Նախարար․ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի նկատմամբ առաջադրվող մեղադրանքը չափազանց լուրջ է
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի նկատմամբ առաջդրված մեղադրանքը չափազանց լուրջ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հոկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածվեց, որ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Մեղադրանքը վերաբերում է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելուն։
ԱԱԾ աշխատակիցները մտել էին դպրոց և բերման ենթարկել ուսուցչին, ինչին ականատես էին եղել աշակերտները։
Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում Ժաննա անդրեասյանն ասաց․« Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որ հասկանանք ամբողջական պատկեր: Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել եմ, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվությունը տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»։
Նախարարի խոսքով․«Բոլորս հասկանում եք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործեն, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրվում է չափազանց լուրջ է։ Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են մնում են չլսված: Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձհատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքի տեսանկյունից այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն»։
Հիշեցնենք, որ ուսուցիչը կալանավորված է: