Եթե Արծվաշենը Հայաստանին վերադառնա, ու պարզվի, որ այնտեղ մզկիթ է կառուցվել 2016-ին, ի՞նչ պետք է անենք․Փաշինյան
Ինչո՞ւ եք հավասարության նշան դնում հայերի ու ադրբեջանցիների միջև, երբ հայկական կողմն ահազնագում է, որ Արցախում ադրբեջանցիները պատմամշակութային հուշարձաններ են քանդում, դուք հրաժարվում եք այդ հարցը բարձարցնել միջազգային կառույցներում, ասելով՝ խնդիրը երկսայր է։ Այսօր կառավարության նիստից հետո ասուլիսում նման հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարը։
Ի պատասխան լրագրողի հարցի, Փաշինյանը Արծվաշենի օրինակը բերեց, ասաց․« ՀՀ ինքնիշխան տարածքն է Արծվաշենը, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Ասենք, եթե սահմանազատման արդունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո և գնում, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ 2016 թվականին։ Ի՞նչ պետք է անենք։ Ու ասենք պարզվում է, որ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, որոնք բերում են սեփականության վկայականն ու ասում՝ էս հողը մերն է եղել և այլն։ Ի՞նչ պետք է անենք։ Կարող է նաև նման որոշում լինի (նկատի ունի քանդելու, խմբ․)»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, որ դա ունի որոշակի սահմանում, կրիտերիաներ, չափանիշներ։
«Ասում եք՝ Հայաստանը ե՞րբ ա ինչ արել։ Ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ, ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույնկերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Մենք պետք է որոշում կայացնենք՝ գնո՞ւմ ենք կոնֆլիկտի։ Հայաստանում խոսում են ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանն էլ է խոսում։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միայն Հայաստանում կան հայրենասեր լրագրողներ, որոնք այդ հարցերը բարձրացնում են, այնտեղ էլ են բարձրացնում նույն հարցերը»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մեր արձագանքը պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արաձանգրված են․«Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորաբանության վրա են հիմնված։ Եթե off the record (ոչ հրապարակային) խոսակցություն կլինի, ես պատրատ եմ լրացուցիչ տեղեկություններ տալ այդ ամենի մասին։ Չնայած՝ կարծում եմ, որ դուք գիտեք ադ տեղեկատվությունը և ձև եք անում, թե չգիտեք։ Ինչպես Թումանյանն էր ասում՝ հայ գրագետի շրջանում այդ կեղծիքն ընդունված բան է, որ կեղծիքի տրամաբանությամբ առաջնորդվեն ու չիմացողներին էլ կեղծիքով առաջնորդեն»։
