Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը. ինչ է հայտնի և ինչ վարկածներ կան | Region

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը. ինչ է հայտնի և ինչ վարկածներ կան

Մայիս 21,2024 11:17

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Խուդաֆերին» հիդրոհանգույցի բացմանը պետք է ներկա լիներ ԱԳ նախարար Աբդոլլահիանը, այլ ոչ թե նախագահ Ռաիսին

«Եթե ապացուցվի, որ դա ահшբեկչություն է, որին մասնակից է Իսրայելը, ապա տարածաշրջանում շատ լարված վիճակ կստեղծվի». իրանցի լրագրող

 

Իրանի 8-րդ նախագահ Իբրահիմ Ռաիսին իր համախոհների հետ միասին մայիսի 19-ին (ըստ իրանական օրացույցի՝ 1403թ. մայիսի 30-ին) զոհվեց ուղղաթիռի վթարի հետևանքով: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանից վերադառնում էր իրանական պատվիրակության աշխատանքային այցից հետո: Վթարի ենթարկված ուղղաթիռում եղել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին, իմամ Այաթոլլա Մոհամմադ Հաշեմը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության աշխատակիցը: Նախնական տեղեկություններով՝ տրանսպորտային միջոցը վթարային վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա՝ Ուզի գյուղի մոտակայքում: Ուղղաթիռը 73 փրկարարական ջոկատներ փնտրել են ավելի քան 10 ժամ, որոնողական գործողությունը բարդացրել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Անձրևի և մառախուղի պատճառով տեղանքում տեսանելիությունը կազմել է 5-6 մետր: Որոնողական աշխատանքներին միացել են գիշերային տեսանելիության սարքերով հագեցած անօդաչու թռչող սարքեր: Շատ երկրներ առաջարկել են իրենց օգնությունը, այդ թվում՝ տարածաշրջանային՝ Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան։  Աշխարհի շատ երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, ցավակցություն են հայտնել Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ:

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։ Իբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին: Հնդկաստանը, Պակիստանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ:

Ամբողջ աշխարհն ուշադիր հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակին և տարբեր տելեգրամյան ալիքներից և լրատվամիջոցներից բազմաթիվ հակասական տեղեկություններ են ստացվում:

Իրանցի լրագրող Հայալ Մուազզինը հայտնել է, թե ինչպես է Իրանում լուսաբանվում իրավիճակը: Նա նշել է. «Ներկայումս Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական ԶԼՄ-ներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվում։  Իրանական լրատվամիջոցներն ու ժողովուրդը սգում են։ Մարդկանց մեծամասնության կարծիքով, դա պարզապես ավիավթար չէ, և որ դրանում ներգրավված է երրորդ թշնամական երկիրը: Եվ մեծամասնությունը հավատում է, որ դա սիոնիստական ռեժիմի ձեռքի գործն է: Ժողովրդի կարծիքն է՝ Իսրայելն է պայթեցրել ուղղաթիռը։ Եվ եթե ապացուցվի, որ ահաբեկչությանը մասնակից է Իսրայելը, ապա տարածաշրջանում շատ լարված վիճակ կստեղծվի։ Դա ժողովրդի կարծիքն է»:  Մուազզինի կարծիքով՝ Իրանի ժողովուրդը ռազմական ոգի ունեցող ժողովուրդ է։ «Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը կորցնում է նշանավոր անձանց։ Բայց հնարավոր չի լինի կոտրել իրանցի ժողովրդին։  Ուժեղ, միասնական ոգին, որը միշտ առաջ է շարժվում միասնության մեջ, ուժ է տալիս»,-ընդգծել է իրանցի լրագրողը:

Իրանցի մեկ այլ լրագրող՝ Աբաս Ջուման, հետաքրքիր մանրամասներ է պատմել «60 րոպե» հաղորդման ժամանակ: Ըստ նրա՝ միջադեպի հետաքննությունն ընթանում է ամբողջ թափով: «Երկու տարբերակ կա. ես հասկանում եմ, որ վարկածներից գլխավորը  կատակլիզմն է՝ բնությունը, մառախուղը, անձրևը, և որ նրանք կորցրել են կառավարումը: Կա նաև մահափորձի վարկած։ Հասարակության մեջ այս վարկածն առաջին հերթին են դիտարկում։ Բայց ես ուզում եմ ասել, որ իրանցիները քաղաքական առումով շատ հասուն ազգ են, և ոչ ոք չի շտապում անզգույշ հայտարարություններ անել: Իսրայելին ու Ադրբեջանին հաճախ են մեղադրում, բայց այդ մասին բարձրաձայն ոչ ոք չի խոսում, հատկապես պաշտոնական մակարդակով», – եզրափակել է Աբաս Ջուման։

Ի դեպ, գաղտնիք չէ, որ Ադրբեջանում ատելություն է քարոզվում Իսլամական Հանրապետության և նրա կրոնական առաջնորդների նկատմամբ: Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում են շիա իսլամի հոգևոր առաջնորդներին և հավատացյալներին: Այն փաստը, որ շատ շիա ակտիվիստներ գտնվում են Բաքվի բանտում, հաճախ լարվածության առիթ դառնում երկու հարեւան երկրների հարաբերություններում: Թեհրանի և Բաքվի միջև ևս մեկ կարևոր հակամարտությունը, անկասկած, Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն է։  Իրանը մշտապես դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին և անձամբ Իլհամ Ալիևին սիոնիստական Իսրայելի հետ բարեկամության համար: Ի դեպ, Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ աջակցություն ցուցաբերել որոնողափրկարարական գործողություններին:  Ալիևի կարգադրությամբ գործողությանը ցանկացած պահի պատրաստ են միանալ 40 պրոֆեսիոնալ փրկարար և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցած երկու ուղղաթիռ: Այս մասին տեղեկացվել են Իրանի համապատասխան կառույցները, սակայն նրանք մերժել են օգնության առաջարկը՝ հասկանալի պատճառներով։ Չէ որ դա կնշանակեր թույլ տալ իսրայելական հատուկ ծառայություններին մուտք գործել իրանական տարածք։

Դեռևս Իրանի նախագահի մահվան մասին պաշտոնական հաղորդագրությունից առաջ Արևմուտքում արդեն սկսել էին շահարկել ուղղաթիռի կործանման մասին լուրերը և նույնիսկ տեսություններ կառուցել, թե ում կարող էր ձեռնտու լինել Իբրահիմ Ռայիսիի մահը: «Ու՞մ է դա ձեռնտու» հարցին ի պատասխան իրանական ԶԼՄ-ներում անմիջապես սկսեցին նշել, որ հնարավոր է՝ տեղի ունեցածի կազմակերպմանը մասնակից լինեն ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ Իբրահիմ Ռայիսիի մահը կազմակերպվել է որպես ապրիլին Իսրայելի տարածքի վրա իրանական հրթիռների հարվածների հատուցում կամ որպես պատասխան Իրանի արտաքին քաղաքականությանը: «Իրանի կողմից Իսրայելին, տարածաշրջանային կայունությանն ու ամերիկյան շահերին ուղղված սպառնալիքն ակնհայտ է», – ընդամենը մի քանի օր առաջ կրկնում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Բացի այդ, ըստ The New York Times-ի, ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցություններից ընդամենը մի քանի օր անց, երբ երկու կողմերն առաջին շփումներն ունեցան Իսրայելին հարվածելուց հետո և պետք է նվազեցնեին լարվածությունը տարածաշրջանում:  Սակայն ԱՄՆ-ն հերքել է այդ վարկածը։  ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի խոսքով՝ ուղղաթիռի կործանման մեջ, որում գտնվել է Իրանի նախագահը, «հանցագործության ոչ մի նշան չի եղել»: Շումերը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում, որտեղ տեղի է ունեցել վթարը, վատ եղանակ եւ մառախուղ է եղել:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո այդ երկրի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելը որևէ առնչություն չունի ուղղաթիռի կործանման հետ: Սակայն Իսրայելի վրա Իրանի վերջին հարձակումից հետո երկրի իշխանությունները խոստացել էին վրեժ լուծել Իրանից: Բացի այդ, Իրանի նախագահը ծրագրել էր Հայաստան այցելել մայիսի 19-ին, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էր: Ճակատագրական որոշումը կայացվել է Ալիևի պնդումից հետո, ով ցանկացել է, որ Իրանի առաջնորդը մասնակցի Արաքսի ամբարտակի բացմանը։ Որոշ տեղեկությունների համաձայն, «Խուդաֆերին» հիդրոհանգույցի բացմանը պետք է ներկա լիներ ԱԳ նախարար Աբդոլլահիանը, այլ ոչ թե նախագահ Ռաիսին: Այդ պատճառով չի բացառվում Ադրբեջանում Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության գործակալների մասնակցությունը ավիավթարին։ Հայտնի է, որ Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ գտնվում են իսրայելական հետախուզության մի քանի բազաներ: Սա ամրապնդում է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը Ադրբեջանի նախագահի մասնակցության կասկածները։

       Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ