«Երբ գյուղից դուրս էինք գալիս, մյուս կողմից ադրբեջանցիներն արդեն գյուղ էին մտնում»․Արցախից բռնի տեղահանվածները՝ դառը հիշողությունների ու սոցիալական ծանր պայմանների մասին
40+10 դրամ պետական աջակցությունը հազիվ հերիքում է գոյատևելու համար, բնակարան գնելու պետական աջակցության ծրագիրը շատ արցախցիների համար անհասանելի է
Տասներեք ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի սանձազերծած մեկօրյա ռազմական ագրեսիայի հետրանքով ավելի քան 120 հազար հայ ստիպված եղավ լքել Արցախը։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հազարավոր մարդիկ բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ փորձում են հարմարվել նոր կենսապայմաններին։ Բախվելով բազմաթիվ խնդիրների ու անորոշ ապագայի՝ հայրենիքը, տունն ու ողջ ունեցվածքը կորցրած արցախցիները փորձում են իրենց կյանքը Հայաստանում կառուցել նոր իրողություններում։
Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղից Լաուրա Գյուրջյանն իր համագյուղացիների հետ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լքեց Արցախը։
REGIONSTV-ի հետ զրույցում Լաուրան պատմում է․«Ադրբեջանական զինուժն արդեն մտել էր մեր գյուղ, երբ մեր ընտանիքը՝ ես, ամուսինս և մեր աղջիկը, որը հաշմանդամություն ունեցող երեխա ունի, լքում էինք գյուղը։ Այդ պահին մեր միակ ցանկությունը ողջ մնալն էր։ Գնալու տեղ չունեինք։ Եկանք Հայաստան»։
Լաուրայի ընտանիքը գյուղից մի կերպ հասել է Ստեփանակերտ, հետո սեպտեմբերի 30-ին՝ Գյումրի։
«Գյումրիում մեզ ջերմ դիմավորեցին։ Քաղաքապետարանը մեզ անմիջապես տեղավորեց թիվ 41 դպրոցում, որոշ ժամանակ անց տեղափոխվեցինք վարձով բնակարան։ Սկզբում շատ ու շատ դժվար էր։ Գյումրեցիներն ամեն կերպ օգնեցին մեզ՝ տրամադրելով տաք հագուստ, անկողնային պարագաներ։ Մենք երախտապարտ ենք «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է մեզ։ Ես ու ամուսինս թոշակառու ենք, գրանցված ենք Նարեկացի կլինիկայում, որտեղից օգնություն ենք ստանում՝ ամուսինս ու թոռս անվճար դեղորայք են ստանում։ Ապրում ենք առաջին հարկի 1 սենյականոց բնակարանում, չորս հոգու համար շատ փոքր է, վճարում ենք 80 հազար դրամ։ Անցյալ տարի ավելի տաք էր, իսկ այս տարի բնակարանում շատ ցուրտ է։ Բայց ի՞նչ անենք։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ մեծ բնակարան վարձել՝ հարմարություններով, դա մեզ համար շատ թանկ է»,-ասում է Լաուրան։
Անդրադառնալով սոցիալական պայմանների բարելավման նպատակով Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դրամական օգնությանը՝ Լաուրա Գյուրջյանն ասում է՝ իր ընտանիքը 40+10 հազար դրամ է ստանում կոմունալ ծախսերը վճարելու համար, դա օգնում է ինչ-որ կերպ գոյատևելուն․«Կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանով ապահովելու ծրագիր ունի։ Բայց ես չեմ կարող բնակարան գնել, եթե նույնիսկ ստանամ հատկացված վկայականները։ Մենք չգիտենք՝ ինչ անենք։ Ես ու ամուսինս թոշակառու ենք, մեզ վարկ չեն տալիս, աղջիկս էլ չի աշխատում, հաշմանդամ որդուն է պահում։ Հիմա նա փորձում է ստանալ իր որդու հաշմանդամության կարգը, մնում է տեսնել՝ կստանա՞, թե՞ ոչ։ Մենք չենք կարողանում բնակարան կամ տուն գնել, քանի որ 12 միլիոն դրամը շատ քիչ է բնակարան գնելու համար, պետք է հավելյալ վճարենք, չենք կարող։ Որտեղի՞ց մեզ այդքան մեծ գումար: Բնակարան գնելու համար կառավարությունը պետք է ֆինանսապես օգնի, գոնե գումարն ավելացնի, որպեսզի արցախցիները մնան Հայաստանում ու չհեռանան»։
Լաուրան ասում է՝ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց իր սիրտը Արցախում է, երազում ենքվերադառնալ․«Հույս չունեմ, որ դա հնարավոր է: Ալիևն Արցախում այնպիսի ծրագրեր է իրականացնում, որոնք անհնարին են դարձնում մեր վերադարձը։ Ռուսաստանում բարեկամներ ունեմ՝ քույրեր ու եղբայրներ, բայց Գյումրիից չեմ ուզում հեռանալ։ Ինձ դուր է գալիս Գյումրին, մարդիկ այստեղ բարի են, անկեղծ ու սրտացավ, ինչպես մեր ժողովուրդը»։
Հայաստանում Լաուրա տատի ու իր ընտանիքի կյանքը, ինչպես ինքն է ասում՝ հիմա անորոշ է, այդուհանդերձ, կարծում է, որ իրենց ապագան Հայաստանում է․ «Ցանկալի է վերադառնանք մեր Արցախ, նույնիսկ եթե մեր տները քանդված լինեն, այնտեղ ավելի լավ կլինի, չէ որ քո տանն ապրելը հաճելի է»։
Ալվարդ Միքայելյանն էլ Արցախից բռնի տեղահանվածներից է, ապրում է Գյումրիում։ Նա սեպտեմբերի 19-ին իր 7 հոգանոց ընտանիքի հետ դուրս է եկել Մարտակերտի Խնկավան գյուղից։ Ասում է՝ ծանր է հիշել այդ օրերի իրադարձությունները։
«Երբ գյուղից դուրս եկանք, ադրբեջանցիներն արդեն մյուս կողմից մտնում էին գյուղ։ Կանայք երեխաների հետ մեծ դժվարությամբ դուրս եկան բեռնատարով: Մենք դուրս եկանք համարյա ոտաբոբիկ, հողաթափերով, ոչինչ չվերցրեցինք՝ թողնելով մեր ողջ ունեցվածքը՝ փողը, ոսկեղենը, մեքենաները, անասուններին։ Մի քանի օր ամուսինս, տղաս, հարսս, երկու աղջիկս ու թոռս Ստեփանակերտում էին, դպրոցի ապաստարանում էինք։ Աղջիկս մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Սիմոնյանի հետ առցանց պարապմունքներ ուներ։ Եղվարդից է, զանգահարեց ու ասաց, որ մենք ընտանիքով գնանք իր մոտ։ Նրա ընտանիքում բոլորը շատ բարի մարդիկ են, մեզ ջերմությամբ ընդունեցին։ Որոշ ժամանակ ապրեցինք նրանց հետ։ Մենք ուզում էինք Եղվարդում մնալ, բայց բնակարան չգտանք»,-REGIONSTV-ին պատմում է Ալվարդը։
Արցախից շատ փախստականներ բախվում են սոցիալական լուրջ խնդիրների, այդ թվում՝ աշխատանք գտնելու և բնակարանի վարձը վճարելու դժվարություններին: Լաուրա Միքայելյանի ընտանիքը նույնպես ստիպված է իր կյանքը Հայաստանում սկսել զրոյից։ Լաուրան ասում է, որ մեծ ընտանիք ունի, նրանք ապրում են երեք սենյականոց բնակարանում. «Մեր փոքր դուստրը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, ուստի մենք եկանք Գյումրի։ Ես ու մեծ աղջիկս ուսուցչուհի ենք, վերջերս ենք աշխատանքի տեղավորվել, ես՝ Ջաջուռի դպրոցում, իսկ աղջիկս՝ Կրաշենում։ Թոռնիկս այստեղ է ծնվել, նա արդեն 11 ամսական է, շուտով ընտանիքում նոր համալրում ենք սպասում»,-մեզ հետ զրույցում ասում է Լաուրան։
Ընտանիքի կենցաղային ու սոցիալական պայմանների մասին արցախցի ուսուցչուհին նշում է՝ ոչ մի ծրագրից չեն օգտվել․«Ուր էլ դիմել ենք, պատասխանել են, որ բոլոր ծրագրերը փակ են։ Միակ բանը, որ ստացանք «Առաքելություն Հայաստան» համահայկական բարեգործական կազմակերպության օգնությունն էր։ 40+10 դրամները հազիվ է հերիքում, բնակարանի համար վճարում ենք 150 հազար, կոմունալների համար՝ 60 հազար։ Բացի այդ, մեզ հագուստ, սնունդ է պետք, տակդիրներ և շատ ուրիշ բաներ։ Մի կերպ գոյատևում ենք»:
Ինչ վերաբերում է բնակարանային ապահովության ծրագրին, ապա Լաուրան նշում է՝ աղջիկն ու իր երեխան միասին կարող են ստանալ 6 մլն դրամ, բայց այդ գումարով արդյոք հնարավոր է բնակարան գնել․«Նույնիսկ ժամանակավոր դոմիկ չեք կարող վերցնել: Իսկ 20 միլիոնից պակաս բնակարաններ կա՞ն։ Գյուղացի մարդիկ ենք, գոնե մի կտոր հող տային, մշակեինք։ 400 քմ հողատարածքը 8 միլիոն դրամ է։ Ոնց տուն գնես կամ կառուցես։ Կարո՞ղ եմ էդ գումարով գոնե մի հողակտոր գնել, հետո տուն կառուցել ու ապրել։ Անհնար է»։
Արցախցիների սոցիալական ինտեգրումը, ինչպես ասում է ուսուցչուհի Ալվարդն, այնքան էլ հարթ չի ընթանում»:
«Երբեմն մեզ հարցնում են, թե ինչու ենք եկել։ Միթե բանական մարդը կարող է թողնել իր տունը, ունեցվածքը, իր հայրենի ու սուրբ վայրերը, միթե արցախցիներն իրենք իրենց թշնամիներն են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր տուժել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից, ցեղասպանությունից, սթրեսից, ազգային ատելությունից և պատերազմից։ Պատերազմի և բռնության հետ բախված յուրաքանչյուր հայ դժվարությամբ էր որոշում կայացնում իր ապագայի վերաբերյալ: Արցախցիներին ստիպել են, դրդել են լքել իրենց տները։ Դա ընտրություն չէր, դա հարկադրված միջոց էր մշտական սպառնալիքից ու մահից փրկվելու համար։ Ոչ ոք չէր ուզում լքել իր հայրենի հողը, որտեղ մնացին մանկության մասին հիշողությունները, ընտանեկան, հարևանների հետ ամուր կապերն էին, նախնիների գերեզմաններն էին։ Բոլոր արցախցիները, ովքեր կրել են զրկանքներ, շրջափակում, ցեղասպանություն, ազգային ատելություն, սթրես ու Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմ, նրանք ենթարկվել են էթնիկ զտումների։ Արցախում մեզ ոչինչ չի մնաց՝ ոչ քաղաք, ոչ գյուղ, ոչ տուն, ոչ դպրոց, ոչ մի բան…»,- ասում է Ալվարդն ու հավելում՝ ադրբեջանցիներն ամեն ինչ քանդեցին․« Բայց եթե լինեն միջազգային որոշակի երաշխիքներ և հնարավորություն՝ վերադառնալու Արցախ, ապա ես ոտաբոբիկ կվազեմ, միայն թե վերադառնամ իմ հայկական Արցախ»։
Սեպտեմբերի 18-ին արցախցիներին դառը հիշողություններից փոքր-ինչ շեղելու համար «Առաքելություն Հայաստան» համահայկական բարեգործական կազմակերպությունը Գյումրիում կազմակերպել էր ամանորյա տոնական ծրագիր։ Միջոցառումը կազմակերպվել էր 60 հոգու համար, որոնց թվում էին շուրջ 35 արցախցի բռնի տեղահանվածներ, թոշակառուներ, միայնակ և սոցիալապես անհապահով մարդիկ։ Երաժշտության ու պարի կենդանի կատարումը ջերմացրեց դժվար փորձությունների միջով անցած մարդկանց սրտերը։
Զաբելա Ավագյան