«Լիցքավորված ատրճանակը խելագար հարևանին տալը պակաս խելագարություն չէ». Դ. Դվորնիկով | Region

«Լիցքավորված ատրճանակը խելագար հարևանին տալը պակաս խելագարություն չէ». Դ. Դվորնիկով

Օգոստոս 09,2017 14:03

Հայաստանն ի՞նչ կարող է սպասել ռուս-թուրքական մերձեցումից: Բացի հարևան Ադրբեջանից, ՀՀ ռազմավարական դաշնակիցը զինում է նաև Թուրքիային: Սա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում: Հրապարակախոս, միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ այդ մերձեցումն ավելի շատ վիրտուալ նախագիծ է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Դվորնիկովը նշեց.

«Իրական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սկզբունքորեն չեն կարող լինել, առավելագույնն՝ առանձին հարցերի շուրջ հետաքրքրությունների լոկալ համընկնում: Առավել ևս հիմա, երբ Թուրքիան վերածվել է բացարձակ ականխատեսելի խաղացողի: Կան առանցքային կետեր, որոնք սահմանափակում են մերձեցումը: Ինչքան էլ փորձեն խուսանավել, շեղվել ռուս օդաչուի սպանության թեմայից, միևնույն է, այդ ներկայացումից ոչինչ դուրս չի գա:

Ռուս զինվորի արյունը թուրքերի ձեռքերին է, և դա շատ խորհրդանշական հանգամանք է, որն արտացոլում է երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը: Իրապես զգայուն պատժամիջոցների պայմաններում այսօր Ռուսաստանին այլ ելք չի մնում, քան մանևրելը»:

Անդրադառնալով ՌԴ հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշմանը՝ Դվորնիկովը հավելում է.

«Լիցքավորված ատրճանակը խելագար հարևանին տալը պակաս խելագարություն չէ: Թեև արժե խոստովանել, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք բացի շահույթից, այլ բան չեն ուզում տեսնել: Դա նաև գլոբալ միտում ունի՝ ամեն ինչ վաճառվում է: Սակայն այս պարագայում որոշակի սահմանափակումներ նախատեսվել են: Սակայն դա հաստատապես հանրային քննարկման թեմա չէ»:

Տեսակետը, թե ռուս-թուրքական մերձեցումը միշտ բացասաբար է ազդել Հայաստանի վրա, հայ ժողովուրդը կորուստներ է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները դարձել են բարիդրացիական, Դվորնիկովը չի կիսում:

«Եթե նկատի ունեք կոմունիստների սիրախաղը թուրքերի հետ, ապա խնդրում եմ այդ պատմության մեջ չներքաշել ռուսներին: Ռուսները չպետք է պատասխան տան կոմունիստների գործողությունների համար, երբ փաստացի ոչնչացված էր ազգային էլիտան և մեծ թվով ռուս գյուղացիներ: Ռուսները ճիշտ նույն կերպ տառապում են ռուս-թուրքական մերձեցումից: Օրինակ՝ մեծանում են քաղաքացիների առանձին խմբերի արմատականացման ռիսկերը, ոչնչանում է ազգային արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Պետք է որ լինեն շատ ծանրակշիռ աշխարհաքաղաքական պատճառներ, որպեսզի պատկերացնես բարեկամությունն այդ հակասական և վտանգավոր տերության հետ»:

Ռուսաստանցի հրապարակախոսն անդրադարձավ նաև վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վավերացված Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորամիավորում ունենալու մասին օրենքին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Պետդուման և ՌԴ Դաշնային խորհուրդը։ 2016 թվականի հունիսին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել օրինագիծը, և այն ուղարկվել էր ԱԺ՝ վավերացման։

Դենիս Դվորնիկովը վտանգ չի տեսնում միացյալ զորամիավորման ստեղծման մեջ:
«Հայկական բանակն այն ուժը չէ, որով հնարավոր է մանիպուլյացիաներ անել: Ճիշտ հակառակը, միացյալ զորախումբը զսպող գործոն է տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ