«Պուտինը վախենում է, որ իրեն կթունավորեն, նա Մինսկում հրաժարվեց աղ ու հացից» | Region

«Պուտինը վախենում է, որ իրեն կթունավորեն, նա Մինսկում հրաժարվեց աղ ու հացից»

Հոկտեմբեր 20,2016 11:31

«Պուտինը բռնապետ է, եւ առաջին հարվածը նա հասցրել է խոսքի ազատությանը: Նա վերածվել է հոգեբույժի հաճախորդի»,- հայտարարել է Ռուսաստանում արգելված «Куклы» ծրագրի հեղինակ, դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչը: Ծրագրերից մեկում որոշ ժամանակ առաջ ոչ բարձրահասակ Պուտինին նա պատկերել էր թզուկի, լիլիպուտի տեսքով: «Նա թերարժեքության բարդույթ ունեցող անձնավորություն է եւ չի կարող հասկանալ երգիծանքը»,- մեկնաբանում է Շենդերովիչը:

Չեխական Lidove noviny հանդեսի լրագրողներ Պետրա Պրոխազկովան եւ Լիբոր Դվորժակը հարցազրույց են վարել Վիկտոր Շենդերովիչի հետ:

-Չե՞ք դիտարկում արդյոք «Куклы» ծրագիրն այսօր վերսկսելու հնարավորությունը, ասենք, ինչ-որ համացանցային ալիքով:

-Բացառվում է: Այդ ծրագիրը պատճառներից մեկն էր, որ Պուտինը ոչնչացրեց НТВ հեռուստաալիքը: Ռուսաստանի քաղաքացիները մինչ օրս չեն հասկացել, որ ազատ հեռուստատեսությունը պաշտպանում է հենց իրենց:

-Ինչո՞վ դա կբացատրեք:

-Մեզ մոտ չկա ազատության պաշտամունքի մասսայական գիտակցումը եւ չի կարող լինել: Ռուսաստանի պատմության մեջ ազատության ամիսներն ու տարիները ձուլվել են ստրկության տասնամյակների հետ: Աղետները շարունակվում են մինչ օրս: Այդ պատճառով երգիծանքի համար ժամանակ չկա: Ի՞նչ երգիծանքի մասին է խոսքը բռնապետական համակարգերում, օրինակ, ասենք, Ուզբեկստանում կամ Հյուսիսային Կորեայում: Երգիծանքը գոյության իրավունք ունի միայն ազատ հասարակության մեջ: Պուտինը բռնապետ է, եւ առաջին հարվածը նա հասցրել է խոսքի ազատությանը: Հենց դա էլ վերջ դրեց «Куклы» ծրագրին:

-Արգելքը հաջորդեց նախագահին զայրացրած ինչ-որ կոնկրետ թողարկմա՞նը:

-Ես էկրանավորել էի Հոֆմանի նովելի մի մասը, որտեղ նրա դերում հանդես էր գալիս թզուկը: Նրան թվացել էր, թե ես վիրավորում եմ իրեն: Այն ժամանակ ես չէի գնահատել աղետի ծավալները: Ես մտածում էի, որ ոչինչ տեղի չի ունենա, քանի որ դա գեղարվեստական կերպար է, եւ բացի այդ, ես Պուտինից ավելի ցածրահասակ եմ: Սակայն նա չներեց ոչ տիկնիկներին, ոչ էլ ինձ:

-Բայց այն ժամանակ Դուք պետք է որ նրան դուր գայիք, քանի որ նա տանել չէր կարողանում բարձրահասակ տղամարդկանց:

-Դա ճիշտ դիտարկում է: Ես նույնպես այդպես էի կարծում. իմ հասակը 165 սմ է, Պուտինն ավելի բարձրահասակ է՝ 167 սմ: Ես դժվար թե կարողանայի ծիծաղել նրա հասակի վրա: Փոխարենը, օրինակ, ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովն ուղղակի նրա կենսաբանական հակառակորդն էր՝ երիտասարդ, բարձրահասակ, գեղեցիկ եւ խելացի:

— Դուք ուզում եք ասել, որ «Куклы» ծրագիրը դարձավ պուտինյան բարդույթների զո՞հը:

— Նա շատ բարդույթներ ունի եւ չի կարող հասկանալ երգիծանքը: Նա ապրում է վակուումի մեջ, անգամ ինտերնետային կապ չունի: Վերջին շրջանում նրա հոգեկան վիճակը կտրուկ վատթարանում է: Նա վերածվել է հոգեբույժի հաճախորդի, ծանր վիճակում գտնվող հաճախորդի: Նա ոչ մեկին մոտ չի թողնում եւ իրեն շրջապատել է աստղագետներով, մոգերով, վհուկներով, աստղագուշակներով… Դուք մտածում եք՝ ես կատակո՞ւմ եմ: Կրեմլում այժմ ամեն ինչ արվում է հորոսկոպի եւ աստղերի համաձայն: Իր թիկնապահներին նա դարձրել է նահանգապետեր, քանի որ ոչ մեկին չի վստահում: Անձնական թիկնազորի պետին նա նշանակել է Ազգային գվարդիայի ղեկավար: Պուտինը սնվում է միայն իր վստահելի խոհարարի պատրաստած կերակուրներով:

-Ինչպես Ստալի՞նը:

-Ճիշտ այդպես: Նա վախենում է, որ իրեն կթունավորեն: Նա հրաժարվեց աղ ու հացից, որոնցով նրան դիմավորեցին Մինսկում… եւ ճիշտ է անում, քանի որ նրա շրջապատից յուրաքանչյուրն այսօր երազում է այն մասին, որ նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա:

-Ռուսաստանյան քաղաքական էլիտան ցանկանում է ազատվե՞լ Պուտինից:

-Նրանք ցանկանում են վերադառնալ 2013-2014թթ.: Այն ժամանակ Ռուսաստանում գողանում էին, թալանում, անում այն, ինչ ուզում էին, իսկ հետո գնում էին արտասահման, այնտեղ գնում բնակարաններ, բացում հաշվեհամարներ, իսկ նրանց երեխաներն ուսանում էին արտերկրի համալսարաններում:

-Ինչո՞ւ Դուք չարտագաղթեցիք այն բանից հետո, երբ Ձեզանից խլեցին Ձեր աշխատանքը եւ ստեղծագործելու ազատությունը:

-Այսօր իրավիճակն ավելի լավ է, քան ԽՍՀՄ-ում էր: Թեեւ իմ ճանապարհը դեպի հեռուստատեսություն փակ է, ես կարող եմ գրել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եւ «Նովայա գազետա» պարբերականի համար:

-Ինչո՞ւ Պուտինը ձեռք չի տալիս այդ լրատվամիջոցներին:

-Չէ՞ որ դրանք վերջին նշույլներն են, որոնցով մեզ տարբերում են Ուզբեկստանից: Մենք «Ուզբեկստան-լայթ» ենք:

-Որպես դրամատուրգ ի՞նչ ապագա եք կանխատեսում Վլադիմիր Պուտինին:

-Ես չգիտեմ, թե նա ինչպես կհեռանա պաշտոնից: Ցավոք, 15 տարվա ընթացքում նրան հաջողվեց ոչնչացնել բոլոր լիբերալ մեխանիզմները: Նա թույլ տվեց բռնապետների դասական սխալը. անձամբ վերացրեց աստիճանական փոփոխությունների հնարավորությունը, անձամբ աղետ նախապատրաստեց իր համար: Նրա վերջի համար կան զանազան տարբերակներ. Քադաֆիի, Միլոշեւիչի կամ Չաուշեսկուի տարբերակը:

-Մինչեւ 2018թ.-ն ամեն ինչ կմնա նո՞ւյնը:

-Էվոլյուցիոն ճանապարհով ոչինչ չի փոխվի: Չէ՞ որ Պուտինը չի կարող պարտվել ընտրություններում, ինչպես չէր կարող պարտվել Կիմ Իր Սենը կամ Քադաֆին: Ինձ համար ամենագլխավոր հարցն այն է, թե կմեռնի՞ արդյոք Պուտինը բնական մահով: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի դրանից հետո:

Իմ միակ հույսն այն է, որ Ռուսաստանում երբեմն հրաշքներ են տեղի ունենում: Գորբաչովի գալուստը: Հենց դա էլ այդպիսի մի հրաշք էր, թեեւ այն որոշակի օրինաչափ դրդապատճառներ ուներ: Մեզ մոտ ուտելիքը վերջացավ: Եթե ուտելիքը չվերջանար, Գորբաչովը չէր հայտնվի բեմահարթակին:

-Բայց այսօր էլ կարող է նույնը տեղի ունենալ, կարող է վերջանալ ուտելիքը:

— Այո, այդպես է: Խնդիրն այն է, որ հրաշքը մեզ մոտ լինում է այն բանից հետո, երբ տեղի է ունենում աղետը: Եվ դրան մենք մոտ ենք արդեն այսօր:

Աղբյուր՝ Lidove noviny

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Նորություններ