«Այս որոշմամբ փակվում է պարզեցված հարկի պատուհանը․ Հույս ունեմ՝ վարչապետը, որ ասում է՝ հարստացեք եւ հարստացրեք, իր այդ թեզն առաջինը մեզ վրա կօգտագործի»․տնտեսվարողները բողոքի ցույցերը չեն դադարցնում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ցույցի մասնակիցների միջև հանդիպում քննարկումից շատերը դժգոհ էին, հույս չունեին, որ կառավարությունը կընդառաջի
Տնտեսվարողներն այսօր՝ գործարարի միջազգային օրը, կրկին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ Նրանց չի գոհացրել կառավարության նիստում կայացրած որոշումն, ըստ որի՝ վեց ամսով անցումային ժամանակաշրջան է սահմանվում, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։ Այսօր փոսքր ու միջին ձեռներեցներն, ինչպես ավելի վաղ հայտնել էին, գործադուլ են անում։
«Կառավարությսն որոշումը մեզ չի գոհացրել: Դա վերաբերում է հունվարի 1-ի դրությամբ իրենց ապրանքը գույքագրած տնտեսվարողներին, իսկ նման մարդ չկա: Այս որոշումը խաբեություն է կառավարության կողմից: Նրանք տեղյակ էին մեր այսօրվա մեծ ցույցի մասին, այդ պատճառով անմիջապես փորձեցին մեր ցույցը տապալել: Ոչ մի օրենքի քննարկում և նախագծի հետաձգում չկա Այսօրվա մեր գործադուլը պատասխանն է կառավարության անպատասխանատու պահվածքին»,-այսօր հայտարարեցին բողոքի ցույցի մասնակիցները։
Հիշեցնենք, տևական ժամանակ է՝ տնտեսավարողները դժգոհում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից, ըստ որի՝ շրջանառության հարկի շեմը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։
Ցույցի մասնակից Կարինե Գևորգյանը վստահեցրեց, որ բողոքի ցույցերն իրականացվում են ոչ միայն մայրաքաղաքում, այսօրվանից մարզերում՝ ևս։
Տիկին Կարինեն ասաց՝ հայտարարությունները, թե կառավարությունն ընդառաջել է տնտեսվարողներին, և նրանք շարունակելու են աշխատել 5 տոկոս հարկի պայմանով, չի համապատասխանում իրականությանը․«Ուղղակի զարմանալի է: Ինչպես էլ մտածում ենք, չենք կարողանում լուծումներ գտնել այս իրավիճակում: Այսօրվա կառավարության կայացրած որոշումներին հակադարձելու համար 2 համալսարան ավարտած մարդը պետք է ավարտի երրորդ՝ «ստի ինստիտուտը»: Ի˚նչպես կարելի է այսպես խաբել մարդկանց, աչքերի մեջ նայելով»:
Ցույցին մասնակցում էին նաև մարզերի տնտեսվարողները։
ՓՄՁ ասոցիացիայի Շիրակի մարզի տնօրեն Կարեն Ավագյանը ներկայացրեց , թե հարկային այս փոփոխությունից մարզերում ինչ իրավիճակ է ստեղծվել, ասելով՝ այս որոշումը խոչընդոտ կհանդիսանա շուկայում նոր գործարարների ընդգրկման և աճի ապահովման առումով։ Նա ասաց, որ պետք է ստեղծվի այնպիսի բիզնես միջավայր, որ ցանկացած նոր գործարար հեշտությամբ վարի իր բիզնեսը․« Իսկ Հայաստանում այս որոշմամբ փակվում է պարզեցված հարկի պատուհանը, և փոքր ձեռնարկատիրությունը ստիպողաբար տեղափոխվում է ԱԱՀ-ի ոլորտ»:
Այնուհետև տնտեսվարոողները քայլերթով շարժվեցին դեպի Էկոնոմիկայի նախարարություն, հայտարարելով․«Նախարարության թաղում կազմակերպենք․ եթե նախկինում կար էկոնոմիկայի նախարարություն, այժմ ընդհանրապես չկա, մեռել է»։
Նախարարության շենքի մոտ տնտեսվարողներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ առաջարկելով ներսում քննարկել խնդիրը։
Էդ թեստից արդեն 10 անգամ անցել ենք, բոլորին տեսել ենք, բոլորի հետ զրուցել ենք»,-ասացին ցույցի մասնակիցները։
«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր գործիչ, եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ ցույց անեն, ես շատ հարգում եմ նրանց, իսկ ով գործարար է՝ գնանք ներսում քննարկենք»,-արձագանքեց նախարարը։
«Մեր քաղաքականությունը սա է, ձեր պատկերացումները՝ սա են, բայց ինչ որ մի հատված կա, որտեղ խնդիրները հատվում են։ Մի քիչ դուք պիտի գաք մեր դաշտ, մի քիչ մենք, որ դրանք լուծենք»,- արդեն նախարարությունում տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա ասաց, որ հիմնական խնդիրը որոշ խոշոր բիզնեսում է, որոնք աշխատում են ոչ փաստաթղթավորված՝ խնդիրներ ստեղծելով ընդհանուր տնտեսական կյանքում։
Նախարարը տնտեսվարողներին առաջարկեց գրավոր ընդհանուր առաջարկներ մշակել, ներկայացնել ու քննարկել դրանք։
«Երկրի մեջ ամենագլխավոր բանը մարդն է, որ դուք չեք մտածում մարդու մասին»,- տեղից հայտարարեց տնտեսվարողներից մեկը։
Քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ հնարավոր չէ մեկ միասնական հարկային համակարգ ունենալ, նման երկիր աշխարհում չկա։Առաջարկ հնչեց, որ ԱԱՀ-ի գոտում աշխատող ձեռնարկությունների հարկման 115 միլիոն շեմը դարձնել 180 միլիոն, իսկ ՓՄՁ-ների դեպքում 24 միլիոնի չհարկվող շեմը՝ 38 միլիոն։
Քննարկման ընթացքում ընդհանուր համաձայնություն հարկային քաղաքականության մասին ձեռք չբերվեց։ Պապոյանն առաջարկեց որոշակի պարբերականությամբ եւ ինչ-որ ձեւաչափով ցուցարարների հետ հանդիպումներ կազմակերպել ՓՄՁ ասոցիացիայի միջոցով, կքննարկվեն բոլոր խնդիրները եւ փոխզիջումային տարբերակներ կգտնվեն։
«Տեսնենք՝ ինչ կստացվի։ Հույս ունեմ՝ վարչապետը, որ ասում է՝ հարստացեք եւ հարստացրեք, իր այդ թեզն առաջինը մեզ վրա կօգտագործի»,-հանդիպումից հետո ասաց ցուցարարներից մեկը։
Տնտեսվարողներն ասաց, որ բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա մարտի 10-ին, կառավարության շենքի դիմաց: Տնտեսվարողների պահանջը անփոփոխ է, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վստահ լինելով, որ հարցի միակ հասցեատերը և որոշում կայացնողը նա է:
Նիկոլ Մարգարյան
Նորություններ

