ՄԻՊԸ-ը քաղուժերին կոչ է անում բացառել բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, սակայն չի առանձնացնում Փաշինյանի խոսույթը | Region

ՄԻՊԸ-ը քաղուժերին կոչ է անում բացառել բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, սակայն չի առանձնացնում Փաշինյանի խոսույթը

Մայիս 18,2026 20:19

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքական ուժերին նախընտրական քարոզարշավի ընթացքում բացառել վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում։ Սակայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր հայտարարության մեջ չի հիշատակել Նիկոլ Փաշինյանին, որն այսօր ակնհայտ վիրավորական ու հասարակությանը բևեռացնող հայտարարություններ է արել։ Օրինակ Փաշինյանն այսօր վարչապետի ընդդիմադիր որոշ գործիչների սպառնացել է «չոզացնելու եմ, կզզացնելու, սատկացնելու եմ»։ Փաշինյանն այս սպառնալիքները հնչեցրել է վարչապետի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ուժեղ Հայաստան»-ի առաբջոնդ Սամվել Կարապետյանի հասցեին այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի խումբ տղամարադիկ Արցախի բարբառով սպառնում են Փաշինյանին, ասելով․« պատասխան ես տալու, մունք գիդում ենք՝ դու շտեղով ես ման կյամ․ որ փողոցներով ես անց կենում, մունք քեզ ջրելու ենք, դու ս․․․ա ես,, դու խաբեբա ես»։

Փաշինյանն այսօր Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի հարցերից զայրացավ ու բղավեց․«Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի ա կենդանի»։ Սրանից հետո Արթուր Օսիպյանին ձերբակալել ։

Անահիտ Մանասյանի հայտարարությունն ամբողջությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը։

Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ։

Նման խոսույթը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։ Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ հանրային և քաղաքական գործիչները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցությունն ու տարածման լայն շրջանակը, պետք է առավել բարձր պատասխանատվություն դրսևորեն իրենց հանրային խոսույթի նկատմամբ, սեփական խոսքով և վարքագծով նպաստեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և իրավունքի գերակայության վրա հիմնված հանրային միջավայրի ձևավորմանը` անկախ այն հանգամանքից, թե արդյոք կոնկրետ իրավիճակում խոսքի առանձին տեսակը կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության կառուցակարգերի գործադրման, թե ոչ։

Մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում ՄԻՊ հաստատությունն անընդհատ է շեշտում խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի դրսևորումների վտանգավորությունը իրավունքների խթանման և պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, մինչդեռ քաղաքական դերակատարների` հակառակ տրամաբանության վրա կառուցված վարքագիծը խաթարում է համապատասխան արժեքների վրա հիմնված մարդու իրավունքների համակարգի կայացումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։

 

 

Նորություններ