Շնորհիվ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի՝ Շիրակի մարզում իսպառ դատարկվել է «երկու քաղաք» կամ «20 գյուղական բնակավայր» | Region

Շնորհիվ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի՝ Շիրակի մարզում իսպառ դատարկվել է «երկու քաղաք» կամ «20 գյուղական բնակավայր»

Հոկտեմբեր 22,2015 14:48

Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ մարզպետի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները բավականին ուշագրավ տեղեկություններ են հաղորդում՝ մարզում ինչ աշխատանքներ են կատարվել տարբեր տարիների ընթացքում, ինչ ներդրումներ են կատարվել, ինչ միջոցներով, ինչ ձեռքբերումներ են արձանագրվել եւ այլն: Տարեկան հաշվետվություններն ուշագրավ մանրամասներ են հաղորդում նաեւ բնակչության թվի վերաբերյալ:

Եվ այսպես, 2011 թվականին մարզի բնակչությունը կազմել է 282 հազար մարդ, որից քաղաքային երեք համայնքներում ապրող բնակչության թիվը կազմել է 169.600 մարդ, իսկ 116 գյուղական համայնքներում՝ 112.400:

 

Արդեն 2012 թվականին, համաձայն Շիրակի մարզպետարանի կայքում զետեղված հաշվետվության, բնակչության թիվը կտրուկ նվազել է:

Ընդհանուր բնակչությունը 2012 թվականին կազմում է 251 941 մարդ.

Քաղաքային համայնքներում՝ 146 908 բնակչությամբ (58.3%), 116 գյուղական բնակավայրերում՝ 105 033 բնակչությամբ:

2013, 2014 թվականների հաշվետվություններում 2012 թվականի՝ բնակչության թվին առնչվող տվյալները կրկնվում են նույնությամբ: Ոչ մի թիվ ենթարկված չէ փոփոխության՝ անցած չորս տարիների ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ արտագաղթը մարզի բնակավայրերից ինտենսիվորեն շարունակվել եւ շարունակվում է:

 

Շիրակի մարզպետարանի կայքէջում տեղադրված է նաեւ 2015 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ վերլուծությունը: Դարձյալ նույնն են թվային տվյալները. այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով մարզն ունի 251.9 հազար բնակչություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, բնակչության ընթացիկ հաշվառմամբ, Շիրակի մարզի բնակչության թիվը կազմում է 245.500 մարդ:

2011-2015 թթ.-ի տվյալների համադրությունը բավական է հասկանալու համար, թե ինչ աղետալի վիճակ է, ինչ ահագնացող տեմպերով են դատարկվում Հայաստանի գյուղերն ու քաղաքները:

Սերժ Սարգսյանը, ով մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հրավիրել էր Բաղրամյան 26 եւ տեսախցիկների առաջ ցուցադրական հայտարարություններ էր անում մարզն ուշադրության կենտրոնում պահելու, ներդրումներին զարկ տալու, անօթեւանության խնդիրը լուծելու եւ այլնի վերաբերյալ, հարկ է, որ ծանոթանա, թե ինչ է կատարվել Շիրակի մարզում՝ իր պաշտոնավարման տարիներին:

Մարզի բնակչությունը պակասել է 36.500 հազարով. Շիրակի մարզի երեք քաղաքային բնակավայրերից հեռացել է 26.600 քաղաքացի, իսկ 116 գյուղական համայնքներից ընդհանուր առմամբ՝ 9900 մարդ:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է կատարվել, նշենք. քաղաքային բնակավայր համարվող Արթիկում բնակչության թիվը կազմում է շուրջ 15.000, Մարալիկում՝ 7700:

Պարզ հաշվարկներով, Շիրակի մարզի քարտեզի վրայից «ջնջվել», իսպառ դատարկվել է ամենահամեստ հաշվարկներով՝ «երկու քաղաք», կամ «20 խոշոր գյուղական բնակավայր»՝ դարձյալ համեստ հաշվարկներով (օրինակ՝ Ախուրիկում ապրում է 1083 բնակիչ, Հայկավանում՝ 1187, Լուսաղբյուրում՝ 617, Աղինում՝ 542, Անուշավանում՝ 2081, Լանջիկում՝ 936, Գեղանիստում՝ 1204 եւ այլն):

Արմենուհի Վարդանյան

Նորություններ