Նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ովքեր են պայքարում և ինչ քրեական գործերով են անցնում թեկնածուները
Նոյեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզերի 12 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Հատկանշական է, որ մի շարք համայնքներում ընտրություններն անցնելու են առանց մրցակցության՝ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա մասնակցությամբ դաշինքի առաջադրմամբ։
Արագածոտնի մարզ Մարզի 4 համայնքներում են սպասվում ընտրություններ։
Աշտարակում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ։ Նա համայնքը ղեկավարում է 2016 թվականից (սկզբում որպես անկուսակցական, իսկ 2021-ից՝ ՔՊ անդամ)։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Շահվերդյանն ու նրա հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն, այդ թվում՝ շուկա, սուպերմարկետ, հացի գործարան և Քասախի կիրճում գտնվող «Արևիկ» հանգստյան տունը։
Ապարանում նույնպես մրցակցություն չկա․ մասնակցում է միայն «Համերաշխություն» դաշինքը (ՔՊ և «Գործարար» կուսակցություններ), որի ցուցակը գլխավորում է 2017 թվականից համայնքը ղեկավարող անկուսակցական Կարեն Եղիազարյանը։ Նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով (Դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 278,4 մլն դրամի գույք և դրամական միջոցներ), ինչպես նաև 2025 թվականից դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով՝ պետական կամ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումն ու շինարարությունը չկանխարգելելու մեղադրանքով։
Եզդիաբնակ Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները մեծամասնական են։ Արևուտում գործող ղեկավար Էդիկ Օսեյանը չի առաջադրվել, և պայքարում են չաշխատող Սերյոժա Չարչոյանն ու Թլիկ գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Սալոյանը։ Մեծաձորում գործող համայնքապետ Մրազ Միրոյանի մրցակիցը չաշխատող Ջամալ Սալմոյանն է։
Շիրակի մարզ
Աշոցքում առաջադրվել է միայն ՔՊ-ն՝ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, որը համայնքը ղեկավարում է 2018 թվականի նոյեմբերից (սկզբում որպես ԺՊ, ապա՝ ընտրված համայնքապետ)։
Ամասիայում պայքարում են երկու ուժ՝ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ Սամվել Ղարիբյանի գլխավորությամբ (որի ներկայացուցիչները ԿԸՀ կայքում հայտարարագրեր չեն ներկայացրել), և «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է 2016 թվականից համայնքը ղեկավարող 76-ամյա Ջեմմա Հարությունյանը, որը նախկինում առաջադրվել էր ՀՀԿ-ի, իսկ 2021-ին՝ «Ամասիա-Արփի» դաշինքի ցուցակներով։
Արմավիրի մարզ
Մեծամորում պայքարում են ՔՊ-ն և ՀՅԴ-ն։ Թեև ՔՊ-ական գործող համայնքապետ Էդգար Հովհաննիսյանն ընդգրկված է ցուցակում, այն գլխավորում է նրա տեղակալ Սարգիս Արշակյանը։ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար և մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանը, որի նկատմամբ 2022 թվականին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Բաղրամյանում մրցում են ՔՊ-ն՝ 2021 թվականից համայնքը ղեկավարող Շանթ Առաքելյանի գլխավորությամբ, և «Գործարար» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Առաքելյանի առաջին տեղակալը։
Գեղարքունիքի մարզ
Սևան համայնքում պայքարում է երեք ուժ։ 2016 թվականից համայնքը ղեկավարող Սարգիս Մուրադյանը (որին 2021-ին սատարում էր ՔՊ-ն) առաջադրվել է «Վստահություն» դաշինքով (ՀԱՍԿ և ՌԱԿ)։ ՔՊ-ի թեկնածուն Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանն է, որն աշխատանքից ազատվել է նոյեմբերի 2-ին։ Երրորդ ուժը «Միասնական համայնք» կուսակցությունն է՝ «Բոբքեթ» ՍՊԸ-ի տնօրեն, Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանի գլխավորությամբ։ Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով՝ համայնքային հողամասերն ու շինություններն ապօրինի օտարելու գործով։
Լոռու մարզ
Սպիտակում առաջադրվել է երեք կուսակցություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ գործազուրկ, բայց մի շարք անշարժ գույքեր ու խոշոր դրամական միջոցներ հայտարարագրած 32-ամյա Արման Ավետիսյանի գլխավորությամբ, «Բարոյական արժեքներ»-ը՝ Լեռնավանի նախկին ղեկավար և ավագանու անդամ Համլետ Մազմանյանի գլխավորությամբ, և ՔՊ-ն՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ։
Նիկողոսյանի անունը կապվում է նախընտրական սկանդալների հետ․ նա աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված իր տեղակալին ու երեք վարչական ղեկավարների։ Թիվ 22 ԸԸՀ-ն դիմել էր Վարչական դատարան՝ վարչական ռեսուրսի չարաշահման հիմքով Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, սակայն դատարանը մերժել է հայցը՝ հիմնավորելով, որ ազատումները տեղի են ունեցել մինչև քարոզարշավի մեկնարկը։ Բացի այդ, ՔՊ ցուցակում ընդգրկված են մանկապարտեզների տնօրեններ, որոնց՝ առանց պարտադիր հավաստագրերի նշանակման փաստերով Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել և նյութերն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։
Տավուշի մարզ
Նոյեմբերյանում մրցում են երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» («Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի մասնաճյուղի պետ Մխիթար Խաչիկյանի գլխավորությամբ), «Լուսավոր Հայաստանը» («Անփորձանք» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ) և գործող ընդդիմադիր համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։
2021-ից համայնքը ղեկավարող Աղաբաբյանի վերաբերյալ գործը, ինչպես դատախազությունն է հայտարարել, 2026-ի հուլիսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ Կողբ համայնքը ղեկավարելու տարիներին պետական միջոցներով կառուցված պոմպակայանը 200 հազար դրամով մասնավորին օրինականացնելու մեղադրանքով (որը պետությունը հետագայում հետ է գնել շուրջ 70 մլն դրամով)։ Օգոստոսին նա նաև կարճ ժամանակով ձերբակալվել է համայնքային տարածքը շուկայականից ցածր գնով վարձակալության տալու մեղադրանքով։
Սյունիքի մարզ
Կապանում պայքարում են երեք ուժ՝ «Ապրելու երկիր»-ը (Տիգրան Աղասյան), ՔՊ-ն (Սյունիքի նախկին փոխմարզպետ, ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայան) և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, որը պայքարում է երրորդ անգամ ընտրվելու համար։
Փարսյանի ընտանիքին է պատկանում «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն, որի մասնակցությամբ համայնքային գնումների ենթադրյալ չարաշահումների փաստով 2024-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Միաժամանակ, նրա պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանը սերտ համագործակցել է ԶՊՄԿ-ի հետ, որը խոշոր ֆինանսական ներդրումներ է կատարել համայնքային ծրագրերում, այդ թվում՝ 301 մլն դրամ հատկացրել համայնքապետարանի շենքի հիմնանորոգմանն ու գույքի ձեռքբերմանը։
Տիրուն Մարգարյան
