Քարոզարշավի օրը․նոր «շպիոններ» ԲՀԿ-ցուցակից, պետականացնել Ծառուկյանի գործարանը, ցուցանակի վրա գրել՝ հիվանդասենյակ 6, պացիենտ
Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։ Ինչպես նախորդ օրերն, այսօր էլ հնչեցին սկանդալային հայտարարություններ, վիրավորանքներն ու մեղադրանքներ։
Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա՝ մայիսի 20-ի քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու դրվագները։
«Քաղաքացական պայմանագիր» կուսակացությունը Լոռու մարզում էր։ Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ուշ երեկոյան Վանաձորում հայտարարել է․« Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով»։
Ցերեկը Փաշինյանը կրկին հիշել էր ընդդիմադիրներ Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին։ «Եթե հիշում եք՝ երկու տարի առաջ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Քոչարյանը՝ դիմելով օտար երկրներին, ասում էր՝ ինձ մտցրիք քաղաքական դաշտ, հիմա խնդիրներ ունեմ, ապահովեք իմ դուրս գալը քաղաքական դաշտից: Այն ժամանակ ասացին՝ արհեստական ինտելեկտով է պատրաստված: Դեռ այն ժամանակ առաջարկել եմ հասարակական կազմակերպություններին միջազգային փորձաքննություն պատվիրեն: Ես ասում եմ, պատասխանատու երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է: Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին՝ տարեք դա փորձաքննության: Եթե կալուգացին «բ» կլասի լրտես է, Ծառուկյանը՝ «ճ» կլասի լրտես է»,-ասել է Փաշինյանը: Ապա շարունակելով հայտարարել է՝ ուրիշ բաներ են բացահայտվում․« Գուլոյան-Ծառուկյան մաֆիան նոր պետք է իր հատուցմանը հասնի: Հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական ու պատկանելու է Հայաստանի հանրապետությանը: Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման:
․․․Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ու կոնտակտ է օտարերկրյա հատուկ ծառայություններին եւ հաշվառված է որպես համագործակցող անձ»։
Նա անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, ասել է․«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու: Մենք խորացնելու ենք… Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ռուսաստանը գերտերություն է եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Եվ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրենց մի բան եմ ասում, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի»։
«Ուժեղ Հայաստան»-ի կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու աղմուկ հանած խնդրին։ Հարցին՝ ՌԴ պետռեգիստրի կայքում է նշված, որ իր անուն, ազգանուն ու հայրանունով անձը ՌԴ քաղաքացի է, Կարապետյանը պատասխանել է․ «Իրավաբաններն արդեն դիմել են, հավանաբար ՌԴ դեսպանատուն, որ պատասխան տրվի այնտեղից։ Այդպիսի խնդիր չկա, մի անհանգստացեք։ Ես կարող եմ ընկերության բաժնետեր լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք, բացի ՀՀ քաղաքացիությունից, չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ Կարապետյանն ասել է․ «Ես գրազ եմ գալիս, ինչի՞ վրա են գրազ գալիս, որ ես երբեք չեմ ունեցել այլ երկրի քաղաքացիություն։ Ով այդպիսի բան է ասում, եթե հակառակը պարզվի՝ պատրա՞ստ է հրաժարական տալ»։
Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է․«Մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից, հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան։ Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որը մենք ունեցել ենք։ Դրանք մեր ազգի խայտառակության տարիներն էին։ Բայց ուզում եմ զգուշացնել՝ սրանք շատ նենգ են, շատ համառ են, սրանք կորցնելու բան ունեն, իրենց աթոռները, իրենց թալանը»։
Կարապետյանն ասել , որ «Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծել երկրում, բոլոր գործարարները վախեցած են։ Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց են վախեցած։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, բոլորի ընտանիքները հետապնդվում են, էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, բացի ձեր շղթաներից։ Բոլորին մենք պետք է արթնացնենք, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք»։
«Հայաստան» դաշինքն այսօր Կոտայքի մարզում էր։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Քասախում մի բնակիչ հարցրեց․«Պարոն Քոչարյան, նույն բանն արեցինք, խի՞ կրակեցիք մեզ վրա»։ Քոչարյանը զարմացավ, հարցրեց․«Ե՞րբ»։ «Դուք Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք։ Գիտե՞ք, որ նրա երեխան անտեր մեծացավ ձեր պատճառով»,-պատասխանել է քաղաքացին։
Քաղաքացիների հետ շփվելու ժամանակ մի տարեց մարդ հարց է ուղղել Քոչարյանին՝ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը ի՞նչ է լինելու։ «Հետ ենք բերելու»,-պատասխանել է Քոչարյանը։ Տղամարդը հետաքրքրվել է՝ պատերա՞զմ է լինելու։ Քոչարյանը պատասխանել է՝ ոչ։ «Ինքը (նկատի ունի Փաշինյանին) հետ բերելու հնարավորությունն ուներ, Կիրանցում, չպիտի էդ հողերը տար, պիտի ասեր՝ դու ստե՞ղ ես ուզում, ես էլ ստեղ ունեմ։ Ինչ ասում են, ինքը չի էլ փորձում վիճել, մի անգամից կզարանի տեսարան ա»։
Փաշինյանի՝ «կզզացնելու» մասին հայտարարությանն էլ անդրադարձել է լրագորղի հետ զրույցում, ասել է․«Ես այդ տեսանյութը նայելիս՝ ամոթի զգացում ունեի, այդ մարդն աղերս չունի այդ պաշտոնի բովանդակային իմաստով։ Ինքը չի հասկանում ինչ է աշխատում։ Թող իր գրասենյակից դուրս գա, շրջվի նայի թե ինչ է գրած, գրած է վարչապետ, մի հատ հասկանա, եթե չի հասկանա, ուրեմն ցուցանակը պիտի փոխեն գրեն 6-րդ պալատ, պացիենտ»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։
«Այսօր էլ զավոդից խոսեց, ինձ դիմել էին, ասել էին, որ սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել: Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։ Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով, որ իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։
Ծառուկյանն անդրադարձել է նաև իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձմանը․ «Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն ա, ինքը գործարար մարդ՝ մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ, միլիոններ ստեղծած, մի տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, որ տունը պետականացնեն, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասին ա խոսքը»։
Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
Ըստ իրավապահների՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
ԲՀԿ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանն արձագանքել է Փաշինյանին․«Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»։
«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրել է 2008թ. մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը հետ է բերելու, «Մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ, նրան ընտրել, կլինի խայտառակություն.«Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի։ Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին: Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում»։
«Միասնության թևեր» կուսակցութան վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօչ Տարոնիկ համայնքում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում օրենսդրությունը փոխելու են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ։
«Բոլորին դեմ եմ»-ն այսօր Կաավարության շենքի մոտ կրկին ինքնատիպ ակցիա է արել՝ «մուկ են տշել»։ Ակցիայի մասնակիցները ֆուտբոլի փոքր դարպաս էին տարել շենքի մոտ և փափուկ խաղալիք՝ մուկ, որին «տշում էին» դեպի դարպասը։
Կուսակցությունից Իշխան Գևորգյանը հայտարարել է՝ մուկ տշելը նշանակում է իմիտացնել աշխատանք, որն իրականում չկա․ «Իմիտացնում են տարբեր բաներ՝ սահմանազատում, խաղաղություն, ամեն ինչը իմիտացնում են։ «Բոլորին դեմ եմ»-ը միակն է, որ այդ ամենը ծաղրում է, ցույց է տալիս։ Մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, որոնք հաստատ պարապ չեն կամ մուկ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ «թագավորը մերկ ա», որ այս Սահմանադրությունը հագած մարդիկ կեղեքում են մեզ»։
Ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ հերթապահող ոստիկանները դարպասը հեռացրել են։
«Նոր ուժ» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանը ֆեսյբուքյան էջում տեղադրված տեսանյութով ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի 5-րդ կետը՝ «վերադարձ ազգային արժեքներին»։
«Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր ժողովրդի ինքնությունը հազարամյակներով խարսխված է հենց ազգային արժեքների վրա՝ լեզու, կրոն, ազգային մշակույթ։ Հենց սրա շնորհիվ է, որ մենք մնացել ենք հայ։ Հիմա մարդիկ կլինեն, որ կհարցնեն՝ ինչու է այս կետը կոչվում «վերադարձ» ազգային արժեքներին, ովոհետև այսօր արզ տեսնում ենք, որ այս իշխանությունները գնում են ուրացման ճանապարհով և սկսել են սիմվոլներից՝ Արարատը, եկեղեցին, Ցեղասպանության հիշողությունը։ Օր առաջ այս ամենը պետք է կանգնեցնել», – նշել է Մարությանը։
ԱԺԲ-ն այսօր հայտարարել է, որ իրենց քարոզարշավը խոչընդոտվում է։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք քարոզարշավ են իրականացրել Սյունիքում, այնտեղ ժողովրդին ասել՝ Սյունիքը վտանգված է, Տիգրանաշենը ուզում են հանձնել։ Ապա հայտնել է, որ ճանապարհին իրենց մեքենան ոստիկանները կանգնեցրել են՝ ի սկզբանե պատճառաբանելով, որ մեքենայի բարձրախոսներն են պատճառը, հետո ասել՝ ամրացված իրեր կան, դրա պատճառով, այլ պատճառաբանություններ բերել։
«Ի սկզբանե ուզում էին տուգանել, բայց զանգ ստացան, զանգ կատարեցին, ևս մեկ ավտոմեքենա մոտեցավ և որոշեցին, որ մեզնից պետք է ժամանակ խլեն, մեզ բերեն-հասցնեն Վայքի ոստիկանություն։ Այստեղ բավականին ժամանակ կորցնելուց հետո դեռ չգիտենք՝ ինչ կլինի մեր ավտոմեքենայի ճակատագիրը», – ասել է ԱԺԲ ներկայացուցիչը։
