ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին․ Մարթա Կոս
Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևն ու Կոսը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ հարցեր: «Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը»,-հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ նույն աղբյուրի՝ Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։
