Տեղեկություն էինք ստացել, որ հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա այդ գործում՝ երեխայի ծեծի մասով․ ՆԳ նախարար
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ վերջերս դաժան ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխայի դեպքին։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նրան բռնության է ենթարկել այսպես ասած՝ խորթ մայրը։
«Երբ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, հաղորդումը ընտանիքի կողմից այնպիսին էր, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել, և դրա արդյունքում է, որ տեղափոխվելէ բժշկական կենտրոն։ Սակայն անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների և դրա հիման վրա է, որ սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետև տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընաթացին երեխայի ծեծի մասով, և ըստ այդմ՝ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ այժմ շարունակում են Քննչական կոմիտեի հետ աշխատանքները, խափանման միջոց կիրառելու որոշում կա․ «Անձի հետ շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին ևս իրավական գնահատական տանք։ Միջավայրի հետ կապված տեսեք, նշում եք որ ոստիկանության հետ կապված․․․ մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգը, որը ներդրել ենք այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպետք է լինի ոստիկանությունը, այսինքն՝ ազդակը պետք է գա համայնքից, պետք է գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից։ Ես վստահ եմ, որ գործընկերներն էլ են այս հարցը դիտարկում նաև իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե՞ չի եղել։ Ես էլ մեր մասով, համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում վիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՝ ոչ։ Եթե որևէ խախտում հայտնաբերվի, մեր պատասխանատվության տիրույթում, այսինքն, ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան ուշացնել չի տա»։
Հիշեցնենք, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի վիճակն, ըստ առողջապահության նախարարի, դեռևս ծայրահեղ ծանր է։ Երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Դատախազությունը հայտնել է, որ հոր երկրորդ կինը երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել 1,5 ամիս։
Նորություններ
