«Խիստ ցանկալի է որ խափանման միջոցը փոխվի»․նախարարը Արթուր Օսիպյանի կալանքի մասին | Region

«Խիստ ցանկալի է որ խափանման միջոցը փոխվի»․նախարարը Արթուր Օսիպյանի կալանքի մասին

Հունիս 10,2026 16:02

«Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկումներին, որ 24 օր հացադուլում գտնվող, կալանավորած Արթուր Օսիպյանը անմարդկային պայմաններում է պահվում, խուցն անմխիթար վիճակում է, բորբոսնած, խոնավ պատերով, զրո հարկում է պահվում։

Նախարարն ասաց, որ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն․« Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Երեկ նրան այցելել է սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող սոտարաբաժանման ղեկավարը, նրան առաջարկվել է հաղորդում  ներկայացնել հանցագործության մասին՝ այն իորղությունների հետ կապված, որոնք իր կարծիքով առկա են և որոնք իր կարծիքով հանցավոր են։ Կապը իրավասու մարմինների, մասնավորապես քննչական մարմինների հետ, ապահովվել է մեր կողմից։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքներն, այդ թվում՝ հացադուլի,  պատճաշ ապահովվի, նրան տրամադրվում է զբոսանքը, ամեն ինչ արվում է, տեսակցությունները հարազատների հետ։ Ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք անձի նկատմամբ, նման բան չի կարող լինել»։

Հարցին՝ հնարավո՞ր է նրա կալանքի միջոցը փոխվի՝ պայմանավոված վատթարացող առողջական վիճակով, նախարարը պատասխանեց․ «Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի և անձը դուրս կգա հացադուլից և իր բարձրաձայնած խնդիրները, եթե իրականում խնդիր են, կստանան լուծում։ Հիմա էգոիստական բան կասեմ՝ մեր պարագայում բոլորի դեպքում խիստ ցանկալի է որ խափանման միջոցը փոխվի»։

Գալյանը նաև ասաց, որ ինքը չի այցելել Արթուր Օսիպյանին։

Հիշեցնենք, որ Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար  Արթուրի Օսիպյանի փաստաբաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակն օր օրի վատթարանում է, հրաժարվում է բժշկական զննությունից։

Հիշեցնենք նաև, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր այն բանից հետո, երբ նա մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու մի քանի հարց ուղղել։

«Մենք պայքարում էինք թալանչիների դեմ, դուք թալանի վրա աչք էիք փակում։ ․․Ալիևը պահանջ է դրել, որ Ադրբեաջնի փախստականները պիտի վերադառնան»,-Օսիպյանն այսպես էր դիմել Փաշինյանին։ Ինչից հետո Փաշինյանը հունից դուրս է եկել, պնդելով․«Իր ասելով չի, ի՞նչ ես եկել ադրբեջանական նարատիվներ առաջ տանում»։

«Մի քիչ ցածր խոսեք, ձեր դեմը ո՛չ Սերժ կա, ո՛չ Քոչարյան, որ կեղտում խրված լինի, դուք էլ մատ թափ տաք, իմ վրա մատ թափ չտաք»,-հորդորել էր Օսպիյանը։ Ապա նրան տեղից հեռացրել էին, իսկ Փաշինյանը վրդովված շարունակում էր․«Էս Ղարաբաղի փսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից, գնան ընդհանրապես։ Արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքեր են սրանք։ Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատովն ես տվել, գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի»։ Միջադեպից րոպեներ անց պարզ դարձավ, որ Օսիպյանին ձերբակալել են։ Նա, որպես բողոքի նշան, հացադուլ է հայտարարել իր հասցեին հնչեցրած Փաշինյանի «փախածներ» որակման համար։

Իրավապահների հաղորդմամբ՝ Օսիպյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։

 

Նորություններ