«Իսրայելն ու ԱՄՆ-ն, փորձելով կանխել իրանական ռումբի ստեղծումը, իրենց գործողություններով հենց իրենք են մոտեցնում այդ ելքը» | Region

«Իսրայելն ու ԱՄՆ-ն, փորձելով կանխել իրանական ռումբի ստեղծումը, իրենց գործողություններով հենց իրենք են մոտեցնում այդ ելքը»

Օգոստոս 26,2026 17:25

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ծավալվող ներքաղաքական լարված իրադարձությունների ֆոնին արտաքին քաղաքական, հատկապես իրանական խնդիրները երկրորդ պլան են մղվել։ Բնականաբար, դրանք արժանի են ուշադրության, քանի որ մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ կործանարար տնտեսական արշավ սկսելու և աննախադեպ մասշտաբներով միջազգային մեկուսացման ենթարկելու մասին»։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Ըստ նրա՝ ցանկացած երկիր, որը որևէ աջակցություն կցուցաբերի Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից կբախվի հսկայական տնտեսական հետևանքների և դրա համար շատ բարձր գին կվճարի, և այս ամենը մեր քաղաքական տեղեկատվական դաշտում, բառացիորեն, աննկատ մնաց։

Մհեր Հակոբյան

Հակոբյանի կարծիքով սա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ նաև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այս պահին Հայաստանը ոչ միայն Իրանի հետ լուրջ տնտեսական հարաբերություններ ունեցող պետություն է, այլև ապահովում է Իրանի՝ արտաքին աշխարհ տանող հյուսիսային ուղիներից մեկը։

«Կարծում եմ՝ հիմա մեր համապատասխան պաշտոնյաները լրջորեն մտածելու բան ունեն։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ նման համարձակ հայտարարություն անելով՝ ամերիկյան կողմը գոնե բացառություն կանի Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այդ հայտարարության դրույթները բառացիորեն կիրառվեն, մենք խնդիրների առաջ կկանգնենք, քանի որ, կրկնում եմ, մենք Իրանի համար արտաքին աշխարհ դուրս գալու ուղիներից մեկն ենք, իսկ Իրանը, իր հերթին, դեպի հարավ մեր բնական ելքերից մեկն է, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու ուղիներից մեկը։ Մյուս ելքը, բնականաբար, հյուսիսային՝ վրացական ուղղությունն է, և սա խնդիրներ է ստեղծում»,- նշել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը շարունակվում է արդեն գրեթե կես տարի։ Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սկսվում է Իրանի ֆինանսական կապերի դեմ տնտեսական հարձակում ամբողջ աշխարհում։

Գործողության շրջանակում Վաշինգտոնը պատրաստվում է արգելափակել իրանական իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հնարավոր ֆինանսավորման ցանկացած աղբյուր, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Թեհրանի հետ կապված ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։

Նախարարը շեշտել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հասնել Իրանի լիակատար մեկուսացմանը միջազգային ասպարեզում։ Պատժամիջոցներ են նախատեսվում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք հնարավորություն են տալիս իրանական իշխանություններին ձեռք բերել արգելված միջուկային և հրթիռային տեխնոլոգիաներ, իրականացնել կիբեր գործողություններ, ինչպես նաև մասնակցում են իրանական նավթի փոխադրմանն ու դրա վաճառքից ստացված եկամուտների փոխանցմանն իրանական կողմին։

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով Բեսենթի հայտարարությունները, նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսական առումով այնպիսի վիճակում չէ, որ կարողանա մյուս երկրներին պարտադրել սահմանափակել իրենց կապերն Իրանի հետ։ «Ամերիկացիները գիտեն, որ ոչ ոք չի հավատում իրենց անհեթեթություններին։ Իրանի առևտրային գործընկերները թե՛ լրատվամիջոցների միջոցով, թե՛ ուղերձներով մեզ հայտնել են, որ այդ հայտարարությունները ոչինչ չեն նշանակում իրենց համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ըստ Մհեր Հակոբյանի՝ ամերիկացիներն ունեն ամբողջական ռազմավարական նախաձեռնություն, իսկ նման իրավիճակներում հաղթանակը մեծ հավանականությամբ բաժին է հասնում նրան, ով տիրապետում է այդ նախաձեռնությանը։

«Նախաձեռնությանը տիրապետելը հնարավորություն է տալիս ճիշտ պահին, ճիշտ եղանակով և ճիշտ ձևով հարված հասցնել։ Նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունենալու միջանկյալ ընտրություններ, և այդ հանգամանքը, ակնհայտորեն, խանգարում է Թրամփին այս պահին Իրանին լայնածավալ հարված հասցնել, թեև պարզ է, որ գաղտնի գործողություններ և տնտեսական ճնշում, այնուամենայնիվ, կձեռնարկվեն։ Քանի որ ռազմավարական նախաձեռնությունն իրենց ձեռքում է, Ամերիկան ցանկացած պահի կարող է ուժեղացնել պայքարը, սակայն հիմա դա չի անում՝ հույս ունենալով միջանկյալ ընտրություններում Կոնգրեսի համար դրական արդյունք ստանալ, իսկ հետո կրկին ուժեղացնել պայքարը Իրանի դեմ»,- շարունակեց փորձագետը։

Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդհակառակը, պայքարում է ուժերի գերլարվածությամբ, բառի բուն իմաստով խաղասեղանին դրված է իրանական ռեժիմի գոյության հարցը։

«Մի կողմից ճնշող ուժ ունենալով՝ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, ինչ-որ պատճառով այս պահին նպատակահարմար չի համարում ամբողջ ուժով ուղղակի հարված հասցնել։ Մյուս կողմից, լինելով ավելի թույլ, Իրանը, հակառակը, քանի որ լուծում է գոյաբանական խնդիրներ, իսկ ռեժիմը պարզապես գոյատևման խնդիր ունի, այսպես ասած, գործադրում է իր ուժերի 100 տոկոսը և փորձում առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից»։

Անդրադառնալով այն հարցին, թե Թրամփը կարո՞ղ է ամբողջ աշխարհին ստիպել լիովին խզել Իրանի հետ առևտրային հարաբերությունները, Հակոբյանն արձագանքեց, որ այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու մակարդակ՝ իդեալական և գործնական, այսինքն՝ իդեալիստական և իրատեսական։

«Իդեալական մակարդակում Թրամփը բարձրագոչ խոսքեր է ասում՝ դրանք այս ու այն կողմ նետելով, բայց գործնական մակարդակում բոլորս գիտենք, որ արևմտյան հասարակությունները լրջորեն կախված են նավթից։ Եթե այդ հանգամանքը չլիներ, նրանք պարզապես կխեղդեին իրանական արտահանումը։ Եթե այս կախվածությունը չլիներ, վաղուց կփակեին իրանական արտահանման բոլոր ուղիները՝ կտրելով դրանց թթվածինը։ Բայց ներկա պայմաններում, փորձելով փակել իրանական հոսքերը, նրանք հարվածում են սեփական տնտեսությանը, ինչպես ասում են՝ կրակում են իրենց ոտքին։ Ուստի, պատահական չէ, որ բարձրագոչ հայտարարություններով անհրաժեշտ ազդեցությունը ստեղծելով՝ Թրամփը, այնուամենայնիվ, որոշ դեպքերում թույլ է տալիս իրանական նավթատարներին անցնել Հորմուզի նեղուցով և դուրս գալ համաշխարհային շուկա։ Այդպես նա փորձում է թարմ օդի մի կում հաղորդել արևմտյան տնտեսության թոքերին»,- ընդգծեց Հակոբյանը։

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ այն նավթատարները, որոնք տեղափոխում են Թրամփին անհրաժեշտ նավթը, շարժվում են անհրաժեշտ ուղղությամբ և հասնում հասցեատերերին։

«Թրամփը ընտրողաբար թույլ է տալիս նավերին անցնել, բայց բոլորովին չի ցանկանում թուլացնել այդ արտաքին կապը, քանի որ այն իրեն անհրաժեշտ է։ Տարեսկզբից ի վեր Թրամփի դիրքերը նկատելիորեն ամրապնդվել են․ նա, ըստ էության, փայլուն հաղթանակ է գրանցել Վենեսուելայում՝ վերահսկողություն հաստատելով նրա նավթային հարստությունների նկատմամբ, և Իրանի դերը որոշակիորեն թուլացել է, թեև բոլորովին չի վերացել։

Եթե այժմ Վենեսուելայում իշխանության լիներ Մադուրոյի ռեժիմը, որը նավթ չէր մատակարարի Արևմուտքին, իրավիճակը շատ ավելի անկայուն կլիներ։ Այժմ, սակայն, Թրամփի համար բարենպաստ հանգամանք է ստեղծվել։ Մյուս կողմից, կա նաև Ռուսաստանի Դաշնության իրավիճակը, որը Ուկրաինայում կենաց-մահու պատերազմ վարելով՝ խճճվել է սեփական շահերի մեջ՝ փորձելով նավթը վաճառել հնարավորինս բարձր գներով։ Եվ Իրանի շրջափակումը նպաստում է ամբողջ աշխարհում նավթի բարձր գների պահպանմանը։

Ուժերի այս փխրուն և յուրահատուկ հավասարակշռությունն է իրատեսությունը, իսկ դրա հակադրությունը՝ միամիտ իդեալիզմը։ Իսկ Թրամփը հայտարարում է՝ «Ես հարյուր տոկոսով ոչ ոքի ոչինչ թույլ չեմ տա»,- նշել է REGIONSTV-ի զրուցակիցը։

Մհեր Հակոբյանը կարծիք հայտնեց նաև, որ Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհի հետ հարաբերվում է ուժի դիրքերից։

«ԱՄՆ-ն միանշանակ տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանին, իսկ վերջնագիր է ներկայացրել ամբողջ աշխարհին։ Որոշ խաղացողներ, օրինակ՝ Չինաստանը, Ռուսաստանը կամ Եվրոպական Միությունը, որոշ չափով զսպում են իրենց, սակայն ԱՄՆ-ը խոսում է կոպիտ ուժի դիրքերից և շատ կոշտ կերպով պաշտպանում է իր տնտեսական շահերը։

Ինքը՝ Թրամփը, աջ պահպանողական է, իսկ աջ պահպանողականներն ավանդաբար խոշոր ֆինանսական կապիտալի ներկայացուցիչներ են։ Խորհրդային Միության տարիներին Թրամփին կկոչեին գիշատիչ կապիտալիստ, որը նյութական շահերի համար պատերազմներ է վարում։ Բայց քանի որ այժմ բոլորը կապիտալիստներ են, ոչ ոք Թրամփին գիշատիչ չի անվանում։

Եթե սթափ նայենք, Թրամփը պարզապես շատ դաժան, շատ ցինիկ և շատ անկեղծ է, որովհետև ուժեղ է․ նա պայքարում է ռեսուրսների, ԱՄՆ-ի տնտեսական շահերի ապահովման համար։ Խորհրդային Միությունում նրան կկոչեին ագահ կապիտալիստ, որը իմպերիալիստական պատերազմ է վարում՝ ռեսուրսներ նվաճելու համար։ Պարզապես հիմա այդ բառերը նորաձև չեն, սակայն դրանք շարունակում են արդիական լինել»,- շարունակեց Հակոբյանը։

Նշենք, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, թե ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհին և հենց Իրանին մղում է պաշտպանվելու նպատակով ատոմային ռումբ ստեղծել։ Ըստ նրա՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի անդամակցությունը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալը երկիրը չեն պաշտպանում հարձակումներից։ Ռեզային հավելել է, որ իր քաղաքականությամբ Վաշինգտոնը աշխարհում միջուկային անվտանգության փոխարեն միջուկային անկայունություն է ստեղծել։ Իրանցի գեներալը հարց է բարձրացրել․ «Ինչո՞ւ մենք էլ ռումբ չստեղծենք, որպեսզի ոչ ոք մեզ վրա չհարձակվի»։

«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, Հորմուզի նեղուցով նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի։ Իրանը ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցությունը կամ աջակցությունը դիտարկելու է որպես ռազմական գործողություն իրանական ժողովրդի դեմ»,-ասել է Ռեզային։

«Իսրայելն ու ԱՄՆ-ը, փորձելով կանխել իրանական ռումբի ստեղծումը, իրենց գործողություններով հաճախ հենց իրենք են մոտեցնում այդ ելքը։ Սակայն չեմ կարծում, որ Իրանը մոտ ապագայում միջուկային զենք կունենա։ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, անկասկած, կփոխի անվտանգության քաղաքականությունն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Բայց կրկնում եմ՝ Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կանեն ամեն ինչ, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ