Կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին | Region

Կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին

Հունվար 16,2026 13:50

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախագիծը ներկայացնելու ժամանակ նշեց, որ ներկայում ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց հետ կապված իրավահարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, մի շարք առանցքային հարցեր բաց են մնացել, իսկ որոշ դրույթներ տարբեր իրավական ակտերում ամրագրված են մասնակի և չհամակարգված ձևով։

Ուստի, ըստ նախարարաի, անհրաժեշտ է ընդունել առանձին շրջանակային օրենք, որը կապահովի ոլորտի ամբողջական իրավական կարգավորումը։

Նախագծով սահմանվում է «անհայտ կորած անձ» հասկացությունը։

Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է, որ այդպիսի կարգավիճակ կարող են ստանալ ինչպես զինծառայողները, այնպես էլ զինծառայության մեջ չգտնվող այլ անձինք, այդ թվում՝ կամավորականները, որոնք անհետացել են ռազմական գործողությունների ընթացքում կամ դրանց հետ կապված պայմաններում՝ պաշտպանության գործողություններին մասնակցելիս, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդած խաղաղ պայմաններում։

Բացի այս, նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքները։ Ընտանիքի անդամներն իրավունք կունենան ստանալ հավաստի տեղեկություններ անհետացման պատճառների ու հանգամանքների, գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների և հուղարկավորման վայրի վերաբերյալ, ինչպես նաև ստանալ մարմինը կամ մասունքները։

Ստեղծվելու է անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին

Նախագծը կարգավորում է նաև անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացը և դրա դադարեցման հիմքերը։ Հետախուզման դիմումը կարող է ներկայացվել լիազոր մարմին՝ ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո տվյալները մուտքագրվում են միասնական ռեեստր։

Լիազոր մարմինը, ըստ նախագծի, հարցումներ է ուղարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ   տեղեկատվությունը պետք է ներկայացվի 15-օրյա պարբերականությամբ։ Նախարարն ասաց, որ հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրի, հուղարկավորման վայրի կամ մարմնի մասունքների հայտնաբերումից հետո երեք օրվա ընթացքում, սակայն դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում, եթե մարմինը չի հայտնաբերվել, որոնումը չի դադարեցվում։

Նախագծով սահմանվում է սոցիալական աջակցությոնն և արտոնություններ՝  անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքին կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն, բնակարանային աջակցություն, կրթական արտոնություններ, կենսաթոշակ և նպաստներ, հարկային արտոնություններ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական օգնություն։

Նախարարի փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների, հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները ներառվել են վերջնական փաթեթում։

 

 

Նորություններ