Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների մանդատներից հրաժարումը ՀՀ-ում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամների, այդ թվում՝ քաղաքապետի և տեղակալի՝ մանդատները վայր դնելու առնչությամբ։
«Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում։
Սեփական իշխանությանը մոտալուտ ավարտը գիտակցող կուսակցությունը և իր ղեկավարը վերջին ճիգերն են գործադրում համապետական ընտրություններից առաջ վարչական ռեսուրսների ավելացման ուղղությամբ։ Սակայն, ակնհայտ է, որ նման գործելաոճը միայն ամրապնդում է հասարակության հիասթափությունը «ժողովրդավարություն» և այլ արժեքներ քարոզող և այդ ամենը արագ ոտնահարող ուժի նկատմամբ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար՝ թույլ չտալով զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, «Ապրելու երկիրը» Գյումրու ավագանիում 2 մանդատ ունի։ Ավագանու 38 անդամներից 16-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 14-ը՝ «Բալասանյան» դաշինիքից են, 3-ը՝ «Զարթոնք»-ից, 2-ը՝ ՀՀԿ-ից, 1-ն՝ անկուսկացական։
Հիշեցնենք, որ մինչ դաշինքի՝ մանդատներից հրաժարվելու այս որոշումը ձերբակալվել ապա գրավով ազատվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։ Սամվել Բալասանյանի (ԱՄՆ-ում է գտնվում)եւ նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առթիվ։