Միքայել Մինասյանի համակարգչի ֆայլերը՝ իրավապահների ձեռքում | Region

Միքայել Մինասյանի համակարգչի ֆայլերը՝ իրավապահների ձեռքում

Սեպտեմբեր 30,2024 19:37

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործընթացներում շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել, երբ իրավապահների ձեռքում է հայտնվել Մինասյանին պատկանող մի համակարգիչ։

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, հարկեր չվճարելու, փողերի լվացման համար։ Դատախազության կողմից նոր քրեական հետապնդման հարուցումը խախտում էր շուրջ երեք տարի Մինասյանի ու իրավապահների միջև ենթադրյալ լուռ համաձայնությունը։ Մինասյանը, որ մինչև 2021-ի հունիս ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակից էր, արտահերթ ընտրություններից հետո հրապարակային հայտարարություններով հանդես չէր գալիս, նրա հետ կապվող «Քառյակ մեդիան» էլ դադարեցրեց գործունությունը 2022-ի սկզբին։ Փոխարենը նրա հետ կապված քրեական գործընթացների էական առաջընթաց չկար, իսկ 2022-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։

Միքայել Մինասյանի համակարգչի բարդ զննության, դրանում պահվող ֆայլերի վերականգնման արդյունքում է, որ քննիչներին հասանելի է դարձել համակարգչի ողջ պարունակությունը։ Մեր տեղեկություններով՝ այդ համակարգիչը Մինասյանին և/կամ նրա գործերին է ծառայել 2009-2014 թվականներին (այս ժամանակահատվածում Մինասյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ էր, ապա Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը)։ Վերականգնված ֆայլերում տեղեկություններ կան բանկային փոխանցումների, էլեկտրոնային նամակագրությունների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ցանկերի վերաբերյալ, որոնց ֆինանսավորել է Մինասյանը։

Հայաստանում ու արտերկրում ընկերությունների նրա հիմնադրած բիզնեսների, տարբեր ընկերությունների առքուվաճառքի պայմանագրերի, հարկային փաստաթղթերի մասին բազմաթիվ տեղեկություններ ևս հայտնվել են քննիչների մոտ։ Թեպետ Քննչական կոմիտեն Մինասյանին առնչվող գործում որպես նրա կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ մատնանշել է «Շանթ», «Արմենիա»,«Արմնյուզ», ATV հեռուստաընկերությունները, News.am, Tert.am կայքերը՝ մեր տեղեկություններով՝ Մինասյանի ֆինանսավորած լրատվամիջոցների և դրանց ղեկավարների ցանկն ավելի մեծ է։ Առհասարակ, Մինասյանի ֆինանսավորած անձանց շրջանակը չի սահմանափակվում բացառապես նախկին պաշտոնյաներով․ տվյալներ կան նաև գործող պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչների և իշխանամերձ քաղաքական գործիչների ու մեդիաների մասին։

Քրեական վարույթի դատախազը նշել էր՝ Մինասյանը վստահելի մարդկանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության՝ «Ջազզկոֆ», «Պրեսս ստենդ», «Արմենիա Թիվի», «Ջի առ ի փի սի օ», «Սպայկա», «Տելեմեդիակոնտրոլ», «Ձորագետ հիդրո», «Թաթսթոուն», «Կապռեկո», «Իդրամ», «Ադմոսֆեր Արմենիա», Metstream DMCC Limited, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Յուքոմ», «Երևան մոլ» ընկերություններում։ Համակարգչում հայտնաբերված որոշ փաստաթղթեր, նամակագրություններ ցույց են տալիս, որ Մինասյանը բազմաթիվ դեպքերում մասնակցել է այս և այլ ընկերությունների կառավարմանը, ռազմավարական որոշումների կայացմանը և այլն։

Հայտնի է, որ Մինասյանի նկատմամբ հարուցված նոր քրեական հետապնդման շրջանակում կալանավորվել են «Երևան մոլ» առևտրաժամանցային համալիրի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, Միքայել Մինասյանի մտերիմներից նրա որոշ բիզեսների կառավարիչ Տիգրան Եղոյանը, ինչպես նաև «Ռադիոկոնտրոլ» ընկերության տնօրեն Մհեր Վարդանյանը (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կնոջ քրոջ ամուսինը)։

Այս գործով կալանավորվել, ապա խափանման միջոցի փոփոխությամբ ազատ է արձակվել «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Արթուր Ալավերդյանը։ «Ռոսնեֆտ Արմենիան» ռուսական «Ռոսնեֆտի» դուստրն է, բենզինի շուկայում ըստ էության նրա միջոցով միջնորդավորված իրականացվում էր բենզինի ձեռքբերումը, վառելիքի շուկայի խաղացողները հենց այս ընկերությունից էին ձեռք բերում բենզինը։ «Ռոսնեֆտ Արմենա»-ի բաժնետերը Լյուքսեմբուրգում գրանցված Rosneft Techno S.A ընկերությունն էր, որի սեփականատերերի ցանկում էին Արթուր Ալավերդյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Վերջինս Մինասյանի մտերիմներից է, նրա բիզնեսների կառավարիչներից, նախկին դեսպանին առնչվող գործերով էլ մեղադրյալ է ու հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից։

Միքայել Մինասյանին առնչվող գործով հետախուզում է հայտարարվել նաև նրա մտերիմներից Արմեն Պետրոսյանի նկատմամբ։ Պետրոսյանը մի շարք ընկերություններում ձևակերպված է որպես բաժնետեր և տնօրեն, օրինակ՝ Opera Suite հյուրանոցում, «Ջազզվե» սրճարանների ցանցում։

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը՝ Կարեն Հակոբյանին։ Վերջինս «Մաքուր երկաթի գործարան» ընկերության տնօրենն է, իսկ այս ընկերությունը նախկինում բաժնեմաս ուներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հակոբյանը և ԶՊՄԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը, մեր տեղեկություններով, մեղադրյալ են մի գործով, որի ակունքները ևս Մինասյանի հետ կապված քրեական վարույթում են։ Այլ կերպ ասած, դեպի «Մաքուր երկաթի գործարան» սլաքներն ուղղվել են Մինասյանին առնչվող քրեական վարույթի քննության արդյունքում։ Հակոբյանին ու Ամբարյանին առնչվող քրեական վարույթը վերաբերում է հարկեր չվճարելուն. Հակոբյանը կալանավորվել է երկու, Ամբարյանը՝ մեկ ամսով։

Հյուրանոց Ֆլորենցիայիում

Հայաստանի իրավապահները դժվար թե կարողանային հայտնաբերել Միքայել Մինասյանի հետ ենթադրյալ կապված Palazzo Castri 1874 հյուրանոցը Ֆլորենցիայում, եթե նրանց տրամադրության տակ չլիներ համակարգչից հայտնաբերված որոշ փաստաթղթեր, բանկային ու դրամական միջոցների շարժերն ու դրանց հետքերը։

Palazzo Castri 1874-ը գտնվում է Ֆլորենցիայի սրտում։ Չորսաստղանի հյուրանոցն ունի 1 000 քմ մակերեսով այգի, 60 սենյակ։

 

Բաց աղբյուրներում կարելի է տեսնել, որ հյուրանոցը վերակառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից ու բացվել 2015-ին։ Իտալական այս ընկերությունն ու Մինասյանը խաչվում են նաև Երևանի կենտրոնում գործող Double Tree by Hilton հյուրանոցի բաժնետիրական շղթայում։ Որպես հյուրանոցի սեփականատեր է ձևակերպված եղել կալանքի տակ գտնվող Տիգրան Եղոյանը, իսկ հյուրանոցի մյուս բաժնետերն է իտալական Renco Valore S.P.A բաժնետիրական ընկերությունը։

Աղբյուր

Նորություններ