Գյումրու կենտրոնական աղբավայրը հասել է բնակելիներին, կուտակված աղբն անընդհատ այրում են․ վերամշակե՞լ, թե՝ վերացնել աղբը՝ 3 ծրագիր է ներկայացվել համայնքապետարան

Գյումրու համայնաքպետարանում ներդրողը ներկայացրեց իր ծրագիրը Գյումրու աղբավայրի վերաբերյալ
Գյումրիում աղբահանության խնդիրը լուծում չի ստանում արդեն տասնյակ տարիներ։ Քաղաքը փակ աղբավայր այդպես էլ չունեցավ, աղբի վերամշակում չի տարվում, բաց աղբադաշտում կենցաղային աղբը շարունակ այրվում է, աղտոտելով շրջակա միջավայրը։ Օրական տոննաներով աղբ է տեղափոխվում քաղաքային աղբանոց։ Աղբի քանակությունն այնքան է շատացել, որ արդեն մի քանի տարի է՝ այն մոտեցել է բնակելի շինություններին։
«Այս կարճ ժամանակում, ինչ պաշտոնավարում եմ, հարյուրավոր դիմումներ եմ ստացել քաղաքային աղբավայրին հարակից թաղամասերի բնակիչներից, արդարացի բողոքներ, որ այնտեղ՝ աղբադաշտում, որոշ մարդկանց կողմից աղբն այրվում է և էդ ծուխը, թունավոր նյութերը անընդհատ քամին տանում է թաղամասերը, բնակիչներն էլ էդ օդը շնչում են։ Պարտավոր ենք էդ հարցը կարգավորել»,-այս մասին այսօր ասաց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը «Արմէկոտեք» ՍՊԸ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Արմէկոտեք» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք քաղաքի աղբահանության վիճակի կարգավորման, աղբի վերամշակման ուղղությամբ, այս օրերին ծրագիր-առաջարկներ են ներկայացրել Գյումրու համայնքապետարան։
Ընկերության հիմնադիր տնօրեն Միխայիլ Բադինը Գյումրու համայնքապետարանում անցկացված քննարկման ժամանակ նշեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է աղբի վերամշակմամբ, վերացմամբ։ Ուսումնասիրել են Գյումրու աղբահանության խնդիրը, աղբի ծավալներն ու աղբադաշտի հակահամաճարակային վիճակը, աղբի վերացման ծրագիր են առաջարկում։ Նախատեսում են Գյումրիի աղբահանությունն իրականացնել իրենց մեքենաներով, քաղաքային աղբավայրից ոչ հեռու կառուցել գործարան, որտեղ կբերվի Գյումրու թաղամասերից հավաքված կենցաղային աղբը, տեղադրված վառարանում այն կայրվի, կոչնչանա։

Միխայիլ Բադին
«Նախատեսում ենք Հայաստանում կառուցել 2 գործարան, Գյումրիում և Վանաձորում։ 2 ծրագրի իրականացման համար մոտ 9 մլն դոլար է ներդրվելու, 30-50 աշխատատեղ է բացվելու համայնքներում, ամբողջությամբ նորացված ավտոպարկ է հիմնվելու։ Մենք աղբը ոչ թե վերամշակելու ենք, այլ՝ վերացնելու։ Աղբի վերամշակումը հետագայի պրոցես է, որին դեռ կհասնենք։ Բայց ի սկզբանե, ուղղակի աշխատելու ենք առանց արտանետումների։ 0 տոկոս արտանետումով աղբի վերացումն է մեր ծրագիրը»,- ասաց Միխայիլ Բադինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավանություն տվել է այս ծրագրին, հիմա լիցենզավորման փուլում են, որից հետո, ամենաշատը 9-12 ամսից գործարանը իր ամբողջ հզորությամբ կսկսի աշխատել։
«Ամեն երկրորդ մարդ ասում է, որ սա ֆանտաստիկա է, բայց մենք եկել ենք ապացուցենք, որ դա ֆանտաստիկա չէ»,- նշեց գործարարը։
«Մենք էլ հույս ունենք, որ ֆանտաստիկա չէ, քանի որ նման հավակնոտ ծրագրեր եղել են, բայց միայն թղթի վրա, դրանք իրականություն չեն դարձել, դրա պատճառով, մենք էլ մի քիչ անհավատ ենք դարձել։ Բայց այս հարցը շատ կարևոր է մեր քաղաքի համար»,- ասաց Սարիկ Մինասյանը։
Համայնքապետարանը մոտ 2 հա տարածք է տրամադրելու ծրագրին։ Ապագա գործարանի սարքավորումները, ըստ Միխայիլ Բադինի, արտադրելու է իրենց ընկերությունը, որը գործում է Ռուսաստանի Դաշնությունում։
«Հայաստանի օրենքով պիտի 10 տոկոս կանաչապատում լինի, որը առկա է, գործարանն ունենալու է պահեստարան ավտոտրանսպորտի կայանման համար, վառարան, որի չափերը կախված կլինեն Գյումրիում գեներացվող աղբի քանակից։ 16 խորանարդ մետր ծավալով վառարանը 45 րոպեում ամբողջությամբ վերացնում է դրա մեջ գտնվող աղբը։ Դա ցիկլ է։ Մեքենան գալիս է, դատարկվում, աղբը վերացվում է, հետո երկրորդն է գալիս ու այդպես շարունակ։ Այսինքն, աղբի կուտակում չի լինի։ Իսկ եթե կուտակում չեղավ, հոտ չկա, ճայ չկա։ Գործարանը կունենա նաև վարչական շենք, լաբորատորիա և այլն։ Բոլոր սարքավորումներն աշխատելու են վակուումային, ամբողջությամբ անվտանգ է լինելու։ Գործարանում աղբն ամբողջությամբ վերանում է, նույնիսկ տեսակավորում չի անցնելու։ Այսինքն, կոպիտ ասած, երկաթից ու քարից բացի ամբողջը ոչնչանում է»,- ավելացրեց Բադինը։
Ըստ ներդրողների, նոր հավաքվող աղբը միանգամից գնալու է գործարան՝ ոչնչացման։
Այն, որ կազմակերպությունը պարտավորություն է ստանձնում միայն ընթացիկ աղբը վերացնել, և ոչ թե աղբավայրի վիճակը բարելավել, Սարիկ Մինասյանի սրտովը չէր։ Նա նշեց, որ իրենց նպատակը այն է, որ եղած աղբադաշտն էլ վերանա։ Նա ներկայացրեց օրեր առաջ ավստրիացի ներդրողների առաջարկած աղբահանության ծրագիրը, որն ավելի արդյունավետ համարեց, քանի որ նրանք նախատեսում են գործարանը կառուցել աղբադաշտի վրա ու մինչև 100 մ փորելով, աղբադաշտը մաքրելով իջնելու են, աղբն էլ ոչ թե վերացնելու, այլ վերամշակելու են, քաղաքին էլ աղբահանության համար նոր տեխնիկա են տրամադրելու։ Վերամշակման հետևանքով առաջացած գազից էլեկտրաէներգիա են ստանալու, որն անվճար տրամադրելու են համայնքին։
«Լավ կլինի, որ աղբի վերացման հետ նաև աղբադաշտի վերացման ծրագիր ներկայացնեք, թե չէ մենակ սրանով չի լինի։ Համայնքի շահերից է բխում, որ մենք կուտակված աղբը վերամշակենք, ձերբազատվենք այդ աղբադաշտից։ Եթե պիտի չձերբազատվենք ու անընդհատ մեկը պիտի գնա այնտեղ աղբը վառի, էդ նույն ծուխը ելնի, իմաստ չկա էս ամեն ինչը անելու»,- ասաց Սարիկ Մինասյանը։
Գործարարն համաձայն էր ասվածի հետ, բայց հայտնեց, որ տվյալ փուլում դա իրենց պրոֆիլը չէ։
Իսկ ո՞րն է լինելու ընկերության շահը։ Բադինի խոսքով, իրենց շահն առաջնահերթ այն է, որ էկոլոգիայի հետ կապված խնդիրներ չունենա Հայաստանը։ Բացի դրանից, աղբի ոչնչացումից առաջացած թափոնը իրենից ներկայացնում է ինչ որ պարարտանյութ, որը կարող է դառնալ լոլիկի պարարտանյութ, ինչը Հայաստանը ներմուծում է։
«Մենք կարող ենք մերը ունենալ շնորհիվ մեր այս համակարգերի։ Մեր հիմնական օգուտն այն է, որ գնալով ռեգիոնները ձերբազատենք աղբավայրերից։ Ինքը ամբողջական բիզնես ծրագիր չէ, նաև զուգահեռներ ունի սոցիալական բաղադրիչի հետ»,- հայտնեց գործարարը։
Բացի դրանից, այն գումարը, որը համայնքապետարանը հատկացնում է աղբահանությանը, տրամադրելու է այս ընկերությանը։ Համայնքապետարանը ներդրումային այդ ծրագրից բաժնեմաս է ունենալու՝ մոտ 3 տոկոս։ Բնակչի համար աղբի վճարի փոփոխություն տեղի չի ունենա։
Աղբի տեսակավորում էլ չի լինելու, բայց քաղաքում կտեղադրվեն 3-4 տարբեր տեսակավորման աղբամաններ։ Գյումրիում աղբի վերամշակման ու տեսակավորման ուղղությամբ ձեռնարկներ նախկինում եղել են, բայց բոլորն էլ ձախողվել են։ Օրինակ ճապոնացի ներդրողները տարիներ առաջ հրաժարվեցին Գյումրիում աղբի վերամշակման գործարան կառուցել, քանի որ նրանց դիտարկմամբ, աղբի ծավալները քիչ էին, անբավարար։
«Մեր դեպքում ծավալ բավարարել չկա, երբ աղբը վերջացավ, սարքավորումները կանջատվեն, հետո, երբ նորից աղբ կուտակվի, կգործարկվեն։ Հիմա շինթույլտվություն ստանալու և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում է ծրագիրը։ Լիցենզիաները ստանալուն պես, 9-12 ամսվա ընթացքում կավարտենք շինարարությունը»,- նշեց Բադինը։
Ինչո՞ւ Գյումրիի աղբահանության խնդիրը սկսեց հետաքրքրել ներդրողներին, Սարիկ Մինասյանն այս հարցին կատակով պատասխանեց․«Գյումրու ոչ միայն աղբը, այլ ամեն ինչն է մեծ հետաքրքրություն առաջացնում, որովհետև աշխարհի ամենալավ քաղաքն է մեր քաղաքը։ Մեր ժողովուրդը մի քիչ էնպիսի ժողովուրդ է, որ շատ բաներ աղբի հետ թափում են, դրա համար էլ մեր աղբն էլ է հետաքրքրություն առաջացնում։ Իսկ եթե ավելի լուրջ՝ էդ հարցը շատ կարևոր է»։
Նա հավելեց․«Իմ իմանալով, մոտ 25 տարի էդտեղ բաց աղբադաշտ է, նույնիսկ ցանկապատ չկա, հիմա հանձնարարել եմ, որ էնտեղ արգելապատնեշ տեղադրեն, որ ցանկացած մեքենա չկարողանա մուտք գործել, անվտանգությունն ապահովում ենք։ Էնտեղ կան մարդիկ, որ թանկարժեք գունավոր մետաղների համար աղբն այրում են, գործողություններ պիտի կատարենք, որ էդ մարդկանց մուտքը աղբավայր արգելենք։ Տարածքը շատ մեծ է, մի կողմից արգելես, մյուս կողմից կմտնեն»։
Գյումրու աղբահանության վերաբերյալ 3-րդ առաջարկը համայնքապետարան կներկայացվի օրերս։ Այն լսելուց հետո նոր որոշում կկայացվի, թե որ մեկն ընտրել։
Սարիկ Մինասյանը վստահեցրեց՝ որպեսզի հերթական ձախողումը չլինի, գրագետ իրավաբանների միջոցով են կնքվելու պայմանագրերը, որպեսզի այն, ինչ խոստացել են պայմանագրով, մինչև վերջ կատարեն․«Իսկ եթե իրենց խոստումները կամ ներդրումային ծրագրերը ոչ լիարժեք անեն, ապա կենթարկվեն վարչական, ֆինանսական պատասխանատվության, ու էդ դեպքում արդեն ավելի իրատեսական ծրագրերով հանդես կգան»։
Կարինե Կազարովա