Թրամփը պնդում է, որ Իրանը բանակցությունների առաջարկ է արել, մինչդեռ ԱՄՆ-ն դիտարկում է «խիստ» ռազմական գործողություններ | Region

Թրամփը պնդում է, որ Իրանը բանակցությունների առաջարկ է արել, մինչդեռ ԱՄՆ-ն դիտարկում է «խիստ» ռազմական գործողություններ

Հունվար 12,2026 11:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը առաջարկել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ, մինչդեռ ինքը դիտարկում է «շատ ուժեղ» ռազմական գործողություններ վարչակազմի դեմ՝ ցուցարարների նկատմամբ իրականացված արյունալի ճնշումների պատճառով, որոնց հետևանքով, ըստ հաղորդումների, հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Կիրակի օրը, պատասխանելով Air Force One օդանավում լրագրողների այն հարցին, թե արդյոք Իրանը հատել է իր կողմից նախկինում նշված «կարմիր գիծը»՝ կապված ցուցարարների սպանությունների հետ, Թրամփն ասել է. «Թվում է, թե նրանք սկսում են դա անել»:

«Մենք դրան շատ լուրջ ենք նայում։ Զինվորականներն ուսումնասիրում են իրավիճակը, և մենք դիտարկում ենք մի քանի շատ խիստ տարբերակներ: Մենք որոշում կկայացնենք»,- նշել է ԱՄՆ նախագահը

 The Guardian-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տեղակայված Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության (HRANA) տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի շուրջ ծավալված բռնությունների հետևանքով զոհվել է առնվազն 538 մարդ, այդ թվում՝ 490 ցուցարար: Խումբը հայտնել է, որ Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել է ավելի քան 10,600 մարդ:

Մարդու իրավունքների մեկ այլ դիտորդ՝ Նորվեգիայում տեղակայված «Իրանի մարդու իրավունքներ» խումբը, կիրակի օրը հայտարարել է, որ սպանվել է առնվազն 192 ցուցարար: Իրավապաշտպան խմբերի՝ զոհերի վերաբերյալ թվերը տարբերվում են,  քանի որ Իրանում ինտերնետի անջատման պատճառով նրանք դժվարանում են կապ հաստատել Իրանի ներսում գտնվող մարդկանց հետ, սակայն ենթադրվում է, որ բոլոր թվերն էլ իրականից ցածր են ներկայացված: Վարչակազմը սեփական տվյալներ չի տրամադրել, և հնարավոր չի եղել դրանք անկախ կերպով ստուգել:

Թրամփը հայտարարել է, որ կփրկի ցուցարարներին, եթե Իրանի կառավարությունը սպանի նրանց: Շաբաթ գիշերը նա վերահաստատել է միջամտելու իր սպառնալիքը. «Իրանը ձգտում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ավելի քան երբևէ։  ԱՄՆ-ն պատրաստ է օգնել!!!»— գրել է Թրամփը Truth Social-ում:

Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը զգուշացրել է Վաշինգտոնին «սխալ հաշվարկից»՝ ասելով, որ Իսրայելը և ԱՄՆ շահերը Մերձավոր Արևելքում կլինեն «օրինական թիրախներ»։

«Եկեք հստակ լինենք. Իրանի վրա հարձակման դեպքում օկուպացված տարածքները, ինչպես նաև ԱՄՆ բոլոր բազաներն ու նավերը կլինեն մեր օրինական թիրախը»,— ասել է Ղալիբաֆը, ով Իրանի էլիտար Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար է:

Axios-ը  և The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, գրում են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ քննարկում է Իրանում բողոքի ցույցերին աջակցելու մի քանի տարբերակ։

Թեև Թրամփը դեռևս որոշում չի կայացրել որևէ քայլի ձևի և մասշտաբի վերաբերյալ, The Wall Street Journal-ը հայտնել է, որ հունվարի 13-ին կոնկրետ տարբերակներ կներկայացվեն նախագահին:

 

Նորություններ