«Բալասանյան» դաշինքը լռում է, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն էլ հորդորում է չնույնացնել իրավական ու քաղաքական գործընթացները | Region

«Բալասանյան» դաշինքը լռում է, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն էլ հորդորում է չնույնացնել իրավական ու քաղաքական գործընթացները

Հոկտեմբեր 23,2024 18:52

Քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի եւ ավագանու «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու մասին։

Գյումրու ավագանիում մեծամասնություն կազմող, և ըստ էության, քաղաքը կառավարող ուժը, որը կապված է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, չի արձագանքում այս լուրերին, իր ընտրողներին էլ որևէ պարզաբանում չի տալիս։

RegionsTV-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հրաժարվեց մեկնաբանել հրաժարականների մասին լուրերը։

Նկատենք, որ մինչ մանդատներից հրաժարվելու լուրերը, ձերբակալվել ապա գրավով  ազատվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։ Սամվել Բալասանյանի (ԱՄՆ-ում է գտնվում)եւ նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված  Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առթիվ։ Խաչատուր Բալասանյանի ձերբակալման օրը Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները հոկտեմբերի 11-ի նիստին չէին ներկայացել, ուստի նիստը չէր կայացել։

Նշենք, որ մամուլը գրել էր, որ Բալասանյանների նկատմամբ այս քրեական հետապնդումն է դրդել «Բալասանյան» դաշինքնին հրաժարվել մանդատներից։  Ըստ մամուլի՝ Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են, Գյումրին կզիջեն ՔՊ-ին։ Այս առնչությամբ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը RegionsTV-ի հետ զրույցում ասաց․«Բացարձակ իրար կապ չունեն, քրեական գործերը բացառապես իրավական գործընթացների շրջանակում են տեղի ունենում, հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է, քննություն է ընթանում, կա դատարանի որոշում` նախնական, բնականաբար, իրավապահները կպարզեն եղելությունը։ Հարցը քաղաքականացնելը կարծում եմ շատ սխալ է, ես որևէ կերպ երկու գործընթացները իրար հետ չեմ կապում, եթե նույնիսկ  «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնի, դա կլինի քաղաքական գործընթաց։ Իսկ ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա դա իրավական գործընթաց է ու դրանք նույնացնելը տեղին չէ»:

Գյումրու ավագանու իշխող ուժի հնարավոր հրաժարականների մասին էլ ՔՊ ներկայացուցիչն ասաց․«Երբ «Բալասանյան» դաշինքը պաշտոնական հայտարարություն կանի, դիրքորոշում կհայտնի, նոր կկարողանանք որևէ մեկնաբանություն տալ»:

RegionsTV-ի հետ զրույցում Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու մասին շրջանառվող լուրերին այսպես արձագանքեց․«Երբ վայր կդնեն՝ եթե պետք է դնեն, ըստ այդմ էլ կտանք համապատասխան գնահատական, դիրքորոշում կամ կարծիք կարտահայտենք»։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում  վստահեցրեց՝  ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամներից մանդատները վայր դնելու մասին դիմում դեռ չեն ստացել, դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված երեք  անձ է  դիմում ներկայացրել, սակայն նրանք ավագանու մանդատ չունեն․«Նրանք ընտրական ցուցակից են դուրս գալիս: Նրանց դիմումների քննարկումը նշանակվել է ուրբաթ օրը ժամը 18:00-ին։ Այս պահին 3 հատ դիմում ունենք ցուցակից  դուրս գալու մասին։ Կարող է մեկ ժամ հետո ուրիշ բան լինի, էս պահին դա ունենք»։

Ելենա Ավետիսյան

Նորություններ