«Քննչական մարմինների, դատական իշխանության, ոստիկանության կախվածությունը գործադիր մարմնից այս տարի ակնհայտորեն ապացուցվեց»․իրավապաշտպան | Region

«Քննչական մարմինների, դատական իշխանության, ոստիկանության կախվածությունը գործադիր մարմնից այս տարի ակնհայտորեն ապացուցվեց»․իրավապաշտպան

Դեկտեմբեր 10,2024 19:28

Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն, ըստ մի շարք իրավապաշտպանների,  անմխիթար վիճակում է, մարդկանց խոշտանգումները շարունակվում են 

 Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակ անմխիթար վիճակում է, մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու ուղղղությամբ պետության իրականացրած քայլերն էլ անբավարար են։

Արթուր Սաքունց

Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում․ 2024-ի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա ներկայացմամբ՝ պետությունը  ոչ մի ոլորտում չի ապահովում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ պաշտպանությունը։ Նա, որպես օրինակ բերեց ոստիկանության, ԶՈՒ, կրթական և դատական համակարգերում մարդու իրավունքների ոտնահարման շարունակական դեպքերը, նշելով՝ ոստիկանությունում մարդկանց խոշտանգումները, երեխաների կրթության իրավունքի խախտումը և այլն։

«Անընդհատ խոսում ենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների մասին, որոնք բացարձակ իրավունք են։ Քննադատում էինք նախորդ իշխանություններին, որ փողոցի բարքերը բերում են բանակ։ Իսկ քանի՞ անգամ է հենց ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել, երբ դրա պարտավորությունն ունի։ Մենք քանի անգամ դիմել ենք, մի անգամ տեսե՞լ եք, որ նման լսում կազմակերպի։ Ուղղակի բանի տեղ չեն դրել։ Մեկ բառով  կարելի է որակել այս իրավիճակը՝ անպատժելիություն։ Մարդու իրավունքների բնագավառում անպատժելիությունը հաղթահարված չէ»,-ասաց Սաքունցը։

Նա մեկ այլ խնդիր էլ նշեց՝ պետական մարմնների կողմից միանձնյա որոշումներ կայացնելը, ինչւ հասարակության իրավունքների խախտման փորձերն են։ Նա ներկայացրեց նաև  ընտրական իրավունքի խախտման դեպքերը․ «ՏԻՄ մարմինների համակարգում մենք արձանագրում ենք իշխանության զավթում, համայնքի բնակչությունը ընտրել է ավագանի, ավագանուն զրկում են քաղաքապետ ընտրելու հնարավորությունից»։

Արաքս Մելքոնյան

Քննարկման մեկ այլ մասնակից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանն էլ մարդու իրավունքների վիճակը համեմատեց այսօրվա և 5 տարի առաջ իրավիճակի հետ՝ արձանագրելով լրջագույն հետընթաց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման ոլորտում, հիշեցրեց ոստիկանների՝ հավաքների ժամանակ հատուկ միջոցների գործադրումը, հունիսի 12-ի հավաքների ժամանակ կիրառված բռնության դեպքերը և ՆԳՆ կողմից այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելը լրատվամիջոցների  և իրավապաշտպան կազմակերպությունների հարցերից խուսափելը։

Մելքոնյանը նշեց, որ ոստիկանների՝ հատուկ միջոցների գործադրման դեպքի առնչությամբ պատշաճ քննություն չի իրականցվել․«Իրավապահ համակարգի, քննչական մարմինների, դատական իշխանության, ոստիկանության կախվածությունը գործադիր մարմնից այս տարի ակնհայտորեն ապացուցվեց»։
Մելքոնյանի խոսքով՝ տարվա ընթացքում բազմաթիվ են եղել նաև այնպիսի դեպքերը, երբ պետական մարմինների կողմից տեղեկատվության  հասանելիության ապահովումը մարդու իրավունքների շրջանակներում չի իրականացվել պատշաճ կերպով։

Նա մի քանի աղաղակող դեպք նշեց կապված քրեական գործերի քննության համար օպերատիվ տվյալներ հայթայթելու համար մարդկանց բռնության ենթարկելու հետ։ Այս ամենը, նրա խոսքով, արվել է անձից տեղեկություններ կորզելու, պատժելու, ինչպես նաև այն պատճառով, որպեսզի վերջինս հանցագործությունն իրեն վերագրի։ Հիշեցրեց Սամվել Վարդանյանի դեպքը, որը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին անհասկանալի հանգամանքներում մենակ է մնացել, ու անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել, իսկ գործի քննությունն էլ տեղից չի շարժվում։

Հերթական մարտահրավերը ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը իրավաբանը համարեց հարկային բեռի բարձրացումը փաստաբանական ոլորտում․«Սա փաստաբանների խնդիրը չէ, սա ուղիղ անդրադառնալու է անձանց խախտված իրավունքների վերականգնմանը  ՀՀ-ում։ Հաշվի առնելով այն կամայական մոտեցումները, որոնք  ներկայումս իրականացվում են քննչական, ոստիկանական և վարչարարական մարմիններում, կարող են հանգեցնել քաղաքացիների մինչև անգամ բռնության զոհ դառնալուն, քանի որ անձը առանց փաստաբանի չի կարողանա իրականացնել սեփական իրավունքների պաշտպանությունը»։ 

Նա նկատեց՝ հարկային բեռի բարձրացումը հանգեցնելու է իրավաբանական ոլորտում զգալի գնաճի, ինչի հետևքանով հազարավոր մարդիկ ի վիճակի չեն լինելու վճարել փաստաբանի ծառայության համար։

Նա նկատեց՝ հանրային պաշտպանի անվճար ծառայությունից էլ, բնականաբար, ոչ բոլորը կարող են օգտվել, կոնկրետ չափանիշներին համապատասխանող անձինք միայն կարող են օգտվել։ Նաև հաշի առնելով հանրային պաշտպանի ծանրաբեռնվածությունը, անհնար է ավելի մեծ թվով մարդկանց շահերի արդյունավետ ապահովումը։ Նման իրավիճակն, ըստ փաստաբանի, կհանգեցնի տոտալ անպատժելիության, բռնությունների ավելացման և վարչական մարմինների ամենաթողության։

Ժաննա Ալեքսանյան

Քննարկման մյուս բանախոսը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց ԶՈՒ մահվան դեպքերի զգալի աճն ու այդ դեպքերի չբացահայտված մնալը, ինչպես նաև  քրեակատարողական հիմնարկներում տիրող անտարբերությունը ազատությունից զրկված անձանց նկատմամբ, ներառյալ՝ օմբուդսմենի գրասենյակի կողմից նրանց պատշաճ ուշադրության չարժանացնելը։

Տիկին Ալեքսանանն խոսելով քրեակատարողական հիմնարկների մասին, ասաց, որ բազմաթիվ մարդիկ զանգահարում են առողջական խնդիրներով, ստիպված հացադուլներ են անում․«Աշոտ Իսրայելյանը 30 օրից ավելի հացադուլի մեջ է, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ ՄԻԱՎ, հեպատիտ, դիաբետ։ Այս մարդն ուզում է մնալ դատապարտյալների հիվանդանոցում, բայց պրոբացիայի ծառայությունից ասում են, որ նա լիակատար առողջ դուրս է գրվել։ Ասում ենք՝ ՄԻԱՎ-ով հիվանդ է, ասում են՝ մի հաբ պետք է խմի, էլի»։

Նա ասաց, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներ են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն պաշտպանի գրասենյակից նրանց ոչ ոք չի այցելել․«Մարդը չի հետաքրքրում երկրի ղեկավարությանը, մարդու խնդիրները պետության համար ոչ մի արժեք չեն ներկայացնում»։

Նշենք, որ Դեկտեմբեր 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

 Նիկոլ Մարգարյան

Նորություններ