«Ինչպես է պատահել, որ այրվածքի որևէ հետք չկա, եթե հագուստը դեպքի պահին եղել է Գարուշի հագին»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում իրեղեն ապացույցները կասկածի տեղիք են տվել | Region

«Ինչպես է պատահել, որ այրվածքի որևէ հետք չկա, եթե հագուստը դեպքի պահին եղել է Գարուշի հագին»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում իրեղեն ապացույցները կասկածի տեղիք են տվել

Փետրվար 06,2026 20:04

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով դատական այսօրվա նիստում դատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները՝ զինվորների հագուստների կտորներ, պարկուճներ և զինվորական այլ պարագաներ:

Հերթով ուսումնասիրվեցին զինծառայողներին պատկանող փաթեթները: Երբ հերթը հասավ գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանին պատկանող փաթեթի ուսումնասրմանը, տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց. «Ենթադրաբար, Եղիշե Հակոբյանին պատկանող բաճկոնի վրա, հրդեհի որևէ հետք առերևույթ չի երևում: Ենթադրաբար, բաճկոնի վրա կան նաև արհեստական եղանակով արված կտրվածքներ: Պետք է պարզել, թե դրանք ի՞նչ հետքեր են: Ակնհայտորեն, Եղիշե Հակոբյանին պատկանող հագուստը ամբողջական չէ»:

Մահացած զինծառայողների հարազատներն էլ կասկածներ հայտնեցին, որ հագուստի վրայից անգամ ծխի հոտ չի գալիս:

«Ձմեռային համազգեստը իմը չի, ես նմանատիպ բուշլատ չեմ ունեցել: Դրա վրա հետախուզական նշաններ կան, նաև իմի վարատնիկը նմանատիպ չի եղել: Ներքնաշորը ևս իմ հիշելով իմը չի, միայն շալվարն է իմը»,-արձագանքեց Եղիշե Հակոբյանը։

Նորայր Նորիկյանն էլ նշեց, որ «պետք է հասկանալ, թե այս բաճկոնն ո՞ւմ կողմից, ե՞րբ, ի՞նչ նպատակներով, ի՞նչ հանգամանքներում, ու որտեղի՞ց է հայտնաբերվել, ու, ինչպես նկատեց փաստաբանը, առանց վնասումների։ Ի՞նչ հանգամանքներում է այն դրվել որպես Եղիշե Հակոբյան հագուստ, ու՞մ միջոցով է տրամադրվել փորձագիտական կազմակերպությանը»:

Հրդեհից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանին պատկանող իրերի ուսումնասիրման ժամանակ ևս, երբ հերթը հասավ հերթական շապիկին, Նորայր Նորիկյանը փաստեց, որ հագուստի վրա մկրատով արված կտրվածքի հետքեր են առկա, իսկ այրվածքի որևէ հետք հագուստի վրա չկա.«Այս հանգամանքը ևս ուշադրության է արժանի: Ինչպես է, որ այրվածքի որևէ հետք չկա, եթե հագուստը պատկանել է Գարուշին, ու դեպքի պահին եղել է նրա հագին»։

Իր եզրափակիչ ելույթում Նորայր Նորիկյանը կրկին խոսեց ուսումնասիրության ժամանակ իր ուշադրությունը գրաված մի քանի հանգամանքի մասին.

«Պետք է ուշադրություն դարձվի տուժողների կողմից բարձրացված մտահոգություններին, ըստ որոնց իրենց զավակների հագուստների մի մասը ներկայացված չէ, կամ ներկայացված է ոչ աբողջական: Մենք հենց սկզբից էլ ասում էինք, որ դեպքի վայրի զննության արձանագրության համար իրականացվել են ոչ բավարար դատավավարական վարույթային գործողություններ, որոնց արդյունքում, ըստ էության, հնարավոր չի եղել ձեռք բերել բոլոր ապացույցները, դրանք համապատասխան կարգով ճանաչել որպես իրեղեն ապացույցներ, ներկայացվել փորձագետներին: Ակնհայտ է, որ ի սկզբանե դեպքի վայրի խախտման արդյունքում հնարավոր չէ այսօր դրանց վերաբերյալ ամբողջական տեսակետ արտահայտել: Այստեղ մենք գործ ունենք անփության և հանցավոր անգործության հետ»:

Նորայր Նորիկյանը չբացառեց նաև, որ հետագայում ապացույցների ծավալը լրացնելու նպատակով հանդես կգան փորձաքննությունն իրականացրած փորձագետներին կրկին հարցաքննելու միջնորդությամբ: Այս ամենը սակայն հնարավոր կլինի միայն իրենց կողմից լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնելուց հետո:

Դատավորը հայտնեց, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրար 20-ին, արդեն Սևանի նստավայրում:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհը էր բռնկվել Դեպքի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող՝ կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը։

Պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Նիկոլ Մարգարյան

 

 

 

 

Նորություններ