Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։
Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։
Նրա խոսքով՝ շատերը սպասում են, որ Իրանում անկայունություն կլինի և կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։
«Հենց դա էլ ի սկզբանե ծրագրված է եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»,- հավելել է դեսպանը։
