«2018-ից հետո Հայաստանում երբեք հանրահավաք չի արգելվել, մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել»․Փաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին | Region

«2018-ից հետո Հայաստանում երբեք հանրահավաք չի արգելվել, մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել»․Փաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին

Հունվար 15,2026 14:26

Մենք ամեն ինչ արել ենք, և կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Իրանի դեսպանի հայտարարություններին։

«2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Այլ բան, որ մենք կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ոչ Իրանի Իսլամական Հանրապետության, ոչ էլ այլ դեսպանատան աշխատանքը»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ-ն, ըստ Փաշինյանի, Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր է։ Նա հայտարարեց՝ պաշտոնական Երևանն ուշադիր կհետևի Իրանի մտահոգություններին և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության որևէ խնդիր չառաջանա։

«Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքով»,- հայտնեց վարչապետը։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին անդրադառնալով դեսպանատան առջև տեղի ունեցող բողոքի ցույցներին, երեկ հայտարարել է, որ «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը․․․ Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»։

Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ից մեկնարկած  բողոքի ցույցերը շարունակվում են, սկզբում ցույցերի պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն ու գնաճն էր, հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում հակառավարական ցույցերը արյունալի հետևանքներ են ունենում, ըստ միջազգային լրատվամիջոցների ու կազմակերպությունների, զոհերի թիվը հատել է 2,500-ը։

 

 

Նորություններ