Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում, ճնշման դեպքեր ՔՊ-ի թեկնածուների կողմից․Անկախ դիտորդ | Region

Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում, ճնշման դեպքեր ՔՊ-ի թեկնածուների կողմից․Անկախ դիտորդ

Հոկտեմբեր 21,2026 15:12

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն ամփոփել է հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում (357 բնակավայր) կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանի երկարաժամկետ դիտարկման արդյունքները (սեպտեմբերի 15 – հոկտեմբերի 21)։

Դիտարկման ընթացքում իրականացվել են՝

• Զրույցներ 14 կուսակցությունների 31 ներկայացուցիչների և 13 կուսակցությունների/դաշինքների 67 թեկնածուների հետ,
• 104 ընտրական հավաքի/հանդիպման դիտարկում և զրույց 147 մասնակցի հետ։

Դիտարկման արդյունքում գրանցված հիմնական արձանագրումները՝

70 խախտում, որոնց մեծ մասը վերաբերում է քարոզչական պաստառները չնախատեսված վայրերում, այդ թվում՝ առևտրի և սննդի օբյեկտներին փակցնելուն (ինչն արգելված է օրենքով)։
Ճնշման դեպքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։
Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում․ 23 համայնքների պաշտոնական կայքերի դիտարկումը բացահայտել է նախընտրական շրջանում խնդրահարույց որոշումների կտրուկ աճ, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել կամ հավելյալ ուսումնասիրություն է իրականացվում:

Համայնքներում դիտորդների գնահատմամբ առևտրի և սննդի օբյեկտների վրա պաստառները փակցվում են տեղական իշխանություններին լոյալություն հայտնելու տրամաբանությամբ։
Համայնքապետարանների ենթակայության տակ գործող հաստատությունների անձնակազմերի հանդեպ վարչական ռեսուրսի չարաշահումը, փաստացի, հանդիսանում է տեղական մակարդակում կառավարող ուժի քարոզարշավի առանցքը։

Այս խախտումների քանակը և համայնքից համայնք կրկնվող ձևը վկայում են պատշաճ և անկողմնակալ վերահսկողության բացակայության մասին։

Նորություններ