Քաղաքական ուժերը չեն բացառում հակաՀՀԿ-ական կոալիցիայի հավանականությունը | Region

Քաղաքական ուժերը չեն բացառում հակաՀՀԿ-ական կոալիցիայի հավանականությունը

Մարտ 16,2017 14:51

Ո՞ր քաղաքական ուժն է այսօր բացառում, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կոալիցիա չի կազմի իշխող ՀՀԿ-ի հետ եւ ո՞ր ուժի հետ է տեսնում համագործակցության եզր: Առաջադրված 5 ուժերի ներկայացուցիչներ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցադրումներին, միանշանակ բացառել են, որ կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ եւ չեն բացառել այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հայտարարություն տարածեցին ՕՐՕ դաշինքին սատարելու մասին: Մինչ այդ էլ «Սասնա ծռերի» ակտիվն անթաքույց համակրանք էր ցուցաբերում Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի նկատմամբ:

Մյուս քաղաքական ուժերն իրենց հերթին ավելի են հստակեցնում իրենց դիրքորոշումը:

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյան

«Մենք բազմիցս ասել ենք, որ համագործակցությունը պետք է լինի հստակ հարցերի եւ խնդիրների շուրջ: Այո, մենք հայտարարել ենք, որ բացառվում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Մյուս ուժերի հետ հնարավոր համագործակցությունը կապված է իրավիճակից, ընտրությունների արդյունքներից, տվյալ քաղաքական ուժերի պահվածքից՝ որքանո՞վ նրանք հավատարիմ կլինեն արդար, ազատ ընտրություններ անցկացնելու սկզբունքին: Այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով, իհարկե, «Ելք»-ը որոշումներ կկայացնի: Այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության ոչ քննարկում է եղել, ոչ էլ որոշումներ ունենք: Դա կապված է կոնկրետ իրավիճակից, կոնկրետ խնդրից, կոնկրետ հարցից»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե եթե դրվի իշխանափոխության հարց, դրան միանա, ասենք, ՕՐՕ դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը եւ այլ քաղաքական ուժեր, «Ելք»-ը պատկերացնո՞ւմ է նրանց հետ համագործակցություն, Արայիկ Հարությունյանը նշեց.

«Մենք ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինել մի իրավիճակ, երբ իշխանափոխության հնարավորություն լինի եւ այդ իշխանափոխությունը չլինի այն պատճառով, որ «Ելք» դաշինքը (մինչ այդ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» /Ա. Հ) չի մասնակցել եւ չի օգտագործել այդ հնարավորությունը: Այսինքն, եթե հստակ իրավիճակ ստեղծվի եւ քաղաքական ուժերի հստակ պահվածք լինի այդ իրավիճակում, մենք դա կքննարկենք, եւ կարծում եմ՝ կունենանք այն լուծումները, որոնք կպահանջի հանրությունը»:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այս փուլում բանակցություններ չեն վարվում որեւէ քաղաքական ուժի հետ:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» դաշինքը գնում է վերցնելու բացարձակ մեծամասնություն: Ակնկալում ենք ստանալ մեր հանրության բացարձակ մեծամասնության քվեն, ինչը նշանակում է, որ մենք մտադիր ենք ձեւավորել «Ծառուկյան» դաշինքի կառավարություն: Այդուհանդերձ, միակ քաղաքական ուժը, որի հետ «Ծառուկյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» բացառում է համագործակցությունը, դա ՀՀԿ-ն է. կլինի դա կոալիցիա, կլինի դա ազգային համաձայնության, ազգային եղբայրության կառավարություն… ինչ ֆորմատով ուզում է կոչվի այդ համագործակցությունը: «Ծառուկյան» դաշինքը բացառում է հետընտրական որեւէ համագործակցություն եւ կոալիցիա:

Իսկ թե որ քաղաքական ուժերի հետ է հնարավոր համագործակցության որեւէ ֆորմատ, այս պահին ես ասել չեմ կարող: Մեկը ես բացառեցի, որովհետեւ «Ծառուկյան» դաշինքը չի կարող կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որն այսօր պատասխանատու է այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ոլորտներում կանգնած է ազգային անվտանգության ռիսկային սահմանագծին:

Իսկ մնացած քաղաքական ուժերի հետ, ովքեր կգնան խորհրդարան, այս պահին ես որեւէ անուն, թե ում հետ է հնարավոր համագործակցություն, թույլ տվեք չտալ: Մեկը բացառեցի: Մնացածի մասին կխոսենք ընտրություններից հետո»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյան

«Միակ ուժը, ում հետ համագործակցություն չենք պատկերացնում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»:

ՀԱԿ—ՀԺԿ կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյան

«Դեկտեմբերի 17-ին իր ելույթում Տեր-Պետրոսյանն ասել է, որ բացառվում է որեւէ կոալիցիա իշխող ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, դա ապագան ցույց կտա: Նայած ինչ արդյունքներ կլինեն, հիմա վաղ է դրա մասին խոսելը: Մնացած հարցերին կանդրադառնանք արդյունքներից հետո: Կոնկրետ նախապաշարմունք այդ առումով չունենք»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, անկուսակցական Ստյոպա Սաֆարյան

«Ծրագրային առումով մեզ բավական մոտ է «Ելք» դաշինքը: Նրանք էլ դրել են այնպիսի խնդիրներ, ոչ այդքան համարձակ լուծումներով, որքան մենք, բայց բոլոր դեպքերում ծրագրային առումով մեզ մոտ է «Ելք»-ը: Թերեւս այս պահի դրությամբ կարծում եմ ծրագրերի եւ գաղափարների համաձայնեցման խնդիրն արագ կլուծվի «Ելք»-ի հետ: Մյուսների պարագայում դեռեւս չգիտեմ, որովհետեւ ՕՐՕ-ի ծրագրից ընդհանրապես տեղյակ չեմ, կարծես ծրագիր էլ չունի ՕՐՕ-ն, այլ 365 օրվա գործողությունների պլան ունեն, այսպես ասած: «Ծառուկյան» դաշինքն էլ 15 կետ է ներկայացրել, ամենահամապարփակը մերն է: Եթե ընդունեն, որ մեր պատկերացրած իշխանությունը, մեր ձեւավորած իշխանությունն իրականացնելու է մեր ծրագիրը, մեզ համար սկզբունքային հարցեր կյանքի կոչվեն, բնականաբար, կարող ենք դիտարկել քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

ՀՀԿ-ի հետ բացառում ենք համագործակցությունը, եւ այդ մասին Խաչատուր Քոքոբելյանն արդեն հայտարարել է»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ