«Այստեղ իրավական գործընթաց չկա». Լևոն Քոչարյանն անդրադարձել է ընտանիքի շուրջ իրականացվող գործողություններին | Region

«Այստեղ իրավական գործընթաց չկա». Լևոն Քոչարյանն անդրադարձել է ընտանիքի շուրջ իրականացվող գործողություններին

Օգոստոս 26,2026 14:57

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ընտանիքի անդամների, մերձավորների և նրանց պատկանող գույքի շուրջ իրականացվող իրավական գործընթացներին ու խուզարկություններին՝ տեղի ունեցածն անվանելով քաղաքականապես մոտիվացված և ընտրողական արդարադատության դրսևորում։

Լևոն Քոչարյանի պնդմամբ ընթացող գործընթացներում բացակայում է իրավական բաղադրիչը, իսկ իրավապահ համակարգը դարձել է քաղաքական որոշումների կատարողը։ Ըստ նրա՝ քննվող քրեական վարույթները նորություն չեն և հարուցվել են դեռևս 2018 թվականին, սակայն այժմ դրանք օգտագործվում են տեղեկատվական աղմուկ ստեղծելու համար։

«Այստեղ իրավական գործընթաց չկա, այս գործընթացին հանցակից է դառնում իրավական համակարգը։ Դեռ 2018 թվականին էր գործը հարուցված, ոչ մի նոր բան չկա, ուղղակի այսպես թքել-կպցնելը տարբեր հեռուստաընկերությունների և լրատվական կայքերի համար ռեպորտաժներ պատրաստելու համար է, որովհետև դրա հիմքում ոչինչ չկա»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով իրականացված կալանավորումներին՝ պատգամավորը հայտնեց,  որ այս պահին կալանքի տակ է գտնվում մոտ 5-6 անձ, որոնցից 4-ը մեկ ընտանիքի անդամ են՝ հայրը, մայրը և երկու դուստրերը։ Քոչարյանն ընդգծել է իրավիճակի սոցիալական և մարդասիրական կողմը՝ ուշադրություն հրավիրելով անչափահաս երեխաների խնամքի հարցին։

«Սա նորմալ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուստրերից մեկը չունի ամուսին, բայց ունի 3 երեխա, որոնցից երկուսն անչափահաս են։ Այդ երեխաներին ո՞վ պետք է պահի, եթե իրենց հարազատները կալանավորված են․ անկեղծ չեմ հասկանում»,- նշել է նա։

Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև ընտանիքի անդամներին պատկանող տարածքներում իրականացված խուզարկություններին՝ պատմելով իր կնոջ խանութում տեղի ունեցած ստուգումների մասին։ Նրա գնահատմամբ՝ իրավապահների գործողությունները կրում են ցուցադրական և նվաստացնող բնույթ։

«Իմ կնոջ խանութում ոչ մի բան չգտան, դեռ իմ պիջակների գրպաններն էին ստուգում հերթով, մեկի մեջ 15․000 դրամ գումար կար, առգրավեցին տարան։ Նմանատիպ էժան բաներ են անում»,- հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ մեղադրանքներին՝ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ապօրինի ձեռք բերված գույք չունեն, իսկ քննվող գույքերն արդեն տևական ժամանակ գտնվում են կալանքի տակ։ Նա պարզաբանել է, որ բարձր պաշտոններ զբաղեցնելը, բնականաբար, առաջացրել է գործնական հետաքրքրություն նոր գործընկերների շրջանում, սակայն դա երբեք չի եղել արտոնությունների տեսքով։

Քոչարյանը նաև մատնանշել է տարբեր տարիների տնտեսական իրողությունների անհամադրելիությունը, ընդգծելով որ 20-30 տարի առաջ անշարժ գույքն այլ գին ուներ, հիմա՝ այլ, և ասել, որ դա անհամեմատ էժան է վաճառվել, ճիշտ չէ.

«Մենք հիմա ապրում ենք 2026 թվականում և այս աշխարհայացքով, ընկալմամբ փորձում ենք վերլուծել 2000-ականները, որոշ դեպքերում 1990-ականները, բայց այսօրվա և այն ժամանակվա իրականությունները տարբեր են եղել։ Հենց այդ նույն հողերը, որոնց մասին խոսում եք, այն ժամանակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել»։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հանրության շրջանում առկա չէ օբյեկտիվ հարցադրում՝ «որտե՞ղից ձեզ այդքան գույքն ու միջոցները ձեռք բերելու համար», Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ հարցադրումն ինքնին համարում է օբյեկտիվ, սակայն դրա պատասխանատու հարթակը դատարանն է։

Նա ընդգծեց, որ հանրային պահանջի մի մասը ձևավորվել է ստի և ապատեղեկատվության հիման վրա, իսկ իշխանությունները նման թեմաներ են շրջանառում  երկրի անվտանգային և հիմնական խնդիրների տապալումը քողարկելու նպատակով։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ ներկայումս իշխանության կողքին կանգնած նախկին պաշտոնյաները, գործարարներն ու օլիգարխները, որոնք ակտիվ աջակցել են նախընտրական քարոզարշավների ժամանակ (այդ թվում՝ մարզպետներն ու գործարարները), դուրս են մնում իրավապահների ուշադրությունից, և նրանց 20-30 տարվա գործունեության վերաբերյալ որևէ հարցադրում կամ իրավական հետևանք չի առաջանում, քանի որ նրանք անցել են իշխանության կողմը։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ