«Մոսկվան ոչ մի պատճառ չունի Ս. Սարգսյանին պահելու որպես անփոխարինելի անձ» | Region

«Մոսկվան ոչ մի պատճառ չունի Ս. Սարգսյանին պահելու որպես անփոխարինելի անձ»

Նոյեմբեր 15,2016 11:14

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Պարոն Ենիգոմշյան, ճիշտ է՝ հանրությանը հայտնի է, թե Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերն իշխանափոխության ինչ ճանապարհ են տեսնում, մանավանդ որ վերջերս հրապարակվեց նաև իշխանափոխության ճանապարհային քարտեզը, այնուամենայնիվ, կցանկանայինք Ձեր կարծիքը լսել Հայաստանի վերջին զարգացումների վերաբերյալ, այն «փոփոխությունների», որոնց վերջին շրջանում ձեռնամուխ են եղել ՀՀ իշխանությունները: Որո՞նք են պատճառները՝ Ձեր գնահատմամբ:

-Երկու հիմնական պատճառ ենք տեսնում, որ, այսպես ասած, փոփոխություններ սկսեցին իրականացնել, դրանցից մեկը ներքին պատճառներ ունի, մյուսն՝ արտաքին: Արտաքինից սկսեմ, այսինքն՝ հիմնականում Սասնա ծռերի գործողությունից հետո իրավիճակ փոխվեց, և ՀՀ գաղութային իշխանության տերերը, այսինքն՝ տվյալ դեպքում Մոսկվան և հենց ինքը՝ գաղութային իշխանությունը, տեսան, որ այս ձևով արդեն անհնար է իրենց համար շարունակել պահել իշխանությունը և իրենց կարծիքով՝ թվացյալ լեգիտիմությունը պահել կայուն վիճակում, ու այն, ինչ որ երեկ նախատեսել էին մեր համոզումով, մի քիչ միգուցե ուշ Սասնա ծռերի գործողության պատճառով իրենք ստիպված եղան դա արագացնել, այսինքն արագացրեցին և ուղիղ կառավարումը Հայաստան երկրի: Այստեղ պարադոքսալ երևույթի ականատես ենք լինում մենք, մի կողմից կառավարումը Հայաստանի Մոսկվայի կողմից դարձավ ուղիղ՝ ի դեմս վարչապետի, որն ուղիղ այնտեղից էր նշանակված, մյուս կողմից՝ կառավարման ձևը, հասկանալով, որ կոշտ ձևով կառավարումն արդեն անհնարին է դառնում, իրենք փորձում են արտաքինից փափուկ շղարշի առկայության տպավորություն ստեղծել:

-Սկզբում խոսեցիք նաև ներքին պատճառների մասին, կմանրամասնե՞ք:

-Ներքինը՝ միևնույն տրամաբանության շարունակությամբ: Եվ որովհետև Սասնա ծռերը որպես երևույթ, այսինքն ՀՀ-ում տիրող այս իրավիճակի շարունակության անհնարինությունը և, բացի այդ, ժողովրդի տրամադրություններն ավելի բացահայտ կերպով դրսևորեց Սասնա ծռերի գործողությունը, իրենք, այսինքն ներքին առումով էլ ներքին համակարգը Հայաստանի, որ անմիջականորեն կապված է իրենց արտաքին տերերից, նաև ստիպված եղավ հաշվի նստել այն xxփաստի հետ, որ ինքը պարտավոր է շատ արագ որոշ փոփոխությունների ձևականացում բեմականացնել և նաև, իհարկե, հաշվի առնելով ապրիլին իրենց նախատեսած ընտրությունները, իրենք ստիպված եղան այդ բեմականացումը կատարել: Այսինքն դա ուներ և արտաքին, և ներքին պատճառներ:

-Արդյո՞ք այդ փոփոխություններն ամբողջությամբ բեմականացում են, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ էական բովանդակություն կրում են իրենք իրենց մեջ:

-Ես չեմ վիճարկելու այն հանգամանքը, որ կարող է, որ որոշ երևույթների պարագայում փորձ է կատարվում բացառապես մակերեսայինից այն կողմ, այսինքն մի փոքր ավելի բովանդակային որոշակի փոփոխություններ մտցնել, դա չի բացառվում, բայց դա որակ ու եղանակ չի փոխի այնքան ժամանակ, որ ամբողջ համակարգի տրամաբանությունը մնում է նույնը, այսինքն՝ Հայաստանում ճգնաժամն այնքան խորացած է, որ առանց համակարգում էական փոփոխություններ իրականացնելու, միևնույն համակարգը պահելով, որոշակի բարեփոխումներ անելով ոչ մի էական խնդիր չի լուծվի, և, իհարկե, ավելի կարևորն այն է, որ այն համակարգը, որն այսօր առկա է մեր երկրում, առաջին հերթին պայմանավորված է երկրի կախվածությունից՝ գաղութացումից, ու ինքնիշխանության կորստից: Այսինքն՝ անգամ եթե ամբողջական ազնիվ ցանկություն լինի երկրի ներքին խնդիրներն արմատապես լուծել, անգամ նման մտադրություն, ցանկություն լինելու դեպքում, որն այսօր չկա, և ես տեսականորեն եմ ասում, անգամ այդ դեպքում առանց կախվածության՝ գաղութացման խնդիրը լուծելու այդ խնդիրներն էականորեն չեն լուծվելու: Այդ երկու հարցերն անբեկանելի կերպով իրարից են կախված, ներքին փոփոխությունները և արտաքին կախվածության վերացման խնդիրը, և այն, ինչ որ մենք տեսնում ենք և Մոսկվայից, և Բաղրամյան 26-ից, ստիպված եղան արագացնել այն փոփոխությունները, որոնք իրենք միգուցե նախատեսում էին իրականացնել ավելի ուշ, բայց Սասնա ծռերի պատճառով արագացրեցին, բայց միևնույն է, որևէ խորքային, արմատական բաղադրիչներ չունեն իրենց մեջ, ընդհակառակը, փլուզման ժամկետը երկարացնելու նպատակով ձեռնարկված քայլեր են:

-Պարոն Ենիգոմշյան, ի՞նչ եք կարծում, արտաքին ազդեցությունների համատեքստում կարո՞ղ ենք եզրակացնել, որ պաշտոնական Մոսկվան փորձում է հեռացնել Ս. Սարգսյանին:

-Դա բացահայտ ակնառու ճշմարտություն է, որ Մոսկվայի համար, ինչպես ցանկացած մետրոպոլի համար, իրենց համար գավառ համարվող տարածաշրջանի ադմինիստրացիայի ղեկավարն իրենց համար սրբություն չէ, և իրենց համար իրենց գերիշխանությունն այդ վայրում ապահովելն է, հետևաբար Մոսկվան ոչ մի պատճառ չունի Ս. Սարգսյանին պահելու որպես անփոխարինելի անձ: Ներկա փուլում արդյո՞ք Մոսկվայի համար հասունացել է Ս. Սարգսյանին հեռացնելու պահը և իր համար ավելի հավատարիմ ադմինիստրացիայով այն փոխարինելու պահը, ես հիմա դժվարանում եմ ասել, բայց որ Կ. Կարապետյանի նշանակումը Մոսկվայի համար ՀՀ-ում ստեղծված իրավիճակում լուրջ մտահոգությունից է դրդված, դա ուղղակի կառավարման ուղղությամբ արված քայլ է, առայժմ ներկա փուլում դա համատեղվում է Ս. Սարգսյանի առկայության հետ միասին: Միաժամանակ մենք տեսնում ենք քայլեր, որ Ս. Սարգսյանն այս մրցակցության մեջ փորձում է իր տեղն ապահովել և 2017-ի ապրիլի «ընտրություններին», և դրանից հետո: Ս. Սարգսյանը եթե Մոսկվայի կողմից հեռացվի և ավելի հավատարիմ մարդ նշանակվի, դա առանձին վերցրած մեզ ոչ մի ձևով չպետք է ուրախացնի, քանի որ դա կլինի Մոսկվայի վերահսկողության ամրացման ուղղությամբ կատարված քայլ և ոչ թե մեր խնդիրների լուծում: Այսինքն՝ անձերն անկարևոր չեն, բայց առաջնայինն անձերը չեն, այլ երկրի ինքնիշխանությունը և ներքին առումով համակարգային էական փոփոխությունները:

-Կցանկանայի նաև անդրադառնայինք սահմանային լարվածությանը: Ի վերջո Սասնա ծռերի հիմնական պահանջներից մեկը վերաբերում էր արցախյան հիմնահարցին: Ներկայիս փուլում արդյո՞ք պատերազմի վտանգ կա:

-Ցավոք, չի կարելի բացառել դա, ներկա ռեժիմը մեր երկրում ամեն ինչ կանի, որպեսզի պատերազմի հավանականությունը բացառվի մինչև ապրիլ, և նաև առանց պատերազմի ճնշումները, պահանջները՝ տարածքներ հանձնելու, բացառվեն մինչև ապրիլ, բայց դա, իհարկե, առանձին Ս. Սարգսյանի կամ այս ռեժիմի որոշելու բանը չէ, նաև չի կարելի բացառել, որ և հիմա ԱՄՆ-ում այս անցումային փուլում մի փոքր համաշխարհային զարգացումներից մեկուսացման ամիսներ են լինում՝ առավել ևս ԱՄՆ նոր նախագահի քաղաքականության հետ կապված խնդիրները հաշվի առնելով, սա կարող է հարմար առիթ լինել և Ադրբեջանի, և Թուրքիայի, և ՌԴ համար Արցախում կամ Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու և ՀՀ կախվածությունն էլ ավելի ավելացնելու համար, դա չի կարելի բացառել, կան որոշակի ազդակներ, որ մեզ կարող են մտահոգություն պատճառել այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Նորություններ