Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերի անձինք կարող են օգտվել կացարանի ծառայությունից
Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերի ընտանիքներին պետական աջակցության նոր միջոցառման ծրագիրն արդեն մեկնարկել է։ Այս նոր միջոցառմամբ նախատեսվում է բնակվարձի փոխհատուցում, ինչպես նաև սոցիալական բնակարանում բնակվելու հնարավորություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց, որ ծրագիրը մշակվել ու հաստատվել է՝ հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանվածների խնդրանքը։ Նրա ներկայացմամբ՝ կան ընտանիքներ, որոնց անդամները հաշմանդամություն ունեցող անձինք են կամ տարեց ամուսիններ են, որոնք ոչ միայն ցանկություն չունեին բնակարանի հավաստագիր ստանալու, այլև իրենց համար դժվարություն էր բնակարան փնտրելը, առուվաճառքի շուրջ բանակցելը, փաստաթղթեր հավաքելը և այլն։ Այս խոչընդոտների պատճառով նրանք գերադասում էին ունենալ վարձով բնակարան կամ սոցիալական բնակարան։
Ըստ փոխնախարարի՝ սոցիալական բնակարան տրամադրելու որոշման մեջ փոփոխություն է կատարվել, այժմ նշված խմբի անձինք կարող են օգտվել նաև կացարանի ծառայությունից։
Փոխնախարարը ներկայացրեց, թե ովքեր կարող են ծրագրից օգտվել՝
ՀՀ քաղաքացիություն ունեցող այն փոքր ընտանիքները (2-3 հոգի), որոնք բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից կամ 60 տարեկանը լրացած անձանցից: Սահմանված են հետևյալ չափորոշիչները. 2 հոգանոց ընտանիքների դեպքում՝ անդամների տարիքային հանրագումարը պետք է լինի 115 և ավելի:
3 հոգանոց ընտանիքների դեպքում՝ տարիքային հանրագումարը պետք է լինի 175 և ավելի:
Միայնակ անձինք ևս կարող են դիմել, եթե ունեն հաշմանդամություն կամ 60-ից բարձր տարիք:
Պետությունը յուրաքանչյուր անձի համար ամսական կհատկացնի 40,000 դրամ՝
10 տարի ժամկետով:
Սա մասնակի հատուցում է, ըստ փոխնախարարի՝ եթե Երևանում դա կարող է փակել վարձավճարի միայն մի մասը, ապա մարզերում այս գումարը կարող է ամբողջությամբ ծածկել բնակարանի վարձը:
Ծրագրին դիմելու համար Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են նշված պահանջներին, նախ պետք է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում գրանցվեն սոցիալական բնակարանի հերթացուցակում ու լրացնեն փաստաթուղթ, որով ընտանիքի բոլոր անդամները գրավոր, իրենց ստորագրություններով հաստատված հրաժարվում են բնակարանի ձեռքբերման հավաստագրից: Ապա սոցիալական բնակարանի հերթացուցակում գրանցվելուց հետո կարող են սպասել իրենց հերթին և նրանց կտրամադրվի սոցիալական բնակարան, կամ կարող են Housing.am թվային հարթակով դիմել երկարաժամկետ վարձակալության ծրագրին։ Հարթակը կստուգի, եթե բավարարում է պահանջներին, ապա կհաստատի ու փոխհատուցումը կստանան այն բանկային հաշվին, որը նշել են դիմումում։
Ըստ փոխնախարարի՝ եթե ընտանիքն օգտվում է այս ծրագրից, այլևս չի կարողանա օգտվել բնակարան գնելու պետական աջակցության ծրագրից, քանի որ այս նոր ծրագրից օգտվելու համար նա արդեն ստորագրել է, որ հրաժարվում է հավաստագրից։
