Անգլերեն և ֆրանսերեն խոսող կամավորները Գյումրիում հայերեն են սովորում․«Բարդ լեզու է․ հայերեն խոսելիս՝ հաճախ զվարճալի սխալ ենք թույլ տալիս» | Region

Անգլերեն և ֆրանսերեն խոսող կամավորները Գյումրիում հայերեն են սովորում․«Բարդ լեզու է․ հայերեն խոսելիս՝ հաճախ զվարճալի սխալ ենք թույլ տալիս»

Դեկտեմբեր 09,2024 17:01

Սփյուռքահայերին հայերեն լեզու դասավանդող Ռոզան իր ուսանողներին ասում է, որ հայ ժողովրդին պատկերացնում է ծառի տեսքով, և երբ սփյուռքահայերին հայերեն լեզուն է սովորեցնում, նա ջրում է մեր ժողովրդի արմատները, ինչը մեր ժողովրդին ծառի արմատների նման ավելի ամուր է դարձնում

Ցավում եմ, որ չեմ կարող այս հոդվածը գրել հայերեն՝ տատիկիս (նրա մասին հոդվածը)  և այն երկրի լեզվով, որտեղ հիմա գտնվում եմ։

Փորձում եմ խոսել իմ նախնիների սուրբ լեզվով և հույս ունեմ, որ մի օր կկարողանամ սահուն շփվել և գրել այս երգեցիկ, մեղեդային գեղեցիկ լեզվով։ Մինչ Հայաստան գալը, ես գործնականում ոչինչ չգիտեի հայոց լեզվի մասին։ Իմ հայ տատիկը՝ Զաբել Կալփակյանը, մահացել է, երբ հայրս շատ փոքր էր, իսկ հայ ազգականներս ապրում են Վանկուվերում՝ Մեծ Բրիտանիայից հեռու, որտեղ ես ծնվել և անցկացրել եմ կյանքիս մեծ մասը, մեր տանը ոչ ոք հայերեն չէր խոսում։ Քանի որ մեր նախնիների արմատները գալիս են Կայսերիից, ես միայն Վանկուվեր իմ ազգականներին այցելելիս էի լսում հայերեն խոսքը՝ համեմված արաբերեն և թուրքերեն բառերով։ Հիշում եմ՝ տատիկիս քույրը՝ Ռիտան, երբ նրան դպրոցում իմ գնահատականների մասին է պատմում, բացականչում էր «Մաբրուկ», սա արաբերեն նշանակում է կեցցես, իսկ երբ մեր հաջորդ  հանդիպումն էինք քննարկում, նա ասում էր՝  «Ինշա Ալլահ», արաբերեն նշանակում է՝ «Աստված կամենա»:

Իհարկե, հարազատներս ինձ հայերեն բառեր էին սովորեցնում, բայց քանի որ Մեծ Բրիտանիայում ես ընդհանրապես չէի օգտագործում այդ լեզուն, շուտ մոռացա ամեն ինչ։ Իմ կարծիքով՝ լեզուն ավելին է, քան բառապաշարն ու քերականությունը։ Կարծում եմ՝ լեզուն միջոց է տվյալ ազգի պատմությունը, մշակույթն ու մտածելակերպն ընկալելու համար։ Ցավոք, մեր տանն ես այդ միջոցը չեմ ունեցել, չեմ զգացել կապն իմ հայկական արմատների հետ:

Երբ իմացա, որ Birthright Armenia կազմակերպությունը, որի մասին  կարող եք կարդալ Կամավորները «Դեպի Հայք»-ից. ինչպես են նրանք օգնում Գյումրիին, Գյումրին՝ նրանց | Region այստեղ, իր մասնակիցներին հնարավորություն է ընձեռում անվճար սովորել հայոց լեզուն Հայաստանում կամավոր աշխատանքի ընթացքում, շատ ուրախացա։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն սովորելու հետաքրքիր նոր լեզու, այլ նաև մոտենալու իմ էթնիկ ծագման յուրահատուկ կողմին։

Այսպիսով, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան «Birthright Armenia»-ի մասնակիցների հետ գնում ենք մեր կազմակերպության գրասենյակ՝ ուսումնասիրելու մեր նախնիների լեզուն։ Չնայած՝ մեր դասերն անմիջապես աշխատանքից հետո են, մենք բոլորս լի ենք ոգևորությամբ։ Ամեն շաբաթ ես անհամբեր սպասում եմ դասերին, դա, անկասկած, «Birthright Armenia» ծրագրի իմ ամենասիրելի մասն է՝ մեծամասամբ իմ հիանալի հայ ուսուցչուհի Ռոզա Սուվարյանի շնորհիվ:

Ռոզան կամ Ռոզա Ջանը, ինչպես մենք հաճախ անվանում ենք նրան, ոչ միայն շատ եռանդուն և տաղանդավոր ուսուցիչ է, այլև խորը և լավատեսությամբ լի մարդ է։

Հայերեն դասավանդելու նրա կիրքն անմիջապես նկատվում է, կասկած չկա, Ռոզան շատ է սիրում իր աշխատանքը։ Նա շատ լավ գիտի՝ ինչպես մոտիվացնել իր ուսանողներին, մենք մեծ հաճույքով ենք գնում հայերեն լեզվի դասերին։ Ինչպես ասում է մեր գերազանց ուսուցիչը՝ , Մենք հայերենն ուսումնասիրում ենք, ինչպես Ռոզա Ջանն է ասում՝ ժպիտով։

Իմ ընթերցողներին մի փոքր պատմեմ մեր ուսուցչի մասին։

Ռոզան շատ հպարտ է իր Սուվարյան ազգանունով։ Նա մեզ պատմել է, որ իր նախնիները Արևմտյան Հայաստանից են՝ Սուվար քաղաքից, և որպեսզի պահպանեն արմատների հետ կապը, որոշել են վերցնել Սուվարյան ազգանունը։ Ավելին, Ռոզան շատ հպարտ է, որ իր հայրը գյումրեցի է, իսկ մայրը՝ երեւանցի։ Ասում է՝ «ես խառը հայ եմ», նա մի կողմից հայրաքաղաքից է, մյուս կողմից՝ մայրաքաղաքից։

Ինչպե՞ս Ռոզան դարձավ ուսուցչուհի

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել է Շիրակի պետական համալսարանի  տնտեսագիտության և ձեռնարկությունների կառավարման ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո, ինչպես շատերը, նրա համար շատ դժվար էր աշխատանք գտնելը։ Նրա պատմելով՝  առանց անգլերենի իմացության անհնար է աշխատանք գտնել տնտեսագիտության ոլորտում։ Ուստի, նպատակասլաց Ռոզա Ջանը որոշեց սովորել անգլերեն։ Այս համարձակ որոշումը Ռոզայի համար դարձավ շրջադարձային էր։ Նա հիմնականում ինքնուրույն է սովորել անգլերենը և չնայած դժվարություններին, չի հանձնվել։ Ռոզա Ջանը ասում է, որ ինքը պարզապես սիրահարվել է այս լեզվին։ Անգլերենի իմացությունը նրան նոր հնարավորություններ է տվել, նոր շփումներ ու ծանոթութուններ հայտնվեցին, և ինչպես նա է ասում՝ այնպիսի զգացում էր, որ մի դուռ է բացվել դեպի նոր աշխարհ։

Բայց ամենակարևորը՝ Ռոզան այդ ընթացքում հասկացավ, թե որն է իր կյանքի նպատակը։ Նա  բարի, համակրելի մարդ է, դպրոցում, համալսարանում, նաև՝ անգլերեն սովորելիս միշտ օգնության էր հասնում իր ընկերներին։ Ռոզա Ջանը հասկացավ, որ ունի բնածին շնորհ դասավանդելու, որն էլ դարձավ իր կյանքի գործը։ Ու նա սկսեց հայերեն սովորեցնել, մասնավորապես, սփյուռքահայերին: Արդեն 18 տարի է՝ նա սուրբ լեզու է դասավանդում սփյուռքահայերին։

Ռոզան շուտով հասկացավ, որ սա միայն աշխատանք չէ, դա իր կյանքի առաքելությունն է. աշխարհով մեկ սփռված հայերին սովորեցնել իրենց նախնիների լեզուն, պատմությունն ու մշակույթը, օգնել պահպանել ու ամրապնդել իրենց արմատները:

Նա ասում է, որ հայ ժողովրդին պատկերացնում է ծառի տեսքով, և երբ սփյուռքահայերին հայերեն լեզուն է սովորեցնում, նա ջրում է մեր ժողովրդի արմատները, ինչը մեր ժողովրդին ծառի արմատների նման ավելի ամուր է դարձնում։

Դասերի իմ սիրելի մասը երկխոսություններ կազմելն է, քանի դրանք հաճախ շատ զվարճալի են լինում։ Մեր խմբում, որին Ռոզան սիրալիր անվանում է ընտանիք , կան անգլիախոս և ֆրանսախոս կամավորներ, իսկ մեզ համար հայերենը շատ դժվար է, այն քերականորեն և բառապաշարով շատ է տարբերվում մեր մայրենի լեզուներից, ուստի երկխոսություններում մենք հաճախ ծիծաղելի սխալներ ենք թույլ տալիս։ Մեզ թվում է, որ հայերենում բառերն ավելի երկար են, քան մեր իմացած լեզուներում։ Օտարերկրացի, մանուշակագույն, օդանավակայան բառերի մեր արտասանումից շատ հայերի ականջները կցավեյին։

Նման դեպքերում մեր ուսուցիչը մի շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ օգտակար խորհուրդ է տալիս՝ այս լեզուն պետք է սովորել ոչ միայն ժպիտով, այլ նաև՝ սրտով։ Ի վերջո, հայերենը աղոթքի սուրբ լեզու է, երբ ասում ես՝  այ սա չհասկացա, պետք է հանգստանալ և մտածել, պետք չէ նյարդայնանալ կամ շտապել։ Ինչպես նշել եմ սկզբում՝ մինչ Հայաստան գալը հայերեն միայն մի երկու բառ գիտեի։ Այժմ ես կարող եմ վստահորեն բարևել տեղացիներին, ինչ-որ բան պատվիրել ռեստորաններում։ Ռոզա Ջան ձեր շնորհիվ ես հիմա ավելի մոտ եմ զգում իմ էթնիկ ծագման մի մասին, և որ ամենակարևորն է, զգում եմ, որ վերականգնել եմ կապը Զաբել տատիկիս հետ։

Ես անհամբեր սպասում եմ Կանադայից եկած իմ հարազատներին հանդիպելու և նրանց հետ առաջին անգամ խոսելու մեր գեղեցիկ երգեցիկ լեզվով:

Քրիստոֆեր Քրոուսըն

Նորություններ