Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է, «Չեմ կարող» այլևս չի լինելու. Գևորգ Սուջյան | Region

Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է, «Չեմ կարող» այլևս չի լինելու. Գևորգ Սուջյան

Հունվար 15,2026 10:15

«Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով,որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձաց Գևորգ Սուջյանը։

«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։

Այս օր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից, լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։

Մի գուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի’կ, իմացե’ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։

Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է։

Նոր կյանք, նոր պայքար»։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Ես ձեզ չեմ լքել տղաներ,հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»:

Հիշեցնենք, որ  երեկ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

Նորություններ