Միրզոյան․Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ Խաղաղության պայմանագրի 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո այն պատրաստ կլինի ստորագրման
ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այսօր Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց նախարարության աշխատանքի արդյունքները։ Նրա խոսքով՝ ջանքերն ուղղված են ՀՀ շուրջ խաղաղ եւ կայուն միջավայրի ձեւավորմանը․«Սա առաջին հերթին նշանակում է մեր տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը՝ այն դեպքում, երբ դրանք կարգավորման կարիք ունեն եւ զարգացմանը՝ այն դեպքում, երբ դրանք կարգավորված են, լավ են, բայց մենք նայում ենք այդ լավից անդին և ուզում ենք զարգացնենք։ Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ 2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով։ Ապրլին երկու հանձնաժողովները փաստաթուղթ են ստորագրել։ Ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է, Ադրբեջանում էլ իրենց ընթացակարգերն է անցել։ Առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։ Դրանից հետո, հուսամ, այս պահին խանգարող որևէ բան չի երևում, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Որքան արագ ու արդյունավետ, այնքան լավ»։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»՝ Միրզոյանն ասաց՝ հայկական կողմի վերջին առաջարկը եղել է գործընթացն արագացնելու հնարավորինս շուտ և էական արդյունք ունենալու համար ստորագրել համաձայնեցված դրույթները, որոնք համաձայնեցված չեն, դուրս թողնել տեքստից․ «Դատելով հրապարակային արձագանքներից, նաեւ շփումների ընթացքում սա մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա եւս 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաեւ համաձայնության գալ այդ 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։
Նախարարն ասաց, որ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով եւս քայլեր արվել են․ադրբեջանական կողմին առաջարկներ են փոխանցվել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են․«Այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, որոնց տարածքով անցնում են։ Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա»:
Այս սկզբունքները, ինչպես ասաց նախարարը, արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ողջունել եմ բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ․«Նույն ոգով, բայց երկկողմ իմաստով կարևորելով հարաբերությունները Իրանի հետ, մենք նույն խաչմերուկի տրամաբանությամբ զարգացում ունենք և ապագայում էլ կունենանք Իրանի հետ պարզեցնելու տրանսխորտային անցումները երկու երկրների միջև»։
Թուրքիայի հետ, ըստ Միրզոյանի, կա դինամիկ երկխոսություն։ Նա հիշեցրեց՝ երկու երկրների փորձագետները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվողն անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ․«Հիմա այդ աշխտանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ: Մեր երկխոսությունը նախ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություններ և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»։
Նա ասաց, որ Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ․«Մեր գնահատմամբ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ: Մենք Թուրքիայի հետ մեր երկխոսությունն ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվ՝ածություներ, սկզբում մասնակի սահմանը բացելու՝ 3-րդ երկրների քաղաքացիների, ՀՀ և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Ես այստեղ կրկին ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ կունենանք առաջընթաց»:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին, Միրզոյանն ասաց՝ դրանք շատ թափանցիկ են, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված:
ՌԴ-ի հետ կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում։ «Միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերվում է առանձին 1-2 հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը։ Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն: Բայց ինչպես նշեցի, կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»։
Նախարարն ասաց, որ ՀՀ հարաբերությունները եկող տարի կզարգանան Հնդկաստանի, Չինաստանի հետ և մյուս գործընկերների հետ, ասաց, որ օրինակ՝ Ղազախստանի հետ բավականին լավ հարաբերություններ ունենք։