Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով։ Քիչ առաջ դատարանը բավարարեց քննչականի՝ կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնեցին փաստաբանները։
Հիշեցնենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
3 մեղադրյալը՝ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:
Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
«Դավիթին այսօր զրկեցին միջնակարգ դպրոցն ավարտելու հնարավորությունից, դատարանը գտավ, որ պետք է կալանավորել 12-րդ դասարանի աշակերտին, ոչ թե տնային կալանք։ Երկու ամիս հետո բոլորի համար վերջին զանգ է լինելու, Դավիթի համար չի լինելո; Ո՞ւմ խղճին է մնալու սա»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանները վստահեցրեցին, որ բողոքարկելու են։ Դատարանի բակում Դավիթի մորը ինքնազգացողությունը վատացավ՝ որդու կալանքի մասին որոշումը լսելուց հետո։
