«Ինչ ուզում, անում են, եթե հակազդեցություն չկա». Արամայիս Աղաբեկյանը՝ Արցախի հուշարձանների քանդման մասին | Region

«Ինչ ուզում, անում են, եթե հակազդեցություն չկա». Արամայիս Աղաբեկյանը՝ Արցախի հուշարձանների քանդման մասին

Ապրիլ 25,2026 11:05

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախում ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձաննները, քանդում են հայկական պատմություն կամ հետք հիշեցնող ամեն բան։ Օրերս էլ հայտնի դարձավ, ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարը։

Արցախում իրականացվող վանդալիզմին զուգահեռ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղության մասին է խոսում։ Նա վերջերս Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ասել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ դե-ֆակտո խաղաղություն է տիրում»։

Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում գրառումներ ու լուսանկարներ են շրջանառվում, որտեղ ակնարկում են, որ շուտով Արցախի հայտնի խորհրդանիշը՝ «Տատիկ-պապիկի» հուշարձանն էլ են ոչնչացնելու։

Հայաստանի կառավարությունը մտադիր չէ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի քանդման վերաբերյալ միջազգային հարթակներում քննարկել։

«Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»,-ասել է Փաշինյանը։ Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ գործողությունը, արդյոք դա խաղաղության տրամաբանության շրջանակներում է դիտարկվում, երբ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները, Փաշինյանն ասել է․«Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»։

Արամայիս Աղաբեկյան

Հուշարձանների, եկեղեցիների քանդման ու Փաշինյանի հայտարարության առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը Regions TV-ի հետ զրույցում  ասում է՝ այնպես չէ, որ միջազգային հանրությունը, առավոտից երեկո, թաշկինակները ձեռքները, նստած, լաց են լինում մեզ համար, և այնպես էլ չէ, որ իրենք մի առանձնահատուկ անհանգստացած են մեր ճակատագրով։

«Տրամաբանական է, որ այդ հարցը չեն բարձրացնելու միջազգային կառույցներում։ Իրենք հղում են անում, ասելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը իրար հասկանում են, իրենք իրենց հարցերը կարգավորում են, մենք ինչո՞ւ ընկնենք ոտքի տակ։  Դա իրենց համար բավականին պարարտ հող է, որ ասեն, թե ինչո՞ւ խառնվենք, եթե Հայաստանը որևէ բողոքի նոտա չի հնչեցնում, այդ  տարածքները այդ երկրինն է, ինչ ուզում, անում  են»,-ասում է Արամայիս Աղաբեկյանը։

Նա նշում է՝ կա Հաագայի դատարանի որոշում, գոյություն ունեն տարբեր միջազգային կառույցների կողմից արձագանքներ, աշխարհի հզորները քաղաքական գնահատականներ են տվել՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակելով որպես «էթնիկ զտում»,  և փաստացի  որևէ քաղաքական հետևանքներ չեն եղել․«Ադրբեջանը ցանկալի գործընկեր է թե՛ եվրոպական երկրների համար, թե՛ ԱՄՆ-ի համար, և թե՛ Ռուսաստանի համար։ Ես հենց դրա համար եմ ասում՝  այնպես չէ, որ իրանք շատ անհանգստացած են մեր ճակատագրով։ Սա ի գիտություն պիտի ընունենք։ Եթե, իհարկե, շահերի բախում է լինում կամ շահերի համատեղում, ադ դեպքում, այո, միջազգային հանրությունը կարող է գործիքներ կիրառել։ Նման գործիք կարող են լինել տնտեսական պատժամիջոցները, այնպես ինչպես ՌԴ-ի նկատմամբ են կիրառում։ Բայց Ադրբեջանի դեմ մենք չտեսանք նմանատիպ սանկցիաներ, որը խոսում է նրա մասին, որ մարդիկ հաշտ են այս պրոցեսների հետ, իսկ իրենց համար էլ Հայաստանի դիրքորոշումը պարարտ հող է այդ նույն դիրքորոշումը հիմնավորելու համար»։

Աղաբեկյանը նշում է՝ խաղաղությունն այն պատկերացմամբ և կոնֆիգուրացիայի մեջ, որ խոսում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ըստ էության, այդ տրամաբանության մեջ տեղավորվում է։  Մանրամասնում է․«Այսինքն, կարելի է Արցախում եկեղեցիներ քանդել, որովհետև խոսույթի հիմնական բաղադրիչը այն է, որ ցանկացած խոսք, որը կարող է առճակատման տանել, չպիտի լինի։ Այսինքն, ադրբեջանցիները ինչ ցանկանան, երբ ցանկանան կամ ինչ անեն, եթե դրա դիմաց որևէ հակաազդեցություն չլինի, այդ պարագայում սահմաններում որևէ բախում չի լինելու։ Այդ տրամաբանության մեջ է եկեղեցու քանդումը, պատմամշակութային կոթողների ավերումը»։

Նրա խոսքով՝ եթե դիտարկենք այն խաղաղության դիրքերից, որ իրական խաղաղություն պետք է լինի, այդ պարագայում մենք չենք կարող պնդել, որ  խաղաղություն կա։  Ըստ Աղաբեկյանի՝ կա միայն մի կողմի դոմինացիա, կա հստակ իրավիճակ, որտեղ մի կողմը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանում շուտով ընտրություններ են և Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած էսկալացիոն իրավիճակ, նշանակում է ընտրություններում պարտություն և այդ վիճակից ցանկացած ձևով օգտվում է․«Մենք կարող ենք տեսնել այս պարամետրերի  մեջ եկեղեցիների քանդումը, նոր պահանջների առաջ գալը, որը տրամաբանական է և խոսում է, որ առանց Սահմանադրության փոփոխման ոչ մի բան էլ չի լինելու, այսինքն կա մի իրավիճակ, որտեղ հայ ազգը դրված է այնպիսի կարգավիճակում, որ մեզ ինչ տրվի, պետք է համաձայնենք, այնքան որ սահմաններում հանգիստ լինի»։

Արամայիս Աղաբեկյանը չի հավատում, որ Հայաստանի նման դիրքորոշումը կարող է իրական խաղաղություն բերել երկրի համար, նշում է՝ ավելի սարսափելի բաներ են եղել, որոնք առճակտման չեն տարել, ուր մնաց մեր պատմամշակութային հուշարձանների մասին խոսեն։

Աղաբեկյանի կարծիքով՝ կա ժողովրդի մի հատվածի իրավուքներից հրաժարում, և պատկերացնել, որ սա խաղաղություն է․․․, սա խաղաղություն չէ․«Չնայած, որ նա այդ ձևակերպումը շատ լավ արել է, ասելով՝ «որտեղ հաց, այնտեղ կաց», ինքն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ)  ասում է, որ մենք ապահովում ենք կուշտ ստամոքս։ Այդ ուղղությամբ այն կենտրոնները, որոնք այս ճարտարապետության կողմնակիցն են, ֆինանսական մեծ հոսքեր են ապահովում Նիկոլ Փաշինյանի համար ու մարդը ասֆալտ է անում, մարդը փող է կարողանում ֆռռացնել, ու  պետական պարտք է ավելանում՝ չգիտես ոնց։ Ասել, որ սա խաղաղություն է, նշանակում է ոչինչ չասել, և եկեղեցիների քանդումը, ասել,որ կարող է ինչ որ առճակատման տանել, չի կարող նման բան լինել»։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ