«Արծվաշենի և մյուս անկլավների դեպքում գործելու է «հայելային» տրամաբանությունը»․ Փաշինյան
Հայաստանը պետք է առերեսվի անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցին՝ առաջնորդվելով բացառապես դե յուրե հիմնավորումներով և 1970-ականների քարտեզներով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի հասցեագրումն անհրաժեշտ է նաև Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի պահանջը իրավական ամուր հիմքերի վրա պահելու համար։
Այսօր Փաշինյանը ասուլիսում հայտարարել էր, որ «Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է, մանրամասնեց՝ «Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշած է այլ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Նույնը՝ անձնագրում։ Սա շատ կարևոր նրբություն է, կարծում եմ, մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք»։
Լրագրողի հարցին՝ արդյոք քննարկման սեղանին պե՞տք է դրվի Արծվաշենի ու Տիգրանաշենի փոխանակման հարցը, Փաշինյանը պատասխանեց․«Կարծում եմ՝ այո, որովհետև մենք ասում ենք՝ բա Ջերմուկի տարածքները: Այսինքն՝ մենք պետք է հստակ արձանագրենք, որ եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն դա իրենն է, դա նշանակում է՝ Ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք»։
Նրա խոսքով՝ Արծվաշենի և մյուս անկլավների դեպքում գործելու է «հայելային» տրամաբանություն․«Ինչ լուծում Արծվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում: Սրա մասին է խոսքը: Եթե մենք ասենք՝ գիտեք ինչ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ՝ հա, Ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր վերահսկողության տակ է: Իսկ խաղաղության համաձայնագիրը և սահմանազատման կանոնակարգը ուրիշ տրամաբանություն ունի, և մենք պետք է մեր ստանձնած պարտավորություններին՝ տեքստին, բառին և ոգուն մնանք հավատարիմ»։
