մեր մեծ ընկերոջ ոտքը, մենք չենք խաղա ձեզ հետ նույն բակում»:

Ի վերջո, գոնե մեկնաբանությունը պետք է տրամաբանության շրջանակներում լինի, թե չէ ի՞նչ ասել է «մեր դաշնակից երկրի դեմ է»:

Ավելի զավեշտալի են նախորդ զորավարժություններին մասնակցելու փաստի առնչությամբ Շարմազանովի մեկնաբանությունները.

«Մենք մասնակցել ենք, քանի որ այն բացառապես ռազմաբժշկական՝ հումանիտար միջոցառում է եղել»:

Ապա Շարմազանովը հայտարարում է. «Ընտրությունը վաղուց կատարված է, և մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի առանցքային անդամ ենք»:

Սա, ըստ էության, ուղղված չէ հայկական լսարանին, սա ուղերձ է պաշտոնական Մոսկվային՝ հերթական անգամ հասկացնելու, որ Հայաստանը հնազանդ է կատարելու բոլոր հրահանգները, որոնք ուղղվում են Մոսկվայից:

Ռուսաստանն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին

Ամեն անգամ այս հարցին անդրադառնալուց հայաստանյան պատասխանատուները նախ փորձում են մտնել ռազմավարական դաշնակից երկրի «հոգեվիճակի» մեջ, այնուհետև առաջնորդվել ՌԴ բիզնես շահերով, ապա նոր անդրադառնում են զենքի վաճառքի հարցին:

Մնում է հասկանալ՝ ռազմավարական դաշնակից լինելու շահը երբ է գործելու Հայաստանի պարագայում: Կամ եթե զորավարժություններն ուղղված են ՌԴ դեմ, ապա ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառվող զենքն ո՞ւմ դեմ է ուղղվում:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ