Սոված գառն էլ է երկու մոր կաթ ուտում. ռուսաստանցի քաղաքագետը՝ Հայաստանի «եւ-եւ» քաղաքականության մասին | Region

Սոված գառն էլ է երկու մոր կաթ ուտում. ռուսաստանցի քաղաքագետը՝ Հայաստանի «եւ-եւ» քաղաքականության մասին

Հոկտեմբեր 19,2015 14:52

Եվրամիության կողմից Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մանդատի հաստատումը նոր հարցեր է առաջացնում: Արդյո՞ք այս անգամ եւս Հայաստանը վերջին պահին չի հրաժարվի ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրելու մտքից, ինչպես դա եղավ երկու տարի առաջ, երբ անգամ իշխանությունների հավաստիացումներից հետո, թե Հայաստանը չի կարող անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ չունի ընդհանուր սահմաններ, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն արեց շատերի համար անսպասելի հայտարարություն:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՄ-ի հետ շուրջ 4 տարի Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ վարեց, եւ երբ թվում էր, թե այլեւս անխուսափելի է Հայաստանի եվրոպական ապագան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ՀՀ-ն ցանկանում է մաս կազմել ԵՏՄ-ին: ՌԴ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչեւը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը, նշեց.

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում: Դժվար թե Ռուսաստանը ԵՄ-ի հետ Հայաստանի նոր համաձայնագիրն ընդունի խանդավառությամբ, բայց վերջիվերջո, դուք սուվերեն պետություն եք: Հնարավո՞ր է միանգամից նստել երկու աթոռի վրա՝ հիմնականում կախված է նստել ցանկացողից: Ռուսաստանի հետ խնդիրներ կարող են լինել: Բայց քաղաքականության արվեստը դա ունակությունն է քաղել օգուտներ, այդ թվում վարել բազմավեկտոր քաղաքականություն: Սեփական օգուտները պահանջում են ոչ միայն հաշվարկված մոտեցում, այլ նաեւ մի քանի անգամ կշռադատված: Ռուսաստանը եւ Հայաստանը գործընկերներ են, բայց ավելի լավ է մանեւրի տեղ ունենալ, քան չունենալ ընդհանրապես»:

Դիտարկմանը, թե այս պարագայում «խելոք գառի» կարգավիճակում գտնվող Հայաստանը չափազանց միամի՞տ է եւ չի՞ պատկերացնում եվրոպական ապագայի փնտրտուքներից բխող ռիսկերը, թե՞ հակառակը՝ «խելոք գառն» իրականում խորամանկ է:

«Նա պարզապես սոված է: Խորամանկությունը լավ է, երբ այն աննկատ է: Իսկ միամտությունը կարող է եւ շինծու լինել: Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամությունն անկոտրում կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն չի զգա ընտրության հնարավորությունից զրկված, տուժված եւ վիրավորված»,- նշեց քաղաքագետը:

Կոնստանտին Կալաչեւի կարծիքով, Հայաստանը կարող է վարել ինքնուրույն, սուվերեն երկրին վայել արտաքին քաղաքականություն՝ իր կարծիքը հիմնավորելով այսպես. «Սուբյեկտիվությունը որոշվում է հասարակության պահանջներով, իսկ Ձեզ մոտ առկա է ժողովրդավարական համակարգ»:

Նախորդ շաբաթ հաստատվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի՝ այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից զբաղեցնելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց Տիգրան Սարգսյանի թեկնածության վրա, ռուսաստանցի քաղաքագետը նշեց, որ այդ հարցի պատասխանն ավելի լավ գիտեն Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի իշխանությունները:

«Ըստ երեւույթին, պարոն Սարգսյանն ունի բազմաթիվ անհատական, մասնագիտական որակներ, փորձ եւ գիտելիքներ: Իսկ ընդհանուր առմամբ, հեռանկարային առումով, Պուտինը կցանկանար ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության մերձեցումը»:

Կա տեսակետ, որ Տիգրան Սարգսյանը սկսելու է միասնական արժույթի՝ ալթընի անցման գործընթացը, որ նրա առաքելությունը ԵԱՏՄ-ում հենց դա է լինելու:

ՌԴ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավարը կասկածելի է համարում մոտ ապագայում ալթընի ներդրման գաղափարը: Նախ այն պատճառով, որ այդ մտադրությունը միասնական աջակցություն չի վայելում ԵԱՏՄ-ում: Ղազախստանն ու Բելառուսը դեմ են միասնական արժույթի անցման գաղափարին:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ