«Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանը չներքաշվի պատերազմի մեջ ու փաստացի Արցախը 2023-ին մնացել էր մենակ»․Արցախի պետնախարար | Region

«Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանը չներքաշվի պատերազմի մեջ ու փաստացի Արցախը 2023-ին մնացել էր մենակ»․Արցախի պետնախարար

Մարտ 26,2026 19:41

«Փաշինյանը երբեք չի խոսել արցախցիների իրավունքի ու վերադարձի մասին, մեզ համար զարմանալի չէ, որ նա չի ընդունում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խուսափեց Արցախի հայաթափումն էթնիկ զտում որակել։ Նա հարցին՝ արդյոք  Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել, թե՝ ոչ,  պատասխանել է․ «Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել՝ էթնիկ զտում, իրենք էլ․․․հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն, ամեն ինչը հայելային։ Դա նշանակում է՝ մուտք գործել կոնֆլիկի ճանապարհ»։

Փաշինյանն այսօր էլ պնդել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել՝ սլաքներն ուղղելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին․« Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են։ Ընդ որում, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ «ճողոպրել են» այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվեր Հայաստանի իշխանության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո Հայաստանում  իշխանափոխություն իրականացնեին։ ․․․ Լեռնային Ղարաբաղում առկա զենք-զինամթերքի  80-90%-ը անձեռնմխելի է մնացել»։

Այս առնչությամբ էլ Նժդեհ Իսկանդարյանն ասաց․«Արցախի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի թեթև ձեռքով գտնվում է Բաքվի բանտերում։ Եթե նրանք այստեղ լինեին, այլ իրողության մեջ կապրեինք»։

Ինչ վերաբերում է՝ կռվել-չկռվելուն, Իսկանդարյանը խորհուրդ տվեց նայել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից քանի զոհ է եղել։ Բացի այս, նա հավելում է՝ 44-օրյա պատերազմի ավատրից հետո Ալիևը հայտարարել է, որ եթե պատերազմը շարունակվեր, ապա նրանք չգիտեն, թե ինչով այն կավարտվեր․«Մինչև օրս  որևէ մեկի համար պարզ չէ, թե ինչպես են գրավել Շուշին։ Սրանք փաստեր են, որ կբացահայտվեն միայն այս իշխանության հեռացումից հետո։ Մետրոում տեղի ունեցածը պատահական չէր, դա այն խոսույթն է, որն այս երեք տարիներին լսում ենք ՀՀ իշխանություններից»։

Արցախի պետնախարարը հարցեր է ուղղում Փաշինյանին․« 2023 թվականի մեկօրյա պատերազմի ժամանակ Արցախի  ժողովուրդն ամեն րոպե սպասում էր, որ Հայաստանից միանշանակ օգնություն կհասնի։ Ի՞նչն էր  պատճաը, որ Արցախին մենակ թողեցին։ Հարց եմ տալիս Փաշինյանին՝  որտեղի՞ց գիտեիք, որ այդ մեկօրյա պատերազմի ժամանակ  գյուղերին և քաղաքներին  չեն հարվածելու, այդ վստահությունը որտեղի՞ց էր»։

RegionsTV-ի դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ  ամեն ինչ խորհրդակցել են Արցախի ղեկավարության հետ, Շահրամյանն այդ ժամանակ ասել է՝ «էս հարցում դուք կապ չունեք», 2023-ի սեպտեմբերին Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է Փաշինյանին, ասել՝ զորք ուղարկեք, Փաշինյանը մերժե՞լ է, թեև դժվար է պատկերացնել, թե ինչպես էին զորք ուղարկելու, պատերազմի մեջ մտնելու, և արդյոք դրա հնարավորությունն ուներ ՀՀ-ն, Իսկանդարյանը պատասխանեց․«Բնականաբար, ոչ։  Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանը չներքաշվի պատերազմի մեջ ու փաստացի Արցախը մնացել էր մենակ»։

Մեր հարցին՝  հիմա, երբ այս տարիներից ու աղետից հետո հետհայաց վերլուծեք, արդյոք հնարավորություն կա՞ր 2020-ից հետո Բաքվի հետ լեզու գտներ Արցախը, ինչ որ լուծումների գալ, ու մնալ Արցախում, Իսկանդարյանը պատասխանեց․«Մենք տարիներ շարունակ ազգովի շատ բարձր գին ենք վճարել, և  պատահական չէ, որ Արցախից հարյուր հազարից ավելի քաղաքացի երկու-երեք  օրում դուրս եկավ՝ թողնելով իրենց տները, գերեզմանները։ Չեմ կարծում, որ այս երեսուն տարիներին հնարավոր էր ինչ որ բանակցությունների շրջանակներում գտնել մի այնպիսի լուծում, որ հնարավոր լիներ համատեղ ապրել։ Ես դա  բացառում եմ»։

Նա, անդրադառնալով խաղաղության բանակցություններին, ասաց՝ եթե խաղաղություն է, մինչ օրս գերիներ ունենք Բաքվում, ՀՀ սուվերեն տարածքից 200 քկմ տարածք զավթել են, ինչո՞ւ Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, այդ ամենից չի հրաժարվում։

Եթե գերիներ ունենք, այդ դեպքում ի՞նչ անի Հայաստանը, ասի՝ չենք բանակցում, ու նորից կռիվ սկսվի՞, բանակցություններից հրաժարվելը ենթադրում է պատերազմ, RegionsTV-ի այս դիտարկմանն էլ Իսկանդարյանը պատասխանեց․«Միանշանակ, պետք է բանակցի, հարցի լուծումն ուղիղ բանակցություններն են, բայց երկկողմ  պիտի լինեն զիջումները, ոչ թե պարտադրված ու միակողմանի»։

Մեր մեկ այլ դիտարկմանը՝ պարտված կողմին ոչ մի հաղթող չի զիջում, երբ մենք հաղթող էինք, մենք էլ չէինք զիջում պարտված Ադրբեջանին։ Այս առնչությամբ էլ Իսկանդրյանը առաջին նախագահին հիշեց, ասաց․«Այդ առիթով Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝ որքան գերի կար, առանց պայմանավորվածության, մի ինքնաթիով հետ է ուղարկել Ադրբեջան»։

Արցախի պետնախարարը նաև նշեց, որ մայիսի 22-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքը հետ վերցնելու վերաբերյալ դատն է լինելու, ասաց՝ « շենքն էլ կխլեն՝ փորձելով արցախցիներին լռեցնել՝ օրակարգ բերելով կեղծ խաղաղությունը»։

 

 

Նորություններ