Կարո՞ղ են նույն կերպ հայրենիք վերադառնալ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու Ռուբեն Վարդանյանը | Region

Կարո՞ղ են նույն կերպ հայրենիք վերադառնալ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու Ռուբեն Վարդանյանը

Հունվար 17,2026 13:48

«Մեկ տարի առաջ մեկնարկել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների «դատավարությունը»։ Այս «դատավարությունները» չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ իրականացվում են արդար դատաքննության երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ինչ վերաբերում է 4 հայ գերիների վերադարձին և 2 վարձկանների հանձնմանը Սիրիա, Սահակյանն ընդգծեց՝ քաղաքական և ոչ թե իրավական որոշումների շնորհիվ է դա տեղի ունեցել։ «Գերիների խնդիրը երկկողմ հարաբերություններում քաղաքական խնդիր է, և հարցը լուծում չի ստացել իրավական մեխանիզմների շնորհիվ»,–ավելացրեց Սահակյանը։

Կարո՞ղ են նույն կերպ հայրենիք վերադառնալ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու Ռուբեն Վարդանյանը։ «Նրանց պարագայում ևս հնարավոր է վերադարձ ապահովել առանց իրավական ձևականությունների. մենք ունեցել ենք նման նախադեպ, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանում, իսկ վարույթը կարճվել է, որովհետև դատարանը հայտնել է, որ ամբաստանյալը գտնվում է երկրից դուրս»,–նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Բաքվից Հայաստան են վերադարձել Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։

Նորություններ