ՀՀ ՆԳՆ փոխնախարար. Շենգենյան գոտու երկրներ վիզա ստանալու հերթերի խնդրի լուծումը կլինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը | Region

ՀՀ ՆԳՆ փոխնախարար. Շենգենյան գոտու երկրներ վիզա ստանալու հերթերի խնդրի լուծումը կլինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը

Օգոստոս 14,2026 15:56

Շենգենյան գոտու երկրներ վիզա ստանալու հերթերի խնդրի լուծումը կլինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հերթերը պայմանավորված են երկու հանգամանքով՝ շուկայում այնպիսի ավիաընկերությունների հայտնվելով, որոնք երկրի քաղաքացիներին առաջարկում են ճանապարհորդության շահավետ պայմաններ, և հենց քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ։ Առաջացած խնդրի հիմնարար լուծումը կլինի վիզային ռեժիմի ազատականացումը, հավելել է Ղազարյանը։ Նա հայտնել է, որ այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է։

Ղազարյանը հիշեցրել է, որ մայիսին ստացվել է առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ բավական դրական են գնահատվում Հայաստանի քայլերը և ներկայացված են 53 առաջարկություններ։ «Մենք դրանք բաժանել ենք կոնկրետ քայլերի և մշակել 117 գործողություն, որոնց մոտ կեսն արդեն իրականացվել է»,- հայտնել է Ղազարյանը՝ ճշտելով, որ առաջին փուլը վերաբերում է օրենսդրությանը և քաղաքականության մշակմանը։ Առաջին փուլը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին։

Ընդհանուր առմամբ, գործընթացում կա հարցերի 4 բլոկ, որոնք վերաբերում են փաստաթղթերը ԵՄ պահանջներին համապատասխանեցնելուն, միգրացիայի և սահմանների կառավարմանը, հասարակական անվտանգությանը, մարդու իրավունքներին և ազատություններին։ Մինչև տարեվերջ նախատեսված է ԵՄ-ից ևս երկու այց։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված միգրացիոն ռիսկերին, ապա բացասական միտումները զսպել նախատեսվում է ռեադմիսիայի մասին համաձայնագրերի և հենց Հայաստանի գրավչության բարձրացման միջոցով։ Երկրորդ մասով միտումներն արդեն կան. առաջին կիսամյակում երկիր մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը գրեթե 2 հազարով գերազանցել է երկրից ելք գործածների թվին։

Նորություններ