«Սոլովյովը խոսում էր ԱՄՆ-ի համար։ Նա ասում է՝ եթե ԱՄՆ-ն կիսագնդի արևմտյան մասը համարում է իր ազդեցության գոտին, մենք իրավունք ունենք ԽՍՀՄ արևելյան մասը համարել մեր ազդեցության գոտին». Ստեփան Դանիելյան
Ռուսաստանցի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ առաջարկել է «թքած ունենալ միջազգային իրավունքի վրա» և «մտածել Հայաստանում ու Կենտրոնական Ասիայում «ՀՌԳ» (հատուկ ռազմական գործողություն) իրականացնելու հնարավորության մասին»։
«Հիմա մենք չպետք է զբաղվենք ոչ Սիրիայով, ոչ Վենեսուելայով։ Մենք չպետք է կորցնենք մեր դիրքերը։ Բայց մեզ համար ամենակարևորը մեր մերձավոր արտերկիրն է։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է։ Կենտրոնական Ասիայի խնդիրները՝ ահա թե որտեղ են մեզ համար հսկայական խնդիրները։ Եվ մենք պետք է շատ հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու խնդիրները։ Մենք պետք է բացատրենք՝ «խաղերն ավարտվեցին»։ Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա։ Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել «ՀՌԳ» Ուկրաինայի տարածքում, ապա ինչո՞ւ, ելնելով նույն նկատառումներից, մենք չենք կարող սկսել «ՀՌԳ» նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում։ Թերևս մեզ անհրաժեշտ է ձևակերպել մեր ազգային դոկտրինը և հստակ ասել, թե որն է մեր ազդեցության գոտին։ Եվ ամեն ինչ պարզ կլինի»,- պնդում է Սոլովյովը։
«Այն, ինչ ասում է Սոլովյովը, նորություն չէ։ Դա համաշխարհային կարծիք է, որովհետև բոլորն արդեն թքած ունեն միջազգային հարաբերությունների վրա, քանի որ դրանք արդեն քանդված են»,- RegionsTV-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա ընդգծում է՝ միջազգային իրավունքը դադարում է էական դեր խաղալ, գերտերությունները գործելու են՝ ելնելով սեփական շահերից և ազդեցության գոտիներից՝ արհամարհելով այն նորմերն ու կանոնները, որոնք նախկինում կարգավորում էին միջազգային հարաբերությունները։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ «երբ Թրամփն ասում է, որ ցանկանում է միացնել Գրենլանդիան, որովհետև իրեն այդպես է պետք ու այդպես է ուզում, և որ ողջ Ամերիկան՝ և՛ Հյուսիսայինը, և՛ Հարավայինը, պետք է պատկանեն Միացյալ Նահանգներին, ու ոչ ոք, այսինքն՝ աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրները, իրավունք չունեն միջամտել իր գործերին, դա խոսում է այն մասին, որ միջազգային հարաբերությունները վաղուց քանդված են և բոլորը թքած ունեն դրա վրա։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, նույնն է, քանի որ Միացյալ Նահանգների նախագահն ընդունում է, որ եթե Ռուսաստանը ուժեղ է, նա կարող է միացնել Ուկրաինայի որոշ շրջաններ, որովհետև դա Ռուսաստանի անվտանգության գոտին է։ Իսկ ողջ Ամերիկան՝ երկրագնդի ողջ արևմտյան մասը, Միացյալ Նահանգների ազդեցության գոտին է»։
Քաղաքագետը կարծում է, որ «մենք արդեն թևակոխել ենք իմպերիալիզմի դարաշրջան, այն իմպերիալիզմի, որը կար 19-րդ դարում, որի մասին գրում էին Լենինը, Մարքսը և մյուս կոմունիստ-սոցիալիստները։ Հիմա մենք վերադառնում ենք 19-րդ դար։ Խոշոր տերությունները աշխարհը բաժանելու են միմյանց միջև։ Սա իմպերիալիզմի ժամանակաշրջան է»։
Ստեփան Դանիելյանն ասում է, որ պետք է պարզապես հիշել Սոլովյովի նախկինում ասածները․«Նա ասում էր՝ «մենք կարող ենք Բեռլինից գողանալ Գերմանիայի կանցլեր Մերցին և բերել Մոսկվա, կարող ենք «Սարմատայով» հարվածել Լոնդոնին, Բրիտանիային, և Բրիտանիայից ոչինչ չի մնա»։ Այդպիսի մեջբերումները շատ են։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա Կրեմլի սպառնալի՞քն է Գերմանիային, Մեծ Բրիտանիային»։
Սոլովյովը, ըստ Դանիելյանի, լրագրող է, քարոզիչ, և նա ինչ-որ առումով փոխանցում է որոշակի մեսիջներ։ Նկատում է՝ հիմա ողջ աշխարհում է այդպես։ Օրինակ՝ երկու օր առաջ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ եթե հնարավորություն ունենար, կձերբակալեր Ռուսաստանի նախագահ Պուտինին․« Սա նոր ոճ է ողջ աշխարհում։ Հիմա նախագահներն այդպես են խոսում։ Այնպես որ, սա լուրջ չէ։ Սոլովյովը խոսում էր ԱՄՆ-ի, այլ ոչ թե Հայաստանի համար։ Նա ասում է, որ «ԱՄՆ-ն կիսագնդի արևմտյան մասը համարում է իր ազդեցության գոտին, իսկ մենք իրավունք ունենք Խորհրդային Միության տարածքի արևելյան մասը համարել մեր ազդեցության գոտին։ Քանի որ դուք այդպես եք համարում, մենք էլ կարող ենք այդպես համարել»։ Կարծում եմ՝ դա ուղերձ էր Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե Հայաստանին։ Հայաստանին ոչ ոք լուրջ չի ընդունում, որպեսզի ինչ-որ բան ասի, սպառնա կամ ինչ-որ բան անի։ Կրկնում եմ՝ սա մեսիջ է Միացյալ Նահանգներին»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական մեդիահոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ:
«Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,-հայտնել է ԱԳՆ խոսնակը։
Զաբելա Ավագյան
