Կաշառք ստանալու համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից։ Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է՝ ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու համար 2025 թվականի օգոստոսին նրա հորից կաշառք է ստացել:
Պարզվել է նաև, որ մեկ այլ ուսանողի ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու համար, ինստիտուտի նախկին ուսանողներից մեկի օժանդակությամբ, 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել ուսանողի ծնողից:
Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ամբիոնի վարիչին կաշառք տված և նրա կողմից կաշառք ստանալուն օժանդակած երեք անձանց: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
