Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը | Region

Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Հոկտեմբեր 24,2024 11:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է։ Նա այսօր Կազանում կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ, ինչպես երեկ հայտարարել էր խորհրդարանում, ներկայացնելու է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Կառավարությունից հայտնում են, որ Կազանում այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Ըստ պաշտոնական  հաղորդագրության՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:

Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:

Նշենք, որ  գագաթնաժողովին մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, հայտնի է չէ՝ արդյոք Փաշինյան-Ալիև կամ Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։

Գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին, այսօր վերջին օրն է։

Հայաստանը BRICS-ում որևէ կարգավիճակ չունի։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր Փաշինյանին հրավիրել մասնակցելու գագաթնաժողովին։

Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ Փաշինյանն ասել է՝ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է որդեգրել և մասնակցում է շատ տարբեր հանդիպումների, այդ թվում և BRICS-ի գագաթնաժողովին, դա օգնում է «ավելի ճշգրիտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»:

 

Նորություններ