Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել։
Այս մասին Գագիկ Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտի բացակայությունն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար, այն կամքը, որ պետք է լինի, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն, միայն ֆեդերացիայի ջանքերով կամ մենակ ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձևերը հնարավոր չէ զարգացնել»,-ասաց Սարգսյանը:
Սարգսյանը պնդել է, որ տարիներ շարունակ իրենց բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։
Նա շնոհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իր պաշտոնավարման ընթացքում եղել են իր կողքին։
Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար էր ընտրվել 2005 թվականին, իսկ հետագայում դարձել ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք՝ Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն հարցում էր ուղարկել ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։
